«Թուրքիան նախատեսում է հարեւան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում վստահության ամրապնդման միջոցների նոր փաթեթ ներկայացնել: Կառավարությանը մոտ կանգնած երեւանյան աղբյուրներն այդ միջոցները որակել են` իբրեւ «եկեղեցու վերականգնման շրջանակներից ելնող ոչ մեծ խորհրդանշական քայլեր»,- երեկ նման տեղեկատվություն է հրապարակել թուրքական «Hurriyet Daily News and Economic Review» պարբերականը, որին հայտնի է դարձել, որ թուրքական կողմը որոշում է ընդունել դրական ազդանշաններ ուղարկել հայկական կողմին: «Դրանցից մեկը, ասում են, Երեւանում «Թուրքական ավիաուղիներ» ազգային ավիաընկերության գրասենյակի բացումն է: Որոշումը վերջնական չէ, սակայն լրջորեն քննարկվում է»,- ասել է թերթի գաղտնի աղբյուրը:
Մյուս քայլը, ըստ թուրքական պարբերականի, նոր չարթերային չվերթերի հաստատումն է Երեւանի եւ Թուրքիայի Վան քաղաքի միջեւ: Թերթին նաեւ հայտնի է դարձել, որ Թուրքիայի կրթության նախարարության պաշտոնատար անձանց` Հայաստան այցելելու մտահղացում կա:
Ըստ պարբերականի աղբյուրների, թուրքական կողմը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի ժամանակ մեծ պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմքեր ստեղծել: Անդրադառնալով այս հրապարակմանը` երեկ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցություններ տեղի չեն ունենում: Բալայանը կրկնել է, որ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում հայտնի է. հայ-թուրքական կարգավորման հասնելու ամենակարճ ճանապարհը առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելն է: