Իրար հասկանում են

23/07/2011

«Բոլոր պարագաներում հետաքրքիր պահ է ձեւավորվել. խնդիրները, որոնք ծառացած են մեր հասարակության ու երկրի առջեւ, այդ մասին բարձրաձայնում են եւ ՀԱԿ-ը, եւ իշխանության ներկայացուցիչները»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, երկխոսության նպատակով ձեւավորված իշխանական պատվիրակության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը` խոսելով ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին: Ըստ նրա, ՀԱԿ-ի ներկայացուցիչների հնչեցրած պահանջները պետք չէ ընկալել որպես այդպիսին, որովհետեւ երկու կողմերի միջեւ երկխոսության դաշտն այնպես է ձեւավորվել, որ իրարամերժ հարցեր չեն առաջանում: «Ես կարծում եմ, որ անընդհատ փոփոխվող աշխարհում ընդհանրապես չկան հավերժական թշնամիներ ու յուրայիններ: Մենք, պարզապես, ուզում ենք իրար հասկանալ այս պահին»,- ասել է նա` չբացառելով, որ երկխոսության արդյունքում կքննարկվի արտահերթ ընտրությունների անցկացման նպատակահարմարությունը, որը ՀԱԿ-ի կողմից ներկայացվող հիմնական պահանջներից մեկն է: «Ամենադժվար հարցը արտահերթ ընտրությունների խնդիրն է»,- հայտարարել է ԲՀԿ-ականը` միաժամանակ համոզմունք հայտնելով, որ երկխոսության արդյունքում, այնուամենայնիվ, գալու են փոխզիջումային եզրահանգման: Բոստանջյանը չի բացառել նաեւ, որ իշխանությունները ՀԱԿ-ի հանդեպ զիջումների կգնան եւ Հանրային հեռուստատեսությամբ կեսժամյա ուղիղ եթե կտրամադրեն նրան: «Ի՞նչ կա դրա մեջ, դա մանրուք է, եւ ինչո՞ւ իշխանությունները չգնան դրան»,- հայտարարել է նա: Ավելին` Վարդան Բոստանջյանը չի բացառել նախագահ Սերժ Սարգսյանի եւ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպման հնարավորությունը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի կողմից իշխանություններին տրված սեպտեմբերյան վերջնաժամկետին, ապա, Բոստանջյանի կարծիքով, եթե ընդդիմությունը հավաստիանա, որ իշխանությունները մինչեւ սեպտեմբեր իր կողմից բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր կձեռնարկեն, ժամկետների հարցն ինքնըստինքյան կվերանա: