Հայաստանում անհասկանալի վիճակ է, որը դժվար է բացատրել միայն ամառային տապով: Անհասկանալի վիճակը մեզ մոտ սեզոնային չէ, այլ քրոնիկ: Երբ Հայաստանից չհեռացած մարդիկ ահազանգում են, որ իրենց մերձավորներն ու հարեւաններն ընտանիքներով հեռանում են Հայաստանից, իշխանություններին թվում է, թե մարդիկ` ա) ունեն միայնակ մնալու ֆոբիա, բ) հոգեբանական անհավասարակշիռ վիճակից հալյուցինացիաների մեջ են: Այսինքն` սեւեռվել են միայն հեռացողների վրա եւ ոչ մի կերպ չեն նկատում իրենց հարեւանների հոծ խմբերը: Զուգահեռաբար` ա) ուրանում են այն գումարները, որոնք հանրապետությունը ժամանակավոր(՞) լքած մարդիկ ուղարկում են արտասահմանից` Հայաստան վերադառնալու հեռանկարն աչքների առաջ: Չեն նկատում, որ մարդիկ ինչպես գնում են, այնպես էլ վերադառնում են: Իսկ դա, ըստ պաշտոնական տվյալների` տեղի է ունենում խոր աշնանը: Դեմոգրաֆիկ աղետը վերագրել տեսողական խաբկանքին կամ իշխանություններին թիկունքից հարվածելու ցանկությանը, լուրջ չէ: Սակայն իշխանությունների համար, ինչպես օրերս պարզվեց, խնդիրը այնքան մտահոգիչ չէ, որ զանգեր հնչեցնեն: Աշխատանքային խորհրդակցություն. սա մի գտնված եւ, կարեւորը, իրեն արդարացնող ձեւ է` արտագաղթի խնդիրներին արագ եւ վերջնականապես լուծում տալու համար: Ինչն էլ անմիջապես տեղի ունեցավ. ՀՀ նախագահը հրավիրեց խորհրդակցություն` նվիրված միգրացիոն քաղաքականությանը: Այն, ինչ ասաց երկրի նախագահն այդ խորհրդակցության ժամանակ, եւ այն, ինչ ասացին միգրացիայի խնդիրներով զբաղվող պատասխանատուները, վերջնականապես կողմնորոշեց տատանվողներին` պե՞տք է հեռանալ, թե՞ մի փոքր էլ համբերել:
Մարդիկ, ովքեր ի պաշտոնե կոչված են կառավարելու երկիրը, չեն ուզում տեսնել իրականությունը, թաքնվում են իրական պատկերի հետ կապ չունեցող թվերի թիկունքում: Իսկ թվերն իրո՛ք իրականության հետ կապ չունեն, որովհետեւ մարդկանց դժգոհությունն ու երկրից մի օր թողնել-գնալու «պահեստային» հեռանկարը չափել չեն կարող ո՛չ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը եւ ո՛չ էլ անգամ ՀՀ տարածքային կառավարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Երբ նախագահական նստավայրին մոտ մարդիկ ասում էին, թե երկրի նախագահին իր ենթակաները մատուցում են այնպիսի ինֆորմացիա, որը նրան հաճելի է լսել կամ, ավելի ստույգ, որը նա՛ է ցանկանում լսել, չափազանցություն էր թվում: Սակայն միգրացիայի քաղաքականությանը նվիրված խորհրդակցությունը վկայեց անհասկանալի մի իրողություն` նախագահը չի ցանկանում վստահել անգամ իր տեսածին: Նրա ականջին հաճելի են միգրացիոն ծառայության պետի` օրորոցային հիշեցնող թվերը:
Ինչպես է արեւելյան պատումներում. արքաները չէին վստահում իրենց նազիրներին: Իրենք էին հագնում դերվիշի շորեր ու գնում ժողովրդի մեջ` իրականությունը սեփական աչքերով տեսնելու: Երկրի նախագահը դեմոգրաֆիկ վիճակը պատկերացնելու համար թող մեկնի գյուղեր, զրուցի գյուղամիջում առավոտից-երեկո անգործ նստած մի քանի չսափրված, մաշված հագուստով տղամարդկանց հետ: Եվ պարզ կդառնա, որ գյուղերում ամեն երկրորդ տունը դատարկ է (լավագույն դեպքում): Երբ խոսվում է բնակչության ընդհանուր շարժի աճի մասին, նախագահը ուրախությամբ արձանագրում է` սա մի միտում է, որը վկայում է «երկրի ու հասարակության ընդհանուր զարգացումների մասին, մասնավորապես` գործարար կապերի, մշակութային, գիտական, կրթական, տուրիստական եւ անհատական կապերի ու հարաբերությունների կտրուկ աճի եւ ընդլայնման մասին, որոնց հիմքում, ինչ խոսք, նաեւ տնտեսական հնարավորություններն են»: Սակայն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ պետությունը, իշխանությունները: Մարդիկ, ովքեր կարողանում են հաղթահարել պետության ստեղծած բոլոր հնարավոր ու անհնար խոչընդոտները` հաջողացնում են գործարար, մշակութային կամ այլ կապեր հաստատել դրսի հետ: Ընդ որում` ոչ միշտ` լավ օրից: Ամառ է, անդրադառնանք նախագահի նկատած «տուրիստական կապերին»: Անհնար է չնկատել, որ, այո՛, աշխարհը փոքրացել է, մարդիկ ավելի շատ են ճամփորդում, արտասահմանում հանգիստն արդեն մատչելի է ՀՀ շատ քաղաքացիների համար: Սակայն կա խնդիր` շատերը չեն փորձում օգտվել արտասահմանում մատչելի հանգստից: Եվ այդ խնդիրը Հայաստանում է. ավիատոմսն ավելի թանկ է, քան 10-12-օրյա հանգիստը Հռոմի 3-4 աստղանի հյուրանոցում: Այս հարցի շուրջ խորհրդակցություն երբեւէ հրավիրվե՞լ է: Կամ մյուս մենաշնորհների թեմատիկայով` ալյուր, դիզվառելիք, շաքարավազ:
Ամառային հանգստի հետ կապված մյուս խնդիրը. փորձե՞լ են իշխանությունները վերլուծել, թե ինչո՞ւ են մարդիկ իրենց երեխաների հետ, այդուհանդերձ, ինքնաթիռ նստում ու մեկնում հարեւան Թուրքիա, մյուս երկրներ, երբ Հայաստանում այդքան հանգստի գոտիներ կան: Իմաստուն կառավարման դեպքում նախագահը ձեռքբերում կհամարեր հակառակ փաստը` որ մարդիկ այնքան էլ չեն տեղաշարժվում ամռանը` իրենց կապիտալն այլ երկրում ծախսելով, այլ մնում են Հայաստանում: Նրանց հետ մնում է նաեւ կապիտալը: Բայց օլիգարխներն ամեն ինչ բաժան-բաժան են արել. գնված ու պարսպապատված է Հայաստանի բնությունը: Խորհրդակցության ժամանակ այս հարցը, որպես միգրացիոն խնդիրների պատճառ, եթե չեմ սխալվում, չհիշատակվեց:
Այն, որ Հայաստանում աշխատատեղեր ստեղծելու փոխարեն` իրենց քաղաքացիներին ճանապարհում են «տնտեսական ճգնաժամը հաղթահարած» Ռուսաստան` վստահ, որ մարդիկ աշխատելու են, գումարներն էլ, ինչպես Առատության եղջյուրից, հոսելու են Հայաստան, նշանակում է` լավ չիմանալ սեփական ժողովրդի, գյուղացու հոգեբանությունը: Գյուղացին, ով գնում է Ռուսաստանի ծայրամաս, կապվում է հողին, ունի ոռոգման ջուր, արտոնյալ պայմաններ, անմիջապես արմատներ է գցում: Բանվորը, ով գնում է շինարարության վրա աշխատելու, արդեն միայնակ չի գնում. տանում է ընտանիքը: Որովհետեւ արդարության ու պաշտպանվածության տանելի միջավայր փնտրում են բոլորը: Երկրի նախագահն ու նրա բարձրաստիճան գործընկերները չգիտե՞ն իրականությունը` ինչ է կատարվում մաքսային, հարկային ոլորտներում, բանակում, ինչ մասշտաբի կոռումպացված չինովնիկներ են ղեկավարում երկրի համար ռազմավարական նշանակության կառույցները: Չգիտե՞ն, որ դատարաններում արդարադատությունից բացի` իրականացվում է ամեն ինչ: Չե՞ն տեսնում, որ ժողովրդի կենսամակարդակն ու հոգեւոր պահանջի սանդղակը գնալով իջնում է: Եվ տեղի է ունենում վտանգավորը` եկեղեցական իշխանությունը սկսում է կրկնել օլիգարխներին: «Միակ գործոնը, որ կարող է իսպառ բացառել Հայաստանից մեկնողների ու ժամանողների թվաքանակի բացասական տարբերությունը` մեր երկրում այնպիսի պայմանների ստեղծումն է, ինչպիսի պայմանների համար մարդիկ հեռանում են երկրից»: Խնդիրը լուծելու համար պետք է այն ճանաչել, գիտակցել: Իսկ այն, ինչ կատարվում է այսօր երկրի նախագահի եւ նրա ենթակաների միջեւ, Անդերսենն արդեն նկարագրել է: