Ուշացել ես, շե՛ֆ

23/07/2011

Հուլիսի 19-ին «Առավոտ» օրաթերթը հրապարակել էր «Գործարարի գլխին սարքել են» հոդվածը, որտեղ «Դոկս ֆարմ» դեղատան տնօրեն Հրանտ Պապիկյանը պատմել է հարկային տեսուչների անօրինական պահանջների մասին: Ընդ որում` տեսուչների հետ խոսակցությունը ձայնագրվել է: Ըստ հոդվածի՝ հունիսի 24-ին Կենտրոնի հարկային տեսչության 3 տեսուչ մտել են Թումանյան 27/7 հասցեում գործող դեղատուն եւ հայտարարել, որ քիչ առաջ մի քաղաքացի դեղատնից 1350 դրամի առեւտուր է կատարել, եւ նրան ՀԴՄ կտրոն չի տրամադրվել, ինչի համար իրենք պետք է տուգանեն 300 հազար դրամ: Տեսուչը ներկայացել է Գարիկ անունով, սակայն հետո պարզվել է, որ իսկական անունը Սամվել Զաքարյան է: Մյուս տեսուչներն են եղել Նելսոն Կարապետյանը, Հրաչիկ Մկրտչյանը եւ Կարեն Ախնազարյանը: Դեղատան տնօրեն Հրանտ Պապիկյանը հրաժարվել է վճարել նրանց պահանջած 300 հազ. դրամը` պահանջի անհիմն լինելու պատճառով:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության երեկվա նիստի ժամանակ ՊԵԿ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանին հանձնարարել է ծառայողական քննություն կատարել, եւ` եթե փաստերը համապատասխանում են իրականությանը, պատժել այդ տեսուչներին, եթե ոչ, ապա նույն «Առավոտ» թերթի միջոցով հանրությանը տեղյակ պահել այդ միջադեպի վերաբերյալ: Ուշագրավը, սակայն, հետեւյալն է։ Նույն օրը (այսինքն` երեկ) ՀՀ ՊԵԿ-ի պաշտոնական կայքում տեղադրվել է պարզաբանում, որտեղ ասվում է. «Առավոտ» օրաթերթի` հուլիսի 19-ի հոդվածում մատնանշված փաստերը, որոնք վերաբերում էին հարկային տեսչության կողմից իրականացվող ստուգումներին եւ հարկային տեսուչների պահվածքին, պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության ուշադրության կենտրոնում են հրապարակման իսկ օրվանից: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի` 19.07.2011թ.-ի հրամանով, հենց նույն օրը` հուլիսի 19-ին, հանձնարարվել էր ծառայողական քննություն անցկացնել (այդ մասին նույն օրը բանավոր տեղեկացվել է նաեւ օրաթերթի լրագրողին), որի արդյունքների մասին հանգամանալի տեղեկատվություն կտրամադրվի «Առավոտ» օրաթերթին»։

Այսինքն՝ ՊԵԿ-ն ավելի օպերատիվ է աշխատել, քան վարչապետը։ Եվ, ըստ էության, ստացվել է, որ վարչապետը իզուր տեղն է այդ մասին հանձնարարություն տվել։