Իտալական ավտոարտադրող FIAT ընկերությունը «Gucci» նորաձեւության տան հետ պատրաստվում է համատեղ թողարկել FIAT 500 մոդելը, որի արտադրությունը կկազմակերպվի ԱՄՆ-ում: Ընկերությունում հույս ունեն այս կերպ բարձրացնել վաճառքի ցուցանիշները: Նորաձեւ մեքենան լինելու է ամբողջովին սեւ, կարմիր-կանաչ գծերով եւ «Gucci»-ի խորհրդանիշ երկու խաչված G տառերով: Առաջին մոդելը կթողարկվի սեպտեմբերին` նորաձեւության շաբաթվա բացման ընթացքում, սակայն վաճառքը կսկսվի միայն դեկտեմբերին: