Ներգրավվում է

23/07/2011

«Եվրամիությունը ցանկանում է մեծացնել իր ներգրավվածությունը ղարաբաղյան խնդրում եւ պատրաստ է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրել` կարգավորմանը նպաստելու եւ տարածաշրջանը վերականգնելու համար»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է Եվրամիության` ընդարձակման եւ Արեւելյան գործընկերության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Այժմ մենք ավելի ու ավելի շատ գումարներ ենք ներդնում կողմերի միջեւ վստահությունը ամրապնդող միջոցառումներում` լինի դա Մերձդնեստրում թե Ղարաբաղում: Սակայն դա միայն առաջին քայլն է: Բրյուսելը կարող է ավելին անել, քանի որ այժմ Եվրամիության արտաքին գերատեսչության կարողությունները ընդարձակվել են, իսկ խնդիրը կարգավորելու ցանկությունն ու պատրաստակամությունը` մեծացել»,- նշել է հանձնակատարը: