Զոհերից մեկը հայկական ծագում ուներ

18/08/2011

Անցած շաբաթ օրը ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում համերգի ժամանակ բեմահարթակի փլուզման 5 զոհերից մեկը հայկական ծագում ունի: Այդ տեղեկատվությունը հրապարակել է «Associated Press» լրատվական գործակալությունը` համառոտ տվյալներ ներկայացնելով բոլոր 5 զոհերի մասին: 23-ամյա Ալինա Բիգջընին հայ ներագաղթյալի դուստր էր: Դժբախտ պատահարի հաջորդ օրը ընտանիքի անդամները պատրաստվում էին նշել Ալինայի ծննդյան օրը: 2011-ին նա ավարտել էր Ինդիանա նահանգի Մանչեստր քոլեջը եւ բոլորովին վերջերս աշխատանքի հրավեր էր ստացել` անգլերեն դասավանդելու Մանսի ավագ դպրոցում: Իր ինքնակենսագրականում Ալինան գրել էր. «Քանի որ իրական աշխարհ եմ մտնում, ես ինձ հետ կվերցնեմ այն, ինչ սովորել եմ իմ կյանքում: Հույս ունեմ, որ կկարողանամ գիտելիքներ ու կրթություն սերմանել իմ աշակերտների մեջ: Ես կկատարեմ իմ կյանքի հաջորդ քայլերը միշտ ետ նայելով` հիշողության եւ վստահության համար, եւ միշտ առաջ նայելով` հավատի ու հույսի համար»։ Նրա մասին մեծ հոդված է տպագրվել «Journal-Gazette» պարբերականում: Դանիել Ստոյը, ով Ալինայի հետ քոլեջում է սովորել եւ նրա լավագույն ընկերներից էր, ասել է, որ Ալինան ուրախ, պոռթկուն եւ պարզապես զարմանալի աղջիկ էր, սիրում էր իր ընտանիքի անդամներին, եւ դա նրա համար առաջնային էր: «Նրա դեմքին միշտ ժպիտ կար»,- ասել է Ալինայի դպրոցական ընկերներից մեկը` Արթուրո Պենան: «Facebook» սոցիալական ցանցում Պենան Ալինայի համար հիշատակի հավաք էր կազմակերպել: Ֆորտ Ուեյնում, որտեղ ապրում էր Ալինան, կիրակի օրն անընդհատ անձրեւ է տեղացել: Նրա ընկերները մոմերով, լուսանկարներով ու ծաղիկներով հավաքվել են այն դպրոցում, որտեղ սովորել էր Ալինան, հետո գնացել են նրանց տուն` հիշատակի արարողության ու Ալինայի մորը ցավակցություն հայտնելու համար: Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ի երեկոյան Ինդիանապոլիսում «Sugarland» խմբի համերգի ժամանակ ուժեղ քամուց փլուզվել էր բեմահարթակը: Դժբախտ պատահարի հետեւանքով 5 մարդ զոհվեց, վնասվածքներ ստացած 45 մարդ տեղափոխվեց հիվանդանոց: Նահանգապետ Միթչ Դենիելն ասել է, որ քամու պոռթկումը շատ հանկարծակի է եղել, եւ ոչ ոք չէր կարող դա կանխատեսել: