Թվում էր՝ այս հարցի պատասխանը մենք արդեն որոշել էինք եւ անգամ ամրագրել սահմանադրության (գործող) մեջ։ Ըստ 8-րդ հոդվածի. «Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձեւերի ազատ զարգացումը եւ հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը»։ Թե ինչպե՞ս է պետությունը գործնականում երաշխավորում այս ամենը, կամ իրականում երաշխավորո՞ւմ է արդյոք, այլ հարց է։ Գլխավորն այն է, որ ազատ մրցակցությունը համարվում էր տնտեսական զարգացման կարեւորագույն գործոններից մեկը։
Սակայն պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ։ Ինչպես ՀՅԴ նախաձեռնությամբ տեղի ունեցած «Մենաշնորհները ՀՀ-ում. հիմնախնդիրներ եւ լուծումներ» սեմինարի ժամանակ նշեց Արմեն Ռուստամյանը` «Ազատ մրցակցությունն այնքան էլ լավ բան չէ… Կա «բնական մենաշնորհ» հասկացություն, որը սահմանված չէ սահմանադրությամբ»։
Պրն Ռուստամյանի ասածը նորություն չէ։ Տնտեսագիտության մեջ վաղուց է ներմուծվել «բնական մենաշնորհ» հասկացությունը։ Եթե տնտեսական առումով ավելի արդյունավետ է, որպեսզի տվյալ ոլորտում լինի մեկ մատակարար, ապա այդ մենաշնորհը «բնական» է։ Որպես օրինակ` կարելի է նշել հեռահաղորդակցության, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի մատակարարման եւ այլ ոլորտները, որտեղ շուկայում լրացուցիչ մատակարարի հայտնվելը ոչ միայն անիմաստ է, այլեւ կարող է բացասական ազդեցություն ունենալ։
Իսկ ինչո՞ւ այս մասին հիշեցին հենց հիմա։ Բանն այն է, որ սահմանադրության փոփոխությունների մեջ կա նաեւ սրան վերաբերող կետ, իսկ ցանկացած փոփոխություն պետք է ներկայացնել որպես առաջընթաց քայլ։ Իսկ այդ կետը (33.1) ասում է. «Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար»։ Այս կետով, ըստ էության, հող է պատրաստվում համապատասխան օրենքի ընդունման համար, որով փաստացի գոյություն ունեցող մենաշնորհներին իրավական տեսք կտրվի։
Ընդ որում, հոդվածը մանեւրելու մեծ հնարավորություններ է տալիս։ Եթե այդպիսի օրենք ընդունվի, ո՞վ եւ ինչպե՞ս է որոշելու մենաշնորհների «հնարավոր տեսակները» եւ թե դրանք որքանով են անհրաժեշտ լինելու հասարակության շահերի պաշտպանությանը։
Եթե հիշում եք, դեռ մի քանի տարի առաջ ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանը հայտարարում էր, որ բջջային կապի ոլորտում մեկ օպերատորը Հայաստանի համար լրիվ բավարար է եւ լրացուցիչ օպերատորի մուտքն էականորեն չի ազդի գների վրա։ «Վիվա Սելլի» մուտք գործելուց հետո (անգամ մեկ ամիս առաջ), «ԱրմենՏելը» մի քանի անգամ իջեցրեց սակագները, եւ պարզ դարձավ, որ պրն Հարությունյանը սխալվել է (մեղմ ասած)։ Իսկ թե այդ սխալի արդյունքում անցած մի քանի տարիների ընթացքում մեր բնակչությունը որքան տուժեց, դա թողնում եմ հաշվարկներով հետաքրքրվողներին։
Կա եւս մի հետաքրքիր հանգամանք։ Ըստ պրն Ռուստամյանի` «Չկարգավորելով պրոցեսը, մենք կարող ենք լեգալ ստվերային մենաշնորհներ ունենալ»։ Չգիտեմ, ստվերայինն ինչպե՞ս կարող է լեգալ լինել, կամ լեգալը՝ ստվերային։ Փաստն այն է, որ ոլորտը կարգավորված չէր։ Իսկ «ԱրմենՏելն», ինչպես գիտեք, OTE-ին է հանձնվել մենաշնորհային բացառիկ իրավունքով։ Ստացվում է, որ տարիներ շարունակ այս հիմնարկությունը գործել է օրենսդրական դաշտից դուրս։ Լարային ցանցում «ԱրմենՏելը» մենաշնորհային իրավունք ունի մինչեւ 2013 թվականը։ Կասկած չկա, որ լարային ցանցի ոլորտը, որն իրոք բնական մենաշնորհ է, մտնելու է մենաշնորհների «հնարավոր տեսակների» մեջ, եւ «ԱրմենՏելի» կարգավիճակն արդեն սահմանադրությամբ ամրագրված իրավական տեսք է ստանալու։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հոդվածը վերաբերում է «ԱրմենՏելին», սակայն խնդիրն ավելի լայն է, իսկ «ԱրմենՏելի» մասին հիշատակում եմ, որովհետեւ դա «ամենապայծառ» եւ ժողովրդի համար հասկանալի օրինակն է։
Իսկ այդ ամենն իրո՞ք անհրաժեշտ է։ Արդյոք գործող օրենսդրությունը հնարավորություն չի՞ տալիս լիարժեք վերահսկել մենաշնորհային բնույթ ունեցող ոլորտները։
Ըստ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի` ցանկության դեպքում էական հաջողությունների կարելի է հասնել նաեւ գործող սահմանադրությամբ եւ օրենքներով, դրա համար անհրաժեշտ է ունենալ քաղաքական կամք։ Իրոք, գործող սահմանադրության ո՞ր հոդվածն է արգելում լուրջ հետազոտություն կատարել ու պարզել, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ մենաշնորհ վայելող «ԱրմենՏելը» 1 տարվա ընթացքում 3 անգամ նվազեցրեց բջջային կապի րոպեավճարը, եթե արտադրության գործոններն էական գնային փոփոխություն չեն կրել։ Սա նշանակում է մի բան. այս հիմնարկը տարիներ շարունակ օգտագործել է մենաշնորհային դիրքը եւ ստացել գերշահույթներ, ինչն, ի դեպ, պատժվում է գործող օրենսդրությամբ («Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենք)։ Նշված հոդվածի փոփոխության եւ ընդունվելիք օրենքի անհրաժեշտությունը սեմինարի բանախոսները հիմնավորում են նաեւ նրանով, որ աշխարհի ոչ մի երկրում մենաշնորհներն օրենսդրությամբ արգելված չեն։ Սակայն պրն Մանասերյանը հերքում է այդ պնդումը, նշելով, որ օրինակ ԱՄՆ-ում օրենքն արգելում է մենաշնորհները ոչ միայն երկրի ներսում, այլեւ նրա սահմաններից դուրս։ Շատերն են հիշում, թե ինչպես տարիներ առաջ մասնատեցին «Microsoft» ընկերությունը։
Ի դեպ, եթե պաշտոնապես ընդունվում է, որ ոլորտն ունի բնական մենաշնորհին հատուկ գծեր, ապա այդպիսի ոլորտները հիմնականում մնում են պետության հսկողության տակ՝ հաշվի առնելով դրանց ռազմավարական նշանակությունը։ Մեզ մոտ դժվար թե նման բան տեղի ունենա. ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր կառույցներն արդեն վաճառված են։ Այդ դեպքում ընդհանրապես պե՞տք է մեզ այս փոփոխությունը, թե՞ ոչ։ Ըստ պրն Մանասերյանի, առաջարկվող փոփոխությունն ունի դեկլարատիվ բնույթ եւ էական օգուտ չի տալու։
Սեմինարի ժամանակ հնչեց մի այսպիսի միտք՝ մենաշնորհների հետ կապված խնդիրները չեն կարող լուծվել առանց որոշակի տեսական կարգավորիչ դերի։ Սակայն փաստն այն է, որ ամեն ինչ արդեն լուծված է, մենաշնորհներն արդեն գոյություն ունեն՝ իրենց հետեւանքներով հանդերձ, իսկ օրենքով դրանք պարզապես իրավական ձեւակերպում են ստանալու։ Նորից պետք է դիմեմ գեղարվեստական ժանրի օգնությանը. հիշո՞ւմ եք տանից հեռացած փոքրիկ պինգվինի մասին մուլտֆիլմը՝ «Միշտ անում եմ` ինչ կամենամ, հետո խնդրում թույլտվություն…»։