Դպրոցի նախկին տնօրենն ու անչափահաս որդին՝ ընդդեմ թերթի

23/07/2011

Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսան Նազարյանը եւ նրա որդին դատի են տվել «168 Ժամ» թերթին: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում: Դատական առաջին նիստերը տեղի կունենան սեպտեմբերի 26-ին (երկուսն էլ նույն օրն են սկսվում):

Ս. Նազարյանը, փաստորեն, հայցադիմում է ներկայացրել «պատիվ ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու եւ զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջի մասին», որով նա պահանջում է. (մեջբերում ենք) «պարտավորեցնել «168 Ժամ» ՍՊ ընկերությանը եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանին` «168 Ժամ» թերթի միջոցով հերքել տեղեկատվությունն առ այն, որ ես հանդիսանում եմ դպրոցում բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ ստեղծող, աշակերտներին սեռական բնույթի վիրավորանքներ-հայհոյանքներ տվող տնօրինուհի: «168 Ժամ» ՍՊԸ-ից եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանից համապարտության կարգով հօգուտ Սուսաննա Նազարյանի բռնագանձել 2մլն ՀՀ դրամ` որպես զրպարտության դիմաց փոխհատուցում»:

Իսկ նրա անչափահաս որդին` Տիգրան Համլետի Տերտերյանը (անչափահաս հայցվորի օրինական ներկայացուցիչներն են` Համլետ Տերտերյանը եւ մայրը` Սուսան Նազարյանը), դարձյալ հայցադիմում է ներկայացրել «պատիվ ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու եւ զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջի մասին»: Անչափահաս տղան էլ իր հերթին պահանջում է. «Պարտավորեցնել «168 Ժամ» ՍՊ ընկերությանը եւ լրագրող Մ. Մարտիրոսյանին «168 Ժամ» թերթի միջոցով հերքել տեղեկատվությունն առ այն, որ ես` Տիգրան Համլետի Տերտերյանս, հրդեհել եմ դպրոցի փաստաթղթային արխիվը: «168 Ժամ» ՍՊԸ-ից եւ լրագրող Մ. Մարտիրոսյանից համապարտության կարգով հօգուտ Տիգրան Համլետի Տերտերյանի բռնագանձել 2մլն ՀՀ դրամ` որպես զրպարտության դիմաց փոխհատուցում»: Անչափահասը նաեւ պահանջել է արգելանք դնել պատասխանող «168 Ժամ» ՍՊԸ պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա` հայցագնի չափով: Այսինքն` այս ընտանիքը պահանջում է 4 մլն դրամ:

Ընթերցողը, վստահաբար, հիշում է այս տիկնոջ հայտնի արկածների մասին, որոնց զոհ էին դարձել տասնյակ երեխաներ եւ ուսուցիչներ: Այս ամբողջ իրականությունը բացվեց նշյալ դպրոցի նախկին աշակերտ Ալբերտ Հարությունյանի շնորհիվ: «Մի աղջիկ էրեխու ասաց՝ հեռախոսդ կվերցնեմ ու կմտցնեմ մամայիդ համապատասխան վայրը: Ես էլ ասացի՝ էս ո՞ւր ենք ընկել: Էդ աղջիկն ընդամենը հեռախոսով էր խոսում»,- Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Ս. Նազարյանի մասին մեր առաջին հրապարակման ժամանակ պատմել էր Ալբերտ Հարությունյանը, ում միջոցով ջրի երես դուրս եկավ դպրոցում տիրող բարոյահոգեբանական ամբողջ մթնոլորտը, ինչը հետագայում փաստեցին նաեւ դպրոցի մյուս աշակերտները, ծնողները, եւ այլք:

Հիշեցնենք, որ մեր առաջին հրապարակումից հետո («Դպրոցի տնօրենն ինձ հայհոյել է» վերնագրով) Արմավիրի դատախազի ցուցումով ՀՀ Ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժնում Ս. Նազարյանի դեմ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: Դրան հաջորդեց ՀՀ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի կողմից տրված կարգապահական տույժը՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, իսկ ապրիլի 30-ին ԿԳՆ նախարարի հրամանով տնօրենի պաշտոնում Ս. Նազարյանի լիազորությունները դադարեցվեցին: Վերջինիս պաշտոնաթող անելու համար հիմք էին հանդիսացել ՀՀ Կրթության պետական տեսչության կողմից անցկացված ստուգումները: Ընդ որում՝ նախկին տնօրինուհին դատարան է դիմել նաեւ ընդդեմ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի հրամանի: Ավելին, այս տիկնոջ դեմ հարուցված քրեական գործը դեռեւս ընթացքի մեջ է եւ գտնվում է ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում:

Լրագրող Մ. Մարտիրոսյանը հրապարակումները պատրաստելիս բազմիցս եղել է դպրոցում, Էջմիածնում, զրուցել է եւ աշակերտների հետ, եւ նրանց ծնողների, եւ ուսուցիչների, իր` նախկին տնօրինուհու հետ: Այսինքն` յուրաքանչյուր ասված միտք ունի իր ապացույցները: Ավելին, այդ դպրոցում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտին տեղում ծանոթացել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով այդ ամենի մասին տեղեկացրել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Տիկին Բախշյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ անպայման կգա դատարան եւ այդ ամենի մասին կներկայացնի: Ի դեպ, պատրաստակամություն են հայտնել մեզ հետ դատարան ներկայանալ բոլոր աշակերտները, ուսուցիչները, երեխաների ծնողները:

Ավելացնենք, որ այս տիկնոջ պահվածքին եւ գործունեությանը մեր հրապարակումներից հետո անդրադարձան բազմաթիվ այլ ԶԼՄ-ներ:

«Ցավում եմ, որ նա իր երեխային ներքաշեց այդ կեղտոտ խաղի մեջ: Ամբողջ քաղաքը 3 օր խոսում էր, որ տղան այրել է արխիվը, մասնավորապես, այն վեդոմոստները, որտեղ տնօրենը փոխել էր գնահատականները՝ կա՛մ բարձրացված, կա՛մ իջեցված՝ նայած ի՞նչ վերաբերմունք էին ցուցաբերել տնօրենի նկատմամբ: Աշակերտներից, ուսուցիչներից դուրս եկավ, որ տղան է վառել արխիվը, որովհետեւ հրդեհը բռնկվել էր այնտեղ, որտեղ պահվում է արխիվը,- երեկ մեզ հետ զրույցում նշեց Էջմիածնի բնակիչներից մեկը՝ ավելացնելով,- Նա դեռ պետք է պատժվի, ես չեմ ուզում ավելի վատ բառեր ասել, բոլոր այն չհայտնաբերված գործողությունների համար, որոնց մասին քաղաքը բացահայտ խոսում է»: «Ես առաջին կորպուսում դասի էի, երբ գալիս էի երրորդ կորպուս, իսկ մեջտեղի կորպուսում շինարարություն էր գնում եւ չի գործում, բայց ես տեսա, որ բակի կողմից դեպի ներս աշակերտներ եւ ուսուցիչներ են գնում, ասացի՝ ի՞նչ է եղել: Հոտը զգացի, ծուխ տեսա, ասացին՝ բան են վառել: Հետո գնացի առաջին կորպուսի երրրորդ հարկ դասի՝ մի քանի տղա ուշացած դասի եկան, ասացին՝ բան են վառել, փաստաթուղթ էր, ծուխը հանգցնում էին, իրենք կանգնած նայում էին: Հետո դրսում ծնողներն ինձ հարցրեցին, թե ճի՞շտ է, որ արխիվ են վառել»,- նշեց դպրոցի ներկա ուսուցիչներից Բահար Եղիազարյանը, ով տնօրենի հետ բախումներ ունեցած Ալբերտ Հարությունյանի տատիկն է: Ըստ Բ. Եղիազարյանի՝ ինքն աշակերտներից էր լսել, որ արխիվը վառել է Տիգրանը, այնուհետեւ այդ լուրերը տարածվել էին քաղաքում:

Երեկ մեր թղթակիցը կրկին խոսեց այդ դպրոցի ուսուցիչների հետ: «Եթե տիկին Նազարյանը ժխտում է, որ որեւէ արխիվ է վառվել, եւ ուզում է իր արժանապատվությունը պահել, եթե նա ունի, ուրեմն՝ այդ արժանապատվությունը նաեւ մենք ունենք: 3 տարի առաջ իմ թոռնիկը դպրոցն ավարտեց: Սովորում էր այդ երեխան: Հետո ամփոփաթերթը վերցրեցի, տեսա ծայրից ծայր գիծ է քաշել՝ բոլոր առարկաները դարձրել էր 4»,- նշեց դպրոցի պատմության ուսուցչուհին, ում փոխանցմամբ՝ այդ առիթով դժգոհում էին ուսուցիչները, թե տնօրենն ինչո՞ւ է իրենց նշանակած գնահատականները ջնջում: Ի պատասխան բողոքների, ըստ Բ. Եղիազարյանի, տնօրենն այսպես էր արձագանքում. «Թքած դրա վրա»: Ուսուցչուհին տնօրենից պահանջում է մատյանը բերել եւ ապացուցել, որ արխիվը պահպանվում է: «Եթե ինքն այնտեղ կեղծիք չի արել, չի ոչնչացրել, թող ինձ ցույց տա, որ Արամը սովորել է 4-ի: Ընդ որում՝ Արամն անվճար ընդունվեց… Բոլոր այն փաստաթղթերը, որտեղ քննական գնահատականները նշանակվում էր, վերցնում ճղում էր, շպրտում էր, 9-ի աշակերտին 4-ի էր իջեցնում, 4-ի աշակերտին 9 էր նշանակել տալիս: Հետո մենք տեսնում էինք, ում գնահատականն իջեցրել է, նրանց ծնողները գալիս էին իրեն հանդիպում էին: Եթե արխիվը պահել է, ուրեմն՝ թող ցույց տա, որ Արամը 4-ի է սովորել»,- հուզված պատմում էր դպրոցի պատմության ուսուցչուհին: Վերջինիս կարծիքով՝ եթե դպրոցի փաստաթղթային արխիվը ստուգեն, ապա դժվար կլինի խոսել տնօրենի արժանապատվության մասին: «Անծանոթ մարդիկ մոտենում են ինձ, ասում են՝ շնորհավորում ենք, ասում եմ՝ ի՞նչն եք շնորհավորում, ասում են՝ որ պրծաք իրենից»,- ընդգծեց Բ. Եղիազարյանը՝ նշելով, թե տնօրենն ինչ առողջական վնասներ է հասցրել իրեն: «Շատերը կպոռթկան, եւ նա ընդհանրապես կոչնչանա»,- հուզված ասաց դպրոցի ուսուցչուհին, ում հավաստմամբ` նախկին տնօրենն իրեն բազմիցս վիրավորել է:

Նրանք բոլորը խոստացան լինել դատարանում` թերթի կողքին:

Հ.Գ.
Մանրամասները կներկայացնենք առաջիկայում: