Հուլիսի 19-ին` ՀԱԿ-իշխանություն երկխոսության մեկնարկի հաջորդ օրը, ՀԱԿ պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հյուրընկալել էր «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդմանը. երկխոսության օրը` հուլիսի 18-ին, նույն հաղորդաշարին հյուրընկալել էր իշխանության պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Դժվար է պատահականություն համարել ՀԱԿ ներկայացուցչին եթերի հրավիրելու փաստը` հաշվի առնելով այն, որ ՀԱԿ-ը երկխոսության հենց առաջին օրը հայտարարություն տարածեց` պահանջելով հավասար հնարավորություն ընձեռել հեռուստատեսությամբ իրենց տեսակետները արտահայտելու համար: ՀԱԿ-ը նաեւ առաջարկել էր երկխոսության շրջանակներում ընթացող բանակցությունները հեռարձակել ուղիղ եթերով, սակայն չէր պնդել` առաջարկելով նաեւ այլընտրանքային տարբերակներ, որոնցից մեկն էլ պատվիրակության ներկայացուցիչներին ժամանակ առ ժամանակ եթեր տրամադրելն էր: Նրանց այս առաջարկին իշխանությունները ոչ միայն դեմ չէին, այլեւ հայտարարեցին, որ եթերն առանց ընդդիմության ոչինչ է: Մի խոսքով` թերեւս հենց այդ առաջարկին ընդառաջ անմիջապես եթեր հրավիրվեց Դ. Շահնազարյանը: Սակայն «Կենտրոնի» եթերից վերջինիս հնչեցրած հայտարարությունները զարմացրել են առաջին հերթին ընդդիմադիր շրջանակներին: Խոսքը, մասնավորապես, Դ. Շահնազարյանի այն հայտարարության մասին է, թե մինչեւ 2007թ. Հայաստանում եղել է «գրպանային ընդդիմություն»: Բնականաբար, բոլորն անմիջապես հասկացել են, որ խոսքը վերաբերում է այդ ժամանակների ընդդիմության առաջնորդ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանին, ովքեր, ի դեպ, այսօր ՀԱԿ կազմում ընդգրկված հիմնական դերակատարներից են: Մեր տեղեկություններով, այդ հեռուստաեթերից հետո բավական անհարմար իրավիճակ է ստեղծվել Կոնգրեսում: Մասնավորապես` ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը պարզաբանում է պահանջել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանից, որին, ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, հաջորդել է Դ. Շահնազարյանի պարզաբանում-հարցազրույցը lragir.am կայքում: Այդ հարցազրույցում Դ. Շահնազարյանը իր ասածը այլ կերպ է ձեւակերպել` որպես «գրանային ընդդիմություն» ներկայացնելով ՕԵԿ-ին: Երեկ մեզ հետ զրույցում անդրադառնալով Դ. Շահնազարյանի վերը նշված հայտարարությանը` ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանը, ով նաեւ ՀԱԿ-իշխանություն երկխոսության նպատակով ձեւավորված պատվիրակության անդամ է, ասաց. «Շատ վատ ենք վերաբերվում նման հայտարարությանը, բայց Դ. Շահնազարյանը հաջորդ օրն իսկ «Լրագրում» ճշտում է մտցրել, որ ինքը նկատի է ունեցել «Օրինաց Երկրին», որի նախագահին հանեցին ԱԺ նախագահի պաշտոնից եւ մղեցին ընդդիմադիր դաշտ, որպեսզի կարողանան խոչընդոտել ՀԺԿ-ի մուտքը ԱԺ»: Ուշագրավ է, սակայն, թե ինչու է նաեւ փորձ արվում 2007թ. Հայաստանի ընդդիմություն ներկայացնել ՕԵԿ-ին, երբ բոլորին է հայտնի, որ 2003թ. նախագահական ընտրություններից հետո Հայաստանում իրական ընդդիմություն եղել են ՀԺԿ նախագահ Ս. Դեմիրճյանը (ում երկար ժամանակ հիշում էին «ազգընտիր» որակմամբ) եւ Արամ Զ. Սարգսյանը: Մեր հարցին, թե չե՞ք կարծում, որ դա, մեղմ ասած` թույլ պարզաբանում է, քանի որ այդ ժամանակ ՕԵԿ-ը, որքան էլ նրան իշխանությունները մղեցին ընդդիմադիր դաշտ, առանցքային ընդդիմադիր ուժ չէր դիտվում, Ֆ. Խաչատրյանը պատասխանեց. «Ճիշտ եք ասում, այո»: Իսկ հարցին, թե ՀԺԿ-ին բավարարո՞ւմ է էլեկտրոնային կայքերից մեկում տրված Դ. Շահնազարյանի պարզաբանումը` հաշվի առնելով եթերի եւ կայքի լսարանների անհամաչափությունը, նա պատասխանեց. «Անկեղծ ասած` չի բավարարում, բայց եթե մարդն ընդունել է իր ասածի սխալը, ես կարծում եմ` արդեն չարժի… Անձամբ ես մինչեւ 2007թ. օգոստոսի 7-ը եղել եմ ԿԸՀ անդամ, թե ոնց եմ ես ինձ պահել այնտեղ, բոլորը գիտեն: Ո՞վ կարող է ինձ կպցնել «գրպանային» կամ «կառավարվող» ընդդիմություն պիտակը, ո՞վ: Մինչեւ վերջին օրն էլ ես պայքարել եմ: Երեւի Դ. Շահնազարյանը րոպեի տակ է դա ասել: Իհարկե, մենք անմիջապես արձագանքել ենք, եւ նա հաջորդ օրը ճշտել է: Ասել ենք` դուք որ սա ասել եք, ի՞նչ եք ասել, հասկանո՞ւմ եք ձեր ասածի իմաստը, ասել է` «Շատ կներեք, ես դա նկատի չեմ ունեցել»:
Երեկ Դավիթ Շահնազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ առնչությամբ իր տված հարցազրույցում սպառիչ գրված է այն, ինչն ինքը ցանկացել է ասել: Իսկ Դ. Շահնազարյանը` որպես պարզաբանում, ասել է. «2006թ. արդեն իշխանությունը սկսեց պատրաստվել 2007թ. խորհրդարանական ու 2008թ. նախագահական ընտրություններին` ԱԺ նախագահ փոխելով ու նրա կուսակցությունն ընդդիմություն մղելով (խոսքը, ակնհայտ է, վերաբերում է Արթուր Բաղդասարյանին ու ՕԵԿ-ին:- lragir.am): Ես դա նկատի ունեի: Խնդիրը շատ պարզ էր. այդպես նախ եւ առաջ լուծվում էր 2007թ. ԱԺ ընտրություններում առաջին հերթին ՀԺԿ-ին (քանի որ իշխանությունները հստակ գիտեին` 2003թ. նախագահական ընտրություններում իրականում հաղթել էր ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը), ինչպես նաեւ «Հանրապետություն» կուսակցությանն ու ՀՀՇ-ին ամեն գնով պառլամենտ չթողնելու խնդիրը»: Հարցին, թե` ո՞ւմ էր ուղղված «Կենտրոնի» եթերից հնչեցրած հայտարարությունը, քանի որ այդ ժամանակ Հայաստանում առանցքային ընդդիմադիր ուժ համարվում էր Ս. Դեմիրճյանի եւ Արամ Զ. Սարգսյանի գլխավորած ուժը, Դ. Շահնազարյանը պատասխանեց. «Ես հետո «Լրագրում» ասել եմ, թե ինչ եմ նկատի ունեցել: Այդ ժամանակ կառավարվող, հենց իշխանությունների կողմից ստեղծված գրպանային ընդդիմություն էր ՕԵԿ-ը»:
Ի դեպ, 2007թ. սեպտեմբերի 8-ին Դ. Շահնազարյանն «Ազդակ» ակումբում հրավիրած ասուլիսում մի քանի հարցադրումներ էր արել, որոնք եղել են հռետորական եւ համեմատության մեջ են դրել իշխանությանն ու ընդդիմությանը: Դավիթ Շահնազարյանն այդպիսով փորձել է ցույց տալ, որ ընդդիմության դաշտում արմատական, կեցվածքի եւ գործողությունների փոփոխություն չլինելու պարագայում` ընդդիմությունը դատապարտված է անհաջողության, որովհետեւ ընդունել է իշխանության թելադրած խաղի կանոնն ու հարմարվել դրան: «Ո՞վ է ավելի թափանցիկ գործում` իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը: Որտե՞ղ ավելի խարդավանքային գործընթացներ կան` իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմություն կոչվող համակարգում: Ո՞վ է ավելի անպատասխանատու` իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմադիր կուսակցությունները: Ո՞վ է ավելի շատ հակասական հայտարարություններով հանդես գալիս` իշխանությո՞ւնը, թե՞ ընդդիմությունը»,- հարցրել էր Դավիթ Շահնազարյանը` շեշտելով, թե դրանց պատասխանների իրավունքը վերապահում է հանրությանը: Այնպես որ, Դ. Շահնազարյանի` մի քանի օր առաջ հեռուստատեսային հայտարարությունը այդպես չէր շահարկվի, եթե նախկինում նա եւս հանդես եկած չլիներ մինչեւ 2007թ. Հայաստանում հիմնական դերակատարություն ունեցող ընդդիմադիր ուժերի դեմ: Ինչեւէ: Սպասենք ՀԱԿ-ի ներկայացուցիչներին տրամադրվելիք հաջորդ եթերային հնարավորություններին: ՀԱԿ-ի այդ պահանջը, կարծես, մեծ ոգեւորությամբ է ընդունվել իշխանությունների կողմից: