Վանաձորի ոստիկանությունում նորանշանակ ղեկավարության առաջին գործը եղավ փողոցային առեւտրի դեմ պայքարի ուժեղացումը, ինչի ապացույցը վերջին մի քանի օրվա ընթացքում փողոցային առեւտրով զբաղվողների թվաքանակի կտրուկ պակասելն է` ոչ միայն Վանաձորի «Լաչինի միջանցք» կոչվող բացօթյա առեւտրի վայրում, այլեւ՝ կենտրոնական շուկային հարող տարածքներում եւ նույնիսկ՝ «Մարզպետի բազարում»: Ոստիկանները պարբերաբար շրջում են շուկայամերձ տարածքներում եւ ստուգում, թե առեւտրով զբաղվողներն իրենց հատկացված «փչակ»-տաղավարներից (շենքերի բացվածքներում փորված) կամ թույլատրելի այլ գոտիներից արդյո՞ք դուրս չեն եկել՝ գնորդներին ի տես ապրանքը հրամցնելով: Այդօրինակ խստացման պայմաններում, բնականաբար, առաջանում է ապրանքի դեֆիցիտ եւ գների թանկացում, քանի որ ոմանք էլ առեւտրի թույլտվության համար պահանջվող գումարը մուծել չկարողանալու պատճառով դադարեցնում են առեւտրով զբաղվելը: «Բա ընտրությունների ժամանակ ծախսածը հե՞տ են բերելու, թե՞ չէ»,- նկատում են վանաձորցիները: Հարկ է նկատել, որ փողոցային առեւտրի դեմ պայքարի հարցում քաղաքային իշխանությունների եւ Ոստիկանության նախկին ղեկավարության «ջրերը մի առվով չէին գնում», քանի որ տեղական իշխանությունները հրապարակավ պարբերաբար դժգոհում էին այդ առթիվ ոստիկանների պասիվ վերաբերմունքից, ինչի արդյունքում, իբր անլեգալ հավաքվող գումարները բյուջե չէին մտնում: Չենք կարծում, թե փողոցային առեւտրի դեմ հերթական «կամպանիան» երկար կտեւի: Ենթադրվում է, թե հերթական «զինադադարը» տեղի կունենա սահմանադրական հանրաքվեի նախօրյակին, երբ քաղաքապետը ստիպված կլինի «այո»-ի օգտին այնքան ձայն հավաքել, որքան՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ: