«Կախվածության հաղթահարման ամերիկյան հասարակություն» կազմակերպության նոր հետազոտության համաձայն` կախվածությունը ուղեղի քրոնիկ հիվանդություն է: Ըստ «USA Today»-ի, դա վերաբերում է ոչ միայն ալկոհոլին եւ թմրանյութերին, այլեւ խաղերին կամ սննդի անվերահսկելի օգտագործմանը, հետեւաբար, բժիշկների կարծիքով, կախվածության, ինչպես ցանկացած քրոնիկական հիվանդության բուժման համար երկար ժամանակ է պահանջվում: «Վարքի հետ կապված խնդիրները ուղեղի խանգարման հետեւանք են, եւ ուղեղային պաթոլոգիան դեռ երկար տարիներ պահպանվում է այն բանից հետո, երբ մարդը դադարում է թմրանյութեր օգտագործել»,- «USA Today»-ին տված հարցազրույցում ասել է բժիշկ Նորա Վոլկոուն:
Ուղեղի կառուցվածքում զգացմունքային, կոգնիտիվ եւ վարքագծային սխեմաների բարդ փոխազդեցություն է տեղի ունենում: Այդ գործընթացի վրա ազդեցություն են ունենում գենետիկան, տարիքը, ինչպես նաեւ ալկոհոլի կամ թմրանյութերի օգտագործումը` որպես սթրեսից դուրս գալու միջոց: Դոպամինի եւ հիպոտալամուսի փոխազդեցության արդյունքում կապ է ստեղծվում ինչ-որ բան ընդունելու եւ հաճույք ստանալու միջեւ, որը պահպանվում է նույնիսկ այն ժամանակ, երբ դրանց օգտագործումն այլեւս հաճույք չի պատճառում: Կախվածության դեմ պայքարի մասնագետների կարծիքով` այն միտքը, որ կախվածության խնդրի հիմքում ընկած են որոշակի ուղեղային ռեակցիաներ, պետք է նպաստի սոցիալական նախապաշարմունքների հաղթահարմանը: