Աշխարհում անկարեւոր գործ չկա: Այս մտայնությամբ այս անգամ էլ ուզում էինք անդրադառնալ ոչ պակաս կարեւոր՝ քարտուղարուհու գործին: Բայց մեր բոլոր ջանքերը` գտնել որեւէ ղեկավար անձ կամ քարտուղարուհի, ով կցանկանար մեզ հետ խոսել այս թեմայով, ապարդյուն անցան: Պարզվեց՝ շատերը նույնիսկ վիրավորվում են, երբ իրենց «քարտուղարուհի» են անվանում, գերադասում են ավելի հնչեղ՝ «գործավար» կամ «նախագահի օգնական» որակավորումը, ինչից, իհարկե, ոչ իրենց առավելություններն են շատանում, ոչ իրենց ղեկավարի: Միակ մարդը, ով մեզ հետ շատ անկեղծ զրուցեց, Արաբկիրի թաղապետի քարտուղարուհի Աղավնի Նալբանդյանն էր, ուստի արժե, որ այս ակնարկը գրվի միայն իր մասին:
67-ամյա Աղավնի Նալբանդյանը շուրջ հինգ տասնամյակ քարտուղարուհի է աշխատել: Այս ասպարեզում տիկին Աղավնու «դեբյուտը» տեղի է ունեցել 1953 թվականին՝ «Միկոյանի շրջսովետի գործկոմում»: Ժամանակները փոխվել են, շրջսովետների ու գործկոմների մասին ոչ ոք չի հիշում, տիկին Աղավնու «հիմնարկն» այժմ կոչվում է Արաբկիրի թաղապետարան, սակայն տիկին Աղավնու համար բոլոր «շեֆերը» շարունակում են մնալ՝ «ընկեր նախագահ»: «Ընկեր նախագահներին» տիկին Աղավնին հատ-հատ հիշում է՝ «Սովետի օրոք ընկեր Իսկանդարյանն էր մեր նախագահը, հետո ընկեր Թադեւոսյանը, ընկեր Զաքարյանը, ընկեր Ադարյանը, ընկեր Դանիելյանը, ընկեր Թադեւոսյանը, ընկեր Սարգսյանը, ընկեր Բեգլարյանը, ընկեր Ղահրամանյանը, ընկեր Մարգարյանը, Սովետից հետո նախագահ դարձավ ընկեր Սարգսյանը, հետո ընկեր Հովհաննիսյանը, ընկեր Յայլոյանը, ընկեր Հարությունյանը, հիմա էլ մեր նախագահն ընկեր Շահինյանն է։ Բոլորից էլ շատ գոհ եմ մնացել, բոլորն էլ պատվով ու հարգանքով են եղել ինձ հետ»: Համալսարանի բանասիրականն ավարտած Աղավնի Նալբանդյանն այս գործն այնքան է սիրել, որ աշխատանքի հազարումի առաջարկներ է մերժել՝ էլ գործկոմի քարտուղար, էլ խանութի վարիչ: «Ես պաշտոն չեմ սիրել,- ասում է,- էս գործն էլ էնքան էի սիրում, որ նույնիսկ արձակուրդ չէի սիրում գնալ, մեկ-երկու անգամ՝ երբ նախագահը գնացել է, ստիպված ես էլ եմ գնացել»: Նույնիսկ ծննդաբերելու գնացել է ուղիղ հիմնարկից. «Գործից դուրս եկա, ասի՝ գնամ մի հատ ստուգվեմ՝ մի շաբաթ էր մնում ծննդաբերությանը, գնացի՝ բժիշկը նայեց, ասաց՝ տեղիցդ չշարժվես, երկու ժամից դու ծննդաբերելու ես, ի՞նչ անեի՝ զանգեցի տուն ասի՝ շոր-մոր բերեք, որ էրեխուն տուն տանեք»: Ծննդաբերությունից մեկ շաբաթ անց տիկին Աղավնին նորից իր «պոստում» է եղել. «Մեր տունը հիմնարկին մոտ էր, մայրս երեխուն խնամում էր, ես էլ մեկ-մեկ գնում՝ հետ էի գալիս գործի»: Մի խոսքով, ինչպես մեծ գրողը կասեր, տիկին Աղավնին այնքան է ներծծվել այս հիմնարկին, որ հիմնարկն էլ է մի քիչ «աղավնիացրել»: Եվ ոչ մի «նախագահի» մտքով չի անցել տիկին Աղավնուն փոխարինել որեւէ երկարաոտ ու կարճափեշ նառա-կառա-մառա-զառայով: Ավելին, կադրերի ընտրության հարցում նրա կարծիքը հաշվի են առնում. «Մի անգամ ընկեր նախագահը խորհրդական էր ընդունել, ինձ հարցրեց՝ տիկին Աղավնի, ո՞նց մարդ է էդ Խաչատրյանը, ասի՝ եսիմ, մի քիչ պաղած ա, ծիծաղեց, ասեց՝ բա ուզում ես բոլորը քո նման ժիր լինե՞ն»: Տիկին Աղավնին այնքան կարեւոր մարդ է եղել, որ նույնիսկ այնպիսի կարեւոր որոշում՝ թե ով պետք է Բրեժնեւի հետ քեֆի մասնակցի, ինքն է ընդունել. «Ընկեր նախագան զանգեց՝ ասեց` Աղավնի, քեֆի ենք գնալու ընկեր Բրեժնեւի հետ, նայի՝ ում ես բերում հետդ, դե գիտեր, որ ես կարգին մարդ չլինի՝ տանողը չեմ»:
Առհասարակ քարտուղարուհու հաստիքը տիկին Աղավնուն շատ պատահական է տրվել: Միջնակարգն ավարտած Աղավնին նախ` ընդունվել է Բժշկական ինստիտուտ. «Բայց քույրս ասաց՝ Աղավնի, դու զզվող ես, գործ չունես, ես էլ գցեցի-բռնեցի՝ ասի` հա, ես մեռելի չեմ կարա ձեռ տամ՝ կզզվեմ, ու չգնացի»: Ու որպեսզի ժամանակ չկորցնի, աշխատանքի է ընդունվում «Կարմիր ջուլհակ» գործարանի կադրերի բաժնում` որպես մեքենագրուհի: «Տպել չգիտեի, է,- պատմում է,- բայց սաղ զարմացան՝ ոնց ռիսկ արի դիրեկտորին ասի՝ հա, գիտեմ: Հետո էլ որ տպելու գործ էր տալիս՝ սպասում էի մինչեւ ինքը տուն էր գնում, նոր սկսում էի կամաց-կամաց տպել ու էդպես սովորեցի»:
«Մի օր էլ,- պատմում է տիկին Աղավնին,- դիրեկտորն ասաց՝ Աղավնի, էսօր 6-ից հետո կմնաս, տպելու բան կա՝ ընտրացուցակներն էին տպում: Ասի՝ չէ, չեմ մնա: Ասաց՝ ո՞նց չես մնա: Ասի՝ հա, էդպես, չեմ մնա, ես խի՞ 6-ից հետո մնամ հիմնարկում: Գործկոմի նախագան եկավ, դիրեկտորն ասաց՝ բա, ընկեր նախագահ, Աղավնին չի ուզում մնա ցուցակները տպի: Նախագան ասաց՝ ո՞նց չի մնում, պիտի մնա, հետո ես իրան իմ ավտոյով տուն կտանեմ: Ասի՝ չէ, ընկեր նախագահ, ես ի՞նչ գործ ունեմ նստեմ ձեր ավտոն: Ես էն վախտ շա՞տ էի հասկանում՝ նախագան ինչ ա, ով ա… ու չմնացի»: Մի շաբաթ անց տիկին Աղավնուն կանչում են շրջխորհուրդ: «Ասի՝ վայ, երեւի նախագային կոպիտ եմ պատասխանել, կամ էլ պռոշներս ա քսած եղել՝ դրա համար են կանչել»,- վախեցել է տիկին Աղավնին, այնուամենայնիվ, գնացել: «Քեզ ուզում եմ քարտուղար ընդունեմ ինձ»,- ասել է նախագահը: «Առանց ամաչելու հարցրի՝ իսկ աշխատավարձն ինչքա՞ն ա: Ասաց՝ 350 ռուբլի: Ես «Կարմիր ջուլհակում» ավելի շատ էի ստանում», ասի՝ լավ, գնամ մամայիս հարցնեմ՝ գամ: Գնացի ու չեկա: Մի շաբաթից նորից կանչեց՝ ասաց 425 ռուբլի եմ տալիս, արի աշխատի: Ձեն չհանեցի: Ասաց՝ բա մամայիդ չե՞ս հարցնում: Ասի՝ հա, գնամ հարցնեմ, ու դուրս եկա կարիդորում մի տասը րոպե կանգնեցի, հետ եկա, ասի՝ մամաս համաձայն ա, ու էդպես առանց ծանոթի-մաղարիչի ընդունվեցի ռայսովետ, էդպես էլ չհասկացա` իմ ինչն էր հավանել»: Ու այդ օրվանից արդեն հինգ տասնամյակ տիկին Աղավնին այնպիսի նվիրվածությամբ է աշխատում, որ ոչ մի «նախագահ» չի ուզում բաժանվել նրանից:
«Մի անգամ 93 թվին,- հիշում է տիկին Աղավնին,- Վանոյի տեղակալ Վահան Հարությունյանն եկավ մեր նախագահի մոտ, ասի՝ զենքդ հանի թող էստեղ՝ նոր ներս մտի: Ասեց՝ բա դու գիտե՞ս, թե ես ով եմ: Ասի՝ ով ուզում ես եղի, զենքդ մինչեւ չհանես, ներս չես մտնի: Ասաց՝ չեմ հանի: Ասի՝ ուրեմն չես մտնի: Ու չմտավ, մրթմրթալով թողեց գնաց: Բա ես ի՞նչ իմանամ՝ կարող ա զենքով մտներ, էն մարդուն վնասեր…»:
Ահա այսպիսի պատմություն: