ԱՄՆ նախագահի թեկնածու Միշել Բահմանը նախընտրական շրջագայություններից մեկի ընթացքում Էլվիս Փրեսլիի մահվան օրը շնորհավորել է նրա ծննդյան տարեդարձը: «Նախքան սկսելը ես կցանկանայի այսօր շնորհավորել Էլվիս Փրեսլիին ծննդյան օրվա կապակցությամբ»,- ըստ «The Los Angeles Times»-ի` այսպես է սկսել Բահմանն իր ելույթը Հարավային Կարոլինա նահանգի Սպարտանբերգ քաղաքի ռեստորանում կայացած հանդիպման ժամանակ: «Բայց նա այդ օրը մահացել է»,- թեկնածուին է դիմել հանդիսատեսներից մեկը: Սակայն Բահմանը դրան չի արձագանքել եւ ակտիվորեն շարունակել է իր խոսքը տնտեսական հարցերի եւ կրոնական հանդուրժողականության շուրջ: Ավելի ուշ, արդեն լրագրողների հետ զրույցում, նա ուղղել է սխալը: «Բայց նա դեռ կենդանի է մեր սրտերում»,- ասել է նա: Նշենք, որ Միշել Բահմանը` առայժմ առաջադրված միակ կին թեկնածուն, աստիճանաբար ձեռք է բերում «Նոր Սառա Փեյլինի» հեղինակություն: Ալյասկայի նախկին նահանգապետ Փեյլինը հայտնի է իր սկանդալային, երբեմն` անգրագետ արտահայտություններով: