ՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը երեկ հայտարարել է, թե իրենք ի սկզբանե լուրջ չեն վերաբերվել երկխոսությունը բացառող իշխանական գործիչներին: «Լուրջ չենք ընդունել նման դիրքորոշում ունեցող ոչ Գալուստ Սահակյանին, ոչ էլ նրա նման գործիչներին, քանի որ իրականությունն այլ բան ապացուցեց»,- ասել է նա: Ըստ նրա` իշխանության հետ երկխոսության գործընթացում ՀԱԿ-ի հիմնական օրակարգը, այնուամենայնիվ, արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման հարցն է, որի համար, ինչպես նշել է Լ. Սարգսյանը, իշխանությունները կարող են խորհել մինչեւ սեպտեմբեր: «Եթե հիշյալ ժամանակահատվածում իշխանությունները չհամաձայնեն, կամ Սերժ Սարգսյանը փորձի արտաքին աշխարհին ժողովրդավար երեւալ ու ժամանակ շահել, ապա ՀԱԿ-ը երկխոսությունից դուրս կգա, իսկ ժողովրդական ալիքը իններորդ ալիքի պես կարող է գալ ու մաքրել աղբը, որը այսօր կա մեր երկրում»,- սպառնացել է նա: Հարցին` եթե մինչեւ սեպտեմբեր արտահերթ ընտրությունների նշանակման հարցը չլուծվի` ՀԱԿ-ը դուրս կգա՞ երկխոսությունից, պատասխանել է. «ՀԱԿ-ը երկխոսությունից դուրս կգա նաեւ այն դեպքում, եթե հասկանա, որ իշխանությունը իմիտացիա է անում եւ փորձում է ժամանակ շահել: Այո՛, մենք ուզում ենք ուժեղ իշխանություն ունենալ, բայց դրա համար անհրաժեշտ է ներքաղաքական լարվածությունը թուլացնել, անհրաժեշտ է ժողովրդի ցանկություններին ընդառաջ գնալ, անհրաժեշտ է անցկացնել արտահերթ համապետական նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ»: