«Ժուչոկ»` «Google+»-ում

18/08/2011

Համացանցում տարածվել է նոր վիրուս, որը թաքնվում է «Google+» սոցցանցի հավելվածում: Տրոյանը գաղտնի ձայնագրում է օգտագործողի խոսակցությունները, պահում SMS-ները, զանգերի պատմությունը, հավաքում է GPS-տվյալներ, այնուհետեւ ուղարկում դրանք հեռակա սերվերներին: Հավելվածը կոչվում է «Google++»: Trend Micro հակավիրուսային ծրագրային ապահովության փաթեթներ մշակող ընկերության բլոգում նշվում է, որ վնասատու հավելվածն օգտագործողները բեռնել են այլ վարակված կայքերից, իսկ Android Market-ում այդպիսի ծրագիր չկա:

Վիրուսը կարողանում է ձայնագրել խոսակցությունը, եթե նույնիսկ օգտագործողը չի խոսում հեռախոսով: Դա արվում է հետեւյալ կերպ. հավելվածն ավտոմատ կերպով պատասխանում է հատուկ համարից ստացված զանգին: Որպեսզի օգտագործողը չնկատի զանգը, այն միացնում է «առանց ձայնի» ռեժիմը ու չի ցուցադրում էկրանին զանգ ստանալու նշաններ: Վիրուսը հեռացնելու համար անհրաժեշտ է միայն ջնջել հավելվածը: Android օպերացիոն համակարգն աստիճանաբար ավելի հաճախ է դառնում վնասակար ծրագրերի թիրախ: Ավելի վաղ Lookout հակավիրուսային ընկերությունը հաղորդել է, որ Android-վիրուսների տարածումը վերջին 6 ամսում աճել է 2.5 անգամ: