«Ամուսինս արժանի է ամենալավին»,- ասում է գեղեցկուհի Գոհար Հարությունյանը

18/08/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ասում են, երբ տղամարդը սիրահարվում է, սիրահարության այդ շրջանում կինը նրա համար սիրամարգ է: Իսկ ամուսնությունից հետո նրանցից շատերն ամեն ինչ են անում այդ սիրամարգի «փետուրները քամուն տալու» եւ խոհանոցից նրան դուրս չթողնելու համար: Բնականաբար, տարածված այս արտահայտությունը ոչ միշտ է տեղին, սակայն նայելով հայ կանանց մեծամասնության` կենցաղի ծանրությունից եւ ընտանեկան այլ խնդիրներից տանջահար դեմքերին, ակնհայտ է դառնում, որ երբեմնի այդ սիրամարգերից վաղուց արդեն ոչինչ չի մնացել:

Զրուցելով «Միսս Հայաստան՝ 98», «Միսս ԱՊՀ՝ 99» եւ «Միսիս Գլոբ» 2010 գեղեցկության մրցույթների դափնեկիր Գոհար Հարությունյանի հետ, համոզվում ենք, որ ամուսնու հարցում բախտն ուղղակի բերել է: «Ամուսինս ինձ աջակցում է յուրաքանչյուր հարցում: Նրա կողքին ես ինձ սիրված եւ գեղեցիկ եմ զգում: Ինչ վերաբերում է սիրամարգին, ապա ասեմ, որ ինձ երեխաներս են «փետրահան արել»,- կատակում է երկու երեխաների մայր Գոհարը:

– Աղջիկներիդ միջեւ տարիքային տարբերությունը շատ քիչ է: Իրար հետեւից լացող երեխաներն աննկարագրելի «հաճույք» են ցանկացած մոր համար: Ավելի շատ նյարդայնանո՞ւմ, թե՞ հաճույք ես ստանում քո փոքրիկներից:

– Ինձ միշտ օգնող է եղել այդ հարցում. դայակ ենք ունեցել եւ հիմա էլ ունենք. ամուսինս ամեն ինչ արել է, որ ինձ համար հեշտ լինի: Սակայն կար մի շրջան, երբ գիշերազգեստս անգամ չէի հասցնում փոխել: Շատ բարդ է, երբ երեխաների միջեւ տարիքային տարբերությունը քիչ է: Բնականաբար, օրեր էին լինում, երբ նյարդայնությունից ուղղակի լալիս էի: Վերջերս ամուսնուս հետ խոսելիս ասացի, որ այժմ նոր զգում եմ, որ սկսում եմ վայելել իմ երեխաներին: Մյուս կողմից՝ ո՞վ է ասել, որ պետք է հեշտ լինի: Պարզապես պետք է ամուր լինել եւ արժանապատվությամբ անցնել այդ բարդ շրջանը: Ամուսիններն էլ պետք է իրար այնքան սիրեն եւ հարգեն, որ իրարից նեղանալու, նյարդայնանալու, հարաբերությունները փչացնելու փոխարեն, օգնեն միմյանց հոգատարությամբ եւ հանդուրժողականությամբ: Ամուսինս այդ օրերին ոչ մի վայրկյան ինձ միայնակ չի թողել: Նա ամեն ինչ արել է, որ օգնի ինձ:

– Աղջիկներդ, համենայնդեպս արտաքնապես, ամուսնուդ կրկնապատկերն են: Իսկ բնավորությամբ ո՞ւմ են նման:

– Աղջիկներիս միջեւ տարիքային տարբերությունը շատ քիչ է՝ ընդամենը 1 տարի: Մելինեն 3 տարեկան է, Բիայնան՝ 2: Եվ միգուցե դա է պատճառը, որ հատկապես սկզբնական շրջանում շատ էին խանդի տեսարանները՝ Մելինեի կողմից: Բացի այդ, փոքրն իրեն սիրել էր տալիս, ինչն ավելի էր նյարդայնացնում Մելինեիս: Ես ու ամուսինս շատ անգամներ ենք փորձել հասկանալ, թե որտեղի՞ց է նրա մոտ այդ խանդի զգացողությունը. ոչ ես եմ խանդոտ, ոչ էլ Միշան: Ես եկել եմ այն եզրակացության, որ Մելինես պարզապես ժառանգել է հոր բնավորության մեկ այլ գիծ՝ նա եւս ձգտում է ունենալ ամեն ինչ եւ հնարավորինս շատ: Միգուցե դա եւս խանդի պատճառ է հանդիսանում: Հուսով եմ, տարիքի հետ ամեն ինչ կհարթվի:

– Ունենալ ամեն ինչ եւ շատ քանակությամբ ձգտումո՞վ է բացատրվում Ձեր ամուսնու` շատ երեխաներ ունենալու ցանկությունը:

– Վերջերս ամուսնուս հետ զրույցի ժամանակ տան սենյակների հարցն էինք քննարկում: Նա շատ լուրջ դեմքի արտահայտությամբ ասաց, որ 4 սենյականոց տուն ունենալը լավ է. «Մի սենյակում` ես ու դու, մյուս երեքում էլ` երկուական երեխա»: Ես դեմ չեմ:

– Աշխատո՞ւմ եք այդ ուղղությամբ:

– Այո, սակայն շատ ենք ուզում, որ երրորդը տղա լինի: Տղա ունենալու տարբեր հաշվարկներ գոյություն ունեն, փորձում ենք «աշխատել» այդ հաշվարկներով: Մեր երկրորդ աղջիկը «բոնուս» էր: Չէինք պլանավորել այդքան վաղ երկրորդն ունենալ:

Ամեն դեպքում ամուսինս միշտ երազել է բազմազավակ ընտանիքի մասին: Նա մշտապես ասում է, որ հայերը պետք է շատ երեխաներ ունենան:

– Ունենալուց բացի, պետք է հնարավորություն լինի այդ երեխաներին մեծացնելու եւ պատշաճ ապրելակերպ ապահովելու համար:

– Եթե այդքան վատատեսորեն մոտենանք խնդրին, ապա չպետք է առհասարակ երեխա ունենանք:

– Ե՞րբ եք վերջին անգամ ոտքով շրջել Երեւանի ոչ կենտրոնական փողոցներով:

– Ես ոչ միայն շրջում եմ փողոցներով, այլեւ ժամանակ առ ժամանակ շուկա եմ այցելում: Եվ քաջատեղյակ եմ մեր ժողովրդի սոցիալական վիճակին:

– Անկեղծ ասած, քեզ չեմ պատկերացնում շուկայից ծանր տոպրակներով գնումներ կատարելիս:

– Պարզապես բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ եթե գիտեմ, որ որեւէ գործողություն ինձանից լավ ոչ ոք չի անի, ապա միայն ինձ եմ վստահում: Իրապես հաճախ չեմ այցելում շուկա, սակայն հարկ եղած ժամանակ եւ շուկա եմ գնում, եւ խանութներ: Ի վերջո, մայր եմ եւ կին, ով հոգում է իր ընտանիքի մասին, ինչպես եւ շատ հայ կանայք:

– Արտաքնապես հայուհու նման չեք: Իսկ մենք սիրում են արտասահմանցիներին թանկ գնով «նաղդել» ցանկացած ապրանք: Առնչվե՞լ եք նման խնդրի հետ:

– Ամեն անգամ առնչվում եմ: Բոլորն իրենց պարտքն են համարում իրենց ապրանքը հնարավորինս թանկ վաճառել ինձ: Կամ արտասահմանցու տեղ են դնում, կամ էլ ճանաչում են ինձ` որպես «Միսս Հայաստան»: Երկու դեպքն էլ նրանց համար թանկ վաճառելու առիթ է: Ես էլ ամաչում եմ սակարկել, բացի այդ, գիտեմ, որ այդ փաստն ամուսնուս եւս դուր չի գա: Ի վերջո, այդ մարդիկ ապրում են միրգ, բանջարեղեն վաճառելով:

– Ամուսնուդ բնավորության ո՞ր գիծն է նյարդայնացնում ամենից շատ:

– Իրականում չի նյարդայնացնում որեւէ կոնկրետ գիծ: Պարզապես բնավորությամբ մենք շատ տարբեր ենք: Ես սիրում եմ ամեն ինչ պլանավորել եւ հնարավորիս արագ իրականացնել այն, ինչ ծրագրել եմ: Ամուսինս հանգստության տիպար է, նա սիրում է ընթացքում որոշումներ կայացնել եւ առանց շտապելու իրականացնել այդ որոշումները: Անգամ, երբ պետք է տանից դուրս գանք, ես շատ արագ պատրաստվում եմ, իսկ նա թողնում է ամեն ինչ վերջին պահին: Ամենազարմանալին այն է, որ չնայած իր դանդաղկոտությանն ու հանգստությանը, նա հասցնում է շատ ավելին, քան ես` իմ արագաշարժությամբ: Սկզբնական շրջանում ես լուռ էի տանում այդ ամենը, հետո, ինչպես ասում են հայերը, ոտքս պնդացրեցի եւ սկսեցի հայտնել իմ կարծիքն այդ առիթով:

– Հարցազրույցներում բազմիցս նշել ես, որ ամուսինդ բավական ավանդապաշտ է, չնայած նրան, որ մայրը ռուս է եւ երկար տարիներ Ռուսաստանում է ապրել: Սակայն քիչ են հանդիպում ավանդապաշտ ամուսիններ, ովքեր թույլ են տալիս իրենց կանանց մասնակցելու գեղեցկության մրցույթների:

– Ամուսինս շատ լավ գիտեր, թե ում հետ է ամուսնանում: Նա նման չէ այն հայ տղամարդկանց, ովքեր ամուսնանում են մի կնոջ հետ, իսկ ամուսնությունից հետո սկսում են այդ կնոջը «վերափոխելու» աշխատանքներ տանել: Նա ավանդապաշտ է շատ ավելի կարեւոր հարցերում: Ամուսինս ուզում էր, որ մենք շատ երեխաներ ունենանք, ինչպես առաջ էր՝ հայ ընտանիքներում, որ մեր երեխաները պարտադիր հայերեն խոսեն եւ իմանան հայոց պատմությունն ու ավանդույթները:

– Ի՞նչ եք կարծում, նա թույլ կտա՞ Ձեր դուստրերին մասնակցել գեղեցկության մրցույթներին:

– Եթե կնոջը թույլ է տվել, ապա դուստրերին էլ թույլ կտա:

– Մի առիթով ասել էիք, որ եւ Դուք, եւ Ձեր ամուսինը յուրաքանչյուր հարցում ձգտում եք իդեալականի: Շատ տղամարդկանց համար, սակայն, գեղեցիկ կին ունենալը հերթական «թիթիզության» առիթ է՝ ինչպես թանկ հեռախոսը կամ մեքենան:

– Եթե Միքայելն ինձ չընտրեր, վստահ եմ, որ նա, միեւնույն է, ընտրելու էր, եթե ոչ տիտղոսակիր, ապա գեղեցիկ եւ խելացի կին: Նա իր ապրելակերպով ապացուցել է, որ արժանի է այս կյանքում միայն ամենալավին: Ես հիմա ինձ չեմ գովում՝ ասելով, թե ամենալավն եմ: Սակայն Միշայի կողքին ես ինձ այդպիսին եմ զգում: Եվ դա նրա տղամարդկային շնորհքն է: Մենք շատ ժամանակ ենք միասին անցկացնում, հաճախ ենք ճամփորդում, ամենուր գրեթե միասին ենք ներկայանում: Երբեմն նա գնում է ընկերների հետ հանդիպման եւ ինձ եւս իր հետ է տանում: Շատ անգամ ինձ անհարմար եմ զգում՝ նրանք գալիս են մենակ՝ առանց կանանց, եւ ես միակ կինն եմ լինում այդ շրջապատում: Ես զգում եմ, որ ամուսնուս հաճելի է իմ ներկայությունը: Երեւի թե իմ ամուսինը միակն է, ով մտածում է, թե կինն ինչ հագուստ պետք է կրի: Նա ինձ հետ միասին խանութ է այցելում, օգնում է ինձ հագուստ ընտրել: Տանը ես կենցաղի հետ գրեթե չեմ առնչվում. օգնող ունենք: Սակայն խոհանոցն ինձ է պատկանում եւ ոչ թե ես եմ խոհանոցին պատկանում: Տարբերությունը շատ մեծ է, իրականում: Նա սիրում է այն, ինչ ես եմ պատրաստում:

– Ասացիք, որ բնավորությամբ տարբեր եք: Այդ տարբերությունը հաճախակի վեճերի չի՞ բերում:

– Կստեմ, եթե ասեմ, որ իսպառ՝ ոչ: Սակայն որքան շատ են ամուսիններն իրար հետ ապրում, այնքան լավ են սկսում ճանաչել մեկը մյուսի սահմանը, որը չի կարելի անցնել: Ես համարում եմ, որ իմ եւ Միշայի ընտանիքը իդեալական է, որովհետեւ կարեւորագույն հարցերում մենք համակարծիք ենք: Եթե անգամ տարաձայնություններ են լինում, մենք զրուցում ենք այդ հարցի շուրջ եւ գալիս համաձայնության:

– Շատ կանայք չեն խոստովանում, որ «ընդհանուր հայտարարի գալ» ասելով` նկատի ունեն ամուսնու տեսակետի հետ համաձայնելը:

– Պարզապես յուրաքանչյուր օր ապրելով ամուսնուդ հետ, սկսում ես հասկանալ, թե որ հարցի շուրջ նա կարող է համաձայնել քեզ հետ, եւ որ հարցն առհասարակ իմաստ չունի քննարկել:

– Կար մի շրջան, երբ հաճախ էիք տեղափոխվում Մոսկվայից Հայաստան եւ Հայաստանից Մոսկվա: Չէի՞ք «գտնում» Ձեր տեղը:

– Մենք ի սկզբանե գիտեինք, որ ապրելու ենք միայն Հայաստանում: Պարզապես ամուսնուս աշխատանքի բերումով հաճախ էինք տեղափոխվում: Ամուսինս բիզնեսով է զբաղվում: Այդ տեղափոխությունների մի քանի տարիների ընթացքում նա Հայաստանում մեզ համար տուն կառուցեց, եւ մենք արդեն հիմնական տեղափոխվել ենք Հայաստան:

– 5 տարի ապրել եւ սովորել ես ԱՄՆ-ում, որոշ շրջան ապրել նաեւ Ռուսաստանում: Ձեր երեխաների ապագան տեսնո՞ւմ եք Հայաստանում:

– Աշխարհում շատ են այն երկրները, որտեղ եւ կրթական համակարգն է շատ բարձր, եւ առհասարակ ապրելու կուլտուրան: Սակայն մեր երկիրը Հայաստանն է: Ճիշտ է, այն մի քիչ հիվանդ է, դեռ նոր է ոտքի կանգնում, սակայն ոչ մի մայր չի հրաժարվում իր հիվանդ երեխայից, նա մնում է երեխայի կողքին եւ բուժում է նրան: Ի՞նչ կլինի մեր երկրի հետ, եթե բոլորս թողնենք ու հեռանանք: