Փորձության եւս երեք տարի

11/11/2005 Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ

Անկեղծ ասած, ինձ, որպես գյումրեցու, ոգեւորեց թիվ 34 ԸԸՀ-ի կողմից հրապարակված թիվը, թե Գյումրիում ընտրացուցակների համաձայն` 119.500 հաշվառված ընտրող կա: Ուրեմն, կարելի է ենթադրել, որ մեր քաղաքի բնակչության թիվն անցնում է 190.000-ից: Բայց սա` առաջին հայացքից, քանի որ իրականությունը բոլորովին այլ է. ավելի ճիշտ` մտահոգող, քանզի Գյումրիում այսօրվա վիճակով հազիվ թե 80 հազար մարդ լինի: Թիվ 34 ԸԸՀ-ի կողմից հրապարակված պաշտոնական տվյալներով` 2005թ. հոկտեմբերի 23-ին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 39 %-ը կամ շուրջ 46.500 հոգի: Բայց բոլորի համար ակնհայտ փաստ է, որ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին (եւ ոչ միայն), ամենախիստ ցանկության դեպքում անգամ, այդքան մարդ չէր կարող մասնակցել: (Ընտրության կարող են գալ ընդամենը 28-30 հազար ընտրող):

Քաղաքապետի թեկնածու՝ գործող քաղաքապետի օգտին տրվեց շուրջ 23.300 ձայն, ինչն աներկբա վիճելի է: Հենց այս նկատառումով էլ քաղաքապետի մյուս թեկնածուն, ունենալով ծանրակշիռ փաստարկներ ընտրակեղծիքների վերաբերյալ, դիմել է ՇՄ առաջին ատյանի դատարան` ՏԻՄ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Ի դեպ, Արդարադատության պալատի բացումից հետո սա առաջին դատական նիստը եղավ, եւ գյումրեցիները լիահույս են, որ արդարացի ու օրինական վճիռ կկայացվի: Վերոհիշյալ թեկնածուի՝ ԱԺ պատգամավորի, ՀՀԿ անդամի օգտին տրվեց ավելի քան 17 հազար ձայն: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պիտի ասեմ, որ այդ ձայները միանշանակորեն չէին տրվել թեկնածուի անձի առանձնահատկությունները նկատի ունենալով, այլ ուղղակի դրանց մեծ մասը դեմ էր եւ դեմ է գործող քաղաքապետին: Քանի որ նրա իշխանության օրոք քաղաքում անպատժելիությունը, անհանդուրժողականությունը եւ ամենաթողությունը դարձավ գերակայող եւ ձեւավորվեց բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ: Մի մասն էլ պայմանավորված էր ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի գործոնով: Եթե դոմինանտ չէր, ապա բնավ քիչ էլ չէր քաղաքապետի ինքնաբացարկ հայտնած թեկնածու՝ տողերիս հեղինակի ունենալու գործոնը: Քաղաքապետի երրորդ թեկնածուի` ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակցի օգտին տրվեց շուրջ 4300 քվե: Այս թեկնածուն իր առաջադրվելու պահից հստակ գիտեր իր ունենալիք թե դերակատարումը, թե ակնկալիքը: Վերլուծելով եւ համադրելով թեկնածուների օգտին տրված քվեները, տեսնում ենք, որ գործող քաղաքապետին, փաստորեն, դեմ են քվեարկել ընտրությանը մասնակցած քաղաքացիների ուղիղ կեսը: Ու սա` այն դեպքում, երբ 46.500 թիվը ոչ մի կերպ չի կարող իրական լինել: Սակայն այս խնդիրն ուրիշ հարթության վրա պետք է նայել, ստեղծված իրավիճակն ուրիշ պատասխան է ենթադրում: Այլապես, ինչպե՞ս մեկնաբանել այն, թե վեց տարի քաղաքը շենացրած, բարեկարգած, բնակչության սոցիալական խնդիրները հիմնականում լուծած, մի խոսքով` օրենքով իրեն վերապահված բոլոր լիազորություններն անվերապահորեն կատարած, քաղաքում օրինակելի կարգ ու կանոն հաստատած քաղաքապետին հանկարծ դեմ ելավ քաղաքի բնակչության կեսը: Ի՞նչ է, անշնորհակա՞լ է Գյումրեցին, թե՞ իրականում ամեն ինչ այնպես չէ, ինչպես մատուցվում է…

Այս կարեւոր խնդիրը պետք է որ անհանգստացնի ոչ միայն վերընտրված քաղաքապետին, այլեւ` երկրի նախագահին եւ էլի երկու բարձրաստիճան պաշտոնյաների: Ի դեպ, մտածելու, խորհելու անհրաժեշտություն ունի ՀՀԿ-ն եւ, մասնավորապես, նրա առաջնորդ ՀՀ վարչապետը: Անշուշտ, ասելիք կունենա ՀՅԴ-ն եւ մասնավորապես Շիրակի Մարզային (ՇՄ) կոմիտեն: Թերեւս բան ասի նաեւ ՇՄ ԵԿՄ-ն…

Շատերի համար տարօրինակ էր ՕԵԿ-ի դիրքորոշումը, որը դուրս էր հուշագրի ստորագրման տրամաբանությունից: Վերջիններս պաշտոնական հայտարարությամբ կոչ արեցին իրենց կուսակիցներին եւ համակիրներին` պաշտպանել անկուսակցական քաղաքապետի թեկնածությունը:

Իսկ Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրությունները որքանո՞վ էին թափանցիկ, ազատ ու արդար, որքանո՞վ էին համապատասխանում ժողովրդավարական չափորոշիչներին: Հոկտեմբերի 22-ին ՇՄ ոստիկանապետն իր մոտ հրավիրեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ քաղաքապետի թեկնածուին եւ ամբողջ անձնակազմի առաջ համբուրեց վերջինիս, փորձելով ցույց տալ, որ ամեն ինչ անցնելու է օրինականության տիրույթներում: Այս սրտաճմլիկ տեսարանից հինգ ժամ անց, երեկոյան 20.30-ից մինչեւ առավոտյան 7.30-ը, սկսվեց եւ ավարտվեց նախապես խնամքով քողարկված նենգադավ գործընթաց, որի արդյունքում շուրջ 22 տեղամասերում բարձր օպերատիվությամբ փոխվեցին ընտրացուցակները (այս մասին նշված ընտրատեղամասերի հանձնաժողովի նախագահների գրավոր հայտարարությունները կան): Սա ոչ միայն ՀՀ ԸՕ-ի պահանջների կոպիտ խախտում էր, այլեւ` ընտրողների իրավունքների ոտնահարում: Այս գործարքի հետեւանքով հազարավոր ընտրողներ իրենց անուններն իրենց ընտրատեղամասերում այլեւս չգտան: Սրանց փոխարեն` «նորընծա» անձնագրերով այդ ընտրատեղամասերում ընտրեցին շուրջ 700-750 գրոհայիններ, ինչի արդյունքում ստացվեց շուրջ 8-10 հազար ձայն: Մաթեմատիկական գիտելիքներ հարկավոր չեն, հասկանալու համար, թե ինչ վճռորոշ նշանակություն ունեցան այդ ձայները: Սա, ի դեպ, սեւ տեխնոլոգիաների կիրառման առումով իրոք որ աննախադեպ քայլ էր: Մի ուշագրավ փաստ եւս. լրատվամիջոցների տեղեկատվությամբ, ժամը 17.30-ի դրությամբ 26 հազար մարդ էր մասնակցել ընտրությանը: Բնականաբար, մյուս 20.500 ընտրողների քվեարկությունը 2 ժամվա ընթացքում ուղղակի անհնար էր: Հասկանալի է ու պարզ, այն, որ ով էլ որ լիներ ՇՄ ոստիկանապետը, թիվ 34 ԸԸՀ նախագահը եւ այլք, որոնց համագործակցված աշխատանքի արդյունքում նենգափոխվեցին ընտրության արդյունքները, առանց վերեւների գիտության այս ամենը տեղի չէր ունենա: Այստեղ զարմացնողը թերեւս սա է. արդյո՞ք հանրաքվեից առաջ Գյումրիում կիրառված վերոհիշյալ մեթոդն արժեր, որ եւս երեք տարվա փորձության ենթարկեն ագրեսիվորեն հնազանդ գյումրեցիներին, այն էլ` այն դեպքում, երբ ով էլ ընտրվեր քաղաքապետ, միեւնույն է, սահմանադրական բարեփոխումներին` ի հեճուկս «ոչ»-երի՝ «այո» էր ասվելու: Եվ կասվի: