Ասել, թե արտագաղթի մասշտաբները նոր են սկսել մտահոգել մեր հանրությանը՝ սխալ կլինի։ Պարզապես այս տարվա առաջին ամիսներին արձանագրված արտագաղթի մասշտաբները ստիպեցին, որ այս խնդրին հատուկ ուշադրություն դարձվի։ Կրակի վրա յուղ լցրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ իր անհաջող կատակով, թե արտագաղթը նպաստում է, որպեսզի սոցիալական դժգոհությունը չափերի մեջ մնա։
Այս կատակից հետո՝ թեման ավելի բուռն սկսեց քննարկվել։ Հիշեցնենք, որ մտահոգության տեղիք էր տվել այն ցուցանիշը, որ այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնողների թիվը 45 հազարով ավելի էր, քան եկողներինը։ Այս ամենը ստիպեց իշխանություններին, որպեսզի խելքին մոտ ինչ-որ բացատրություն գտնեն։ Եվ գտան՝ սեզոնայնությունը։
Մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Տ. Սարգսյանը նշել էր, որ հայաստանցիները սեզոնային աշխատանքի մեկնում են գարնանը, վերադառնում են ուշ աշնանը, եւ, «բնականաբար, եթե դուք տարբեր ամիսներ վերցնեք, այս 50-60 հազարը էապես կազդեն ձեր ցուցանիշների վրա եւ սխալ պատկերացում կթողնեն: Դրա համար կոռեկտ կլինի այդ համեմատությունը իրականացնել տարվա կտրվածքով»։ Տիգրան Սարգսյանը նաեւ կոչ էր արել հնչեցվող ցանկացած ցուցանիշ ճշգրիտ ներկայացնել՝ ավելացնելով, որ ի տարբերություն 1992-1995թթ., երբ միգրացիայի բացասական սալդոն կազմել է տարեկան 200 հազար մարդ, վերջին տարիներին «տնտեսական, սոցիալական խնդիրները լուծելու հետ զուգահեռաբար արտագաղթի տեմպերը փուլ առ փուլ նվազում են»։ Ավելին, մինչեւ ճգնաժամը՝ 2004-2006թթ., ունեցել ենք դրական սալդո։ Իսկ դրանից հետո շարունակվող արտագաղթը վարչապետը պայմանավորել էր հիմնականում տնտեսական ճգնաժամով։
Հարցի հնչեղությունն այնքան մեծ էր, որ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի խորհրդակցություն հրավիրեց` նվիրված միգրացիոն քաղաքականությանը։ Ըստ ամենայնի, ոլորտի պատասխանատուներին հաջողվել է նախագահին համոզել, որ արտագաղթը քննադատողներն ամեն ինչ խիստ չափազանցնում են, եւ վիճակն իրականում վատ չէ։ Այդ մասին են վկայում խորհրդակցության մասին պատմող պաշտոնական հաղորդագրությունները, որտեղ Ս. Սարգսյանն ավելի շատ խոսում էր ոչ թե արտագաղթի խնդրի, այլ արտագաղթը քննադատողների մասին։
Այսպես, նա նշել է, որ հունվար-ապրիլ ամիսների ուղեւորափոխադրման ցուցանիշների հրապարակումից հետո «Հայաստանը չորս ամսում լքել է 45 հազար մարդ» արտահայտությունն «ուղղակի դարձավ առանձին շրջանակների լոզունգը, որը սեւ գույներով լիուլի շահարկվեց»: «Օրինակ, ոչ ոք չհայտարարեց, որ եթե առաջին չորս ամիսներին Հայաստանից մեկնողների եւ Հայաստան վերադարձողների թվաքանակի տարբերությունը կազմել է անընդհատ կրկնվող 45 հազարը, կամ, ինչպես ոմանք են ասում` Հայաստանը լքել է 45 հազար մարդ, ապա, եթե որեւէ մեկը նեղություն կրեր դիտարկել այս ցուցանիշի դինամիկան ամսական կամ եռամսյակային կտրվածքներով, ապա կարող էր հեշտությամբ նկատել, որ այս տարի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին արդեն հակառակ պատկերը կլինի, եւ Հայաստան վերադարձողների ու Հայաստանից մեկնածների տարբերությունը կգերազանցի 40 հազարը, կամ, այսպես ասած, Հայաստանը լքածներից 40 հազարը կվերադառնա»,- ասել է նախագահը:
Միանգամից նշենք, որ մենք հիմա այդ «նեղությունը» կքաշենք։ Ավելին, կդիտարկենք ոչ թե առաջին 4 ամիսների, այլ առաջին 6 ամիսների ցուցանիշը՝ այսինքն, վերլուծությունն ավելի ամբողջական կլինի։
Ներկայացված աղյուսակը կազմել ենք ՀՀ միգրացիոն պետական ծառայության կայքէջից վերցված տվյալներով։ Պարզապես, պաշտոնական տվյալների ցանկից փորձել ենք գտնել, այսպես կոչված, «սեզոնայնության օրինաչափությունը»։ Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է նշել, որ նման օրինաչափություն, իրոք, կա։ Օրինակ՝ 2010 թվականի առաջին կիսամյակում միգրացիայի բացասական սալդոն կազմել է 43.959 մարդ (ավելի շատ մեկնել են, քան եկել)։ Նույն տարվա երկրորդ կիսամյակում հաշվեկշիռը դրական է եղել 14.099-ով՝ ավելի շատ եկել են, քան գնացել։ Արդյունքում՝ ամբողջ տարվա բացասական հաշվեկշիռը եղել է 29.860, այսինքն՝ ավելի քիչ, քան միայն առաջին կիսամյակում։
Անգամ այն տարիներին, երբ տարվա կտրվածքով ունեցել ենք դրական սալդո (օրինակ՝ 2005 թ.), տարվա առաջին կեսին հաշվեկշիռը բացասական է եղել։ Հենց սա նկատի ունի Սերժ Սարգսյանը, երբ նշում է, որ այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հակառակ պատկերը կլինի, մեկնածները կվերադառնան։
Այն, որ մեկնածների մի մասը կվերադառնա՝ գրեթե կասկածից դուրս է։ Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ միայն 2000 եւ 2001 թվականներին է տարվա երկրորդ կեսում նույնպես բացասական սալդո եղել։ Իսկ ընդհանրապես, Հայաստան եկողների հոսքը մեծանում է հատկապես նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին։ Սակայն արժե՞ արդյոք նախորդ տարիների վիճակագրությանը հետեւելով՝ «արխային» նստել եւ սպասել, որ գնացածները ետ կգան։ Թերեւս, ոչ։ Քանի որ, որքան էլ ասենք, որ առաջին կիսամյակում 67 հազար հոգու արտագաղթը սեզոնային է, միեւնույն է՝ այն խիստ մտահոգիչ է։ Այն ռեկորդային ցուցանիշ է։ Վերջին տասը տարիների ընթացքում տարվա առաջին կեսում մեկնողների եւ վերադարձողների տարբերությունը երբեք այդքան մեծ չի եղել։ Անգամ ճգնաժամային տարում, որի մասին նշել էր վարչապետը, առաջին կիսամյակի բացասական սալդոն եղել է 31.703՝ 2 անգամ քիչ, քան այս տարի։
Ի դեպ, Սերժ Սարգսյանը անդրադառնալով այդ 67 հազարին՝ նշել է. «Սա որեւէ նոր միտում չի ենթադրում եւ ամբողջությամբ համապատասխանում է անցած տարիների միտումներին, սակայն այն գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշը: Դա հիմնականում պետք է բացատրել այն հանգամանքով, որ համաշխարհային տնտեսությունը հաղթահարել է ճգնաժամի հետեւանքները, եւ, մասնավորապես, Ռուսաստանում տնտեսության վերականգնմանը զուգընթաց, Հայաստանից վերսկսվել է եւ տեղի ունի աշխատանքային միգրացիայի տեմպերի աշխուժացում: Հետեւաբար, 2011-ին պետք է ակնկալել արտագնա աշխատանքից նաեւ բնակչության եկամուտների աճ»։
Ասվածը տրամաբանական է, սակայն առաջ է բերում մի շարք հակասություններ։ Օրինակ՝ ստացվում է, որ ճգնաժամի հաղթահարումը մեծացնում է արտագաղթը, մինչդեռ վարչապետն էլ արտագաղթի տեմպի ուժգնացումը բացատրում էր ճգնաժամով։ Կամ՝ նախագահի խոսքերից ստացվում է, որ Ռուսաստանը ճգնաժամը հաղթահարել է, իսկ Հայաստանը՝ ոչ։ Ինչեւէ՝ իշխանություններն իրենք էլ ընդունում են, որ արտագաղթի մասշտաբները մտահոգիչ են, եւ պետք է քայլեր ձեռնարկել։ «Այդուհանդերձ, Հայաստանից դուրս, օտար ափերում հաջողություններ փնտրողների թվաքանակը պետք է համարել մեծ, եւ մենք պետք է, իհարկե, լուրջ անհանգստանանք այս խնդիրներով ու բազմապատկենք մեր ջանքերը բարեփոխումների արագացման գործում»,- ասել է Ս. Սարգսյանը։ Տիգրան Սարգսյանն էլ խոսել էր այս ոլորտի հայեցակարգի շրջանակներում իրականացվող քայլերի մասին եւ վստահեցրել, որ նախագահի կողմից բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ կներկայացվի հստակ միջոցառումների ծրագիր, եւ մոտակա ամիսներին լայն քննարկումներ կկազմակերպվեն` մարդկանց այսօր այդքան մտահոգող վերոհիշյալ հարցերին հավաստի, սպառիչ եւ ամբողջական պատասխաններ տալու եւ այս թեմայով անհարկի շահարկումները բացառելու համար։
Ավելացնենք, որ նման տարբեր հայեցակարգերն ու ծրագրերը իբր գործում են արդեն 10 տարի։ Միգրացիոն պետական ծառայությունը, որի խնդիրների մեջ մտնում է միգրացիայի կարգավորումը, ստեղծվել է 1999թ.։ Սակայն դրա տված «դրական» արդյունքի մասին վկայում է այն փաստը, որ 2000-2010թթ. ընթացքում Հայաստանը լքել է 175 հազար մարդ։
Եվս մի հանգամանք. մեր իշխանավորները թերեւս ճիշտ են՝ միայն ուղեւորափոխադրումների տվյալները հաշվի առնելով, հնարավոր չի ճշգրիտ պատկերացում կազմել միգրացիայի չափերի եւ պատճառների մասին։ Սակայն, մյուս կողմից, դա նշանակում է, որ իշխանություններին պետք է մտահոգի ոչ միայն փաստացի արտագաղթողների, այլ՝ արտագաղթելու ցանկություն ունեցողների թիվը։ Իսկ այդ թիվը շատ մեծ է։ Հիշեցնենք, որ վերջերս ՄԱԿ-ի կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում հարցվածների 68%-ը։ Առավել մտահոգիչն այն է, որ դրանք հիմնականում երիտասարդներն են։