Օգոստոսի 20-ից Հայաստանում կսկսվեն չորս մասից բաղկացած «Հրաձիգը» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի օպերատոր Սուրեն Թադեւոսյանը օրեր առաջ մեզ հետ զրույցում ասել էր, որ այդ ֆիլմը լինելու է Չեչնիայի պատերազմի թեմայով, որի ստեղծագործական կազմը բաղկացած է հայերից: Ֆիլմի պրոդյուսերը եւ սցենարի հեղինակը Միշա Պողոսովն է, ռեժիսորը` Արման Գեւորգյանը: Այդ ֆիլմում չեչենների եւ արաբների դերերը կատարելու են հայ դերասաններ, իսկ ռուսների դերում՝ բնականաբար, հանդես կգան ռուսները: Չնայած, հնարավոր է, որ ֆիլմի գլխավոր ռուս հերոսներից մեկին եւս հայ դերասան մարմնավորի: Ֆիլմի ռեժիսորի հավաստմամբ` նկարահանումների 60 %-ը տեղի է ունենալու Հայաստանում, իսկ 40-ը` Ռուսաստանում: Մեր հարցին, թե վտանգավոր չէ՞ր արդյոք ռուսների եւ հատկապես չեչենների համար այդքան կարեւոր եւ նուրբ թեման վստահել հայերին, ռեժիսոր Ա. Գեւորգյանը պատասխանեց. «Չնայած նրան, որ պրոդյուսերը, ով նաեւ ֆիլմի սցենարիստն է, ազգությամբ հայ է, սակայն նա շատ վաղուց է բնակվում Ռուսաստանում: Պրոդյուսեր Մ. Պողոսովը քաջատեղյակ է այդ պատերազմի նկատմամբ եւ՛ ռուսների, եւ՛ չեչենների վերաբերմունքին: Նա ուսումնասիրել է այդ խնդրի, ինչպես ասում են՝ ուղնուծուծը: Բացի այդ, Միշան ռուսական կինոյում է արդեն երկար տարիներ: Անգիր գիտի ռուսական կինոյի լեզուն: Բնականաբար, ես չեմ կարող պրոդյուսերի փոխարեն պատասխանել, թե ինչո՞ւ է վստահել հատկապես հայ ռեժիսորին, օպերատորին եւ դերասաններին: Գիտեմ միայն, որ շատ անգամ «կողքից հայացք» ասվածը շատ ավելին է տեսնում, քան տվյալ խնդրի մեջ եղած մարդը: Բազում ֆիլմեր կան Ղարաբաղյան պատերազմի մասին, որոնց հեղինակները հայեր չեն, սակայն այդ ֆիլմերի մեջ օտարի աչքերով շատ ավելին է ասվում, քան կարելի էր ակնկալել: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ «երրորդ աչքը» գլոբալ է նայում խնդրին»:
Ֆիլմի հայաստանյան նկարահանումները տեղի են ունենալու Դիլիջանում եւ Գառնիում: Կհավատա՞ արդյոք շարքային չեչենը կամ ռուսը, որ գործողությունները տեղի են ունենում Չեչնիայում, եւ ինչպե՞ս Դիլիջանն ու Գառնին դարձան «հայկական Չեչնիան»: Պարզվում է` օպերատոր Ս.Թադեւոսյանն ու ռեժիսոր Ա.Գեւորգյանն այն համոզմանն են, որ Կովկասյան երկրների բնությունն իրականում շատ նման է իրար: Բացի այդ, նախքան նկարահանումների սկիզբը «100 անգամ» համեմատել են երկու երկրների բնության նմանություններն ու տարբերությունները: Ինչպես կատակում է ռեժիսորը` տարբերությունը կայանում է նրանում, որ մեր երկրում «պալմա չի աճում», ինչպես Կովկասի ծովափնյա շրջաններում: «Ֆիլմը ժանրային առումով մարտաֆիլմ է: Իսկ մարտաֆիլմերի սիրահարները մեծամասամբ տղամարդիկ են: Այնպես որ` սա տղամարդկանց կինո է լինելու»,- նշում է Ա.Գեւորգյանը: Մեր հարցին, թե որքանո՞վ է ճիշտ պատերազմը որպես ֆոն օգտագործել մարտաֆիլմի սյուժեի համար, Ա.Գեւորգյանը պատասխանեց. «Այնպես չէ, որ սա պարզապես պատմություն է, որի գործողությունները տեղի են ունենում, ինչպես դուք եք ասում՝ պատերազմի ֆոնին: Այն մարդկային փոխհարաբերությունների մասին է, եւ մեր ֆիլմում պատերազմը գլխավոր «գործող անձ» է: Դա է պատճառը, որ հանդիպում են ֆիլմի հերոսները, դա է պատճառը, որ հերոսների մոտ աշխարհայացքի փոփոխություն է տեղի ունենում: Պատերազմը մենք չեն օգտագործելու որպես կրակոցներ եւ պայթյուններ նկարահանելու հարմար առիթ: Միեւնույն ժամանակ, ֆիլմի ժանրն ինքնին պարտադրում է եւ՛ կրակոցներ, եւ՛ պայթյուններ»: Օպերատոր Ս.Թադեւոսյանի խոսքով` բազում ֆիլմեր կան, որոնց գործողությունները տեղի են ունենում պատերազմի ժամանակ, եւ նայելով այդ ֆիլմերը` հասկանում ես, որ պատերազմի մասին կարելի է պատմել նաեւ առանց կրակոցի: «Այնքան ֆիլմեր կան սիրո, դավաճանության, ընկերության մասին, որոնք տեղի են ունենում պատերազմի ժամանակ: Պարտադիր չէ, որ ֆիլմում անվերջ կրակեն, որպեսզի այն համարվի պատերազմի մասին ֆիլմ: Սակայն մեր ֆիլմի պատմությունն ու ժանրը որոշակի կարոններ են թելադրում»,- ասում է Սուրենը: Ֆիլմի սյուժեն դեռ վաղ է հրապարակել, սակայն Սուրենն ու Արմանը հնարավորինս համառոտ ներկայացրեցին այն մեր ընթերցողներին: Կարիերայի ձգտող ռուս երիտասարդը պատերազմի է մեկնում Չեչնիա՝ զուտ շահադիտական նպատակներով: Այնտեղ նա հանդիպում է հայրենիքի համար պայքարող ֆիլմի մյուս գլխավոր հերոսին, ով իր կյանքի փորձով կտրուկ փոխում է երիտասարդի աշխարհայացքը: Ֆիլմում, ինչպես արդեն նշեցինք, մասնակցում են հայ եւ ռուս դերակատարներ: Հայտնի է միայն, որ ֆիլմում խաղալու է ռուս ճանաչված դերասան Ալեքսանդր Պեսկովը: Հայ եւ ռուս այլ դերակատարների մասին ռեժիսորը դեռեւս վաղ համարեց հրապարակելը, քանի դեռ բանակցությունները նրանց հետ շարունակվում են: