Երիտասարդության պահապան հազրեվարդը
Հազրեվարդը (Rosemary, ռոզմարին) մշտադալար բույս է, հին ժամանակներից աճել է Ադրիատիկ ծովի եւ Կոլխիդայի ծովափնյա շրջաններում։ Այն համարվում է հավերժություն, իմաստություն եւ ճշմարտություն խորհրդանշող Աստվածատուր ծաղիկ։ Այս հիշատակությունների հետ զարմանալիորեն համահունչ են բույսի հետեւյալ հայերեն անվանումները` լվացտակի ծառ, լուսնատակի, խնկունի։ Հազրեվարդի եւ ուրցի տերեւները ծխել են տաճարներում` որպես աստվածատուր բույսեր։ Հռոմեացիները համարել են, որ հազրեվարդը մարդուն ուրախություն, երջանկություն է պարգեւում, պահպանում է երիտասարդությունը, զերծ է պահում չար տեսիլքներից։ Առնվազն 812թ. Կարլոս մեծի հրամանով հազրեվարդը սկսել են մշակել Եվրոպայում, օգտագործել են որպես համեմունք` աղցանների եւ թանձր կերակրահյութերի մեջ, պատրաստել գինի, դրել պահարանում` որպես ցեցի դեմ պայքարելու միջոց։ Սնունդի մեջ օգտագործում են լավ մանրացրած վիճակում, եփելիս այն կորցնում է եթերային յուղերը։ Հազրեվարդի մեծ քանակությունները կարող են վնասել առողջությանը, այն չի կարելի խմել քնելուց առաջ, քանի որ հնարավոր է` առաջանա անքնություն։ Հազրեվարդը թեթեւակի բարձրացնում է ճնշումը, խստորեն հակացուցված է հղիներին։
Հազրեվարդն ունի հաճելի, չափավոր քաղցր համ, հիշեցնում է կամֆարան։ Տերեւների մեջ պարունակվում է եթերային յուղ` հազրեվարդի հումքի հիմնական մասը վերամշակվում է եւ օգտագործվում օդեկոլոնի, օճառահեղուկի, օճառի արտադրությունում։ Բույսի տերեւները հավաքում են ծաղկման շրջանում կամ մի փոքր ուշ, երբ եթերային յուղի պարունակությունը առավելագույնն է։ Եթերային յուղում կա մոտ 30 տոկոս պինեն, 17-30 տոկոս ցինեոլ (կա նաեւ դաղձում) եւ այլ տերպեններ։ Բույսը պարունակում է նաեւ մինչեւ 10 տոկոս տանին, 8 տոկոս դաբաղանյութ, ֆլավոններ, բուրումնավետ թթուներ (հատկապես հազրեվարդի թթու) բուսական ստերոիդներ։ Հազրեվարդը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտ նյութեր, բույսը դանդաղեցնում է վաղաժամկետ ծերացումը։ Հազրեվարդն ունի լեղամուղ, միզամուղ, խորխաբեր, հակաբորբոքային, հակակարկամային հատկություն, այն ուժեղացնում է լյարդի աշխատանքը եւ նպաստում այդ կարեւորագույն օրգանի մաքրմանը թույներից։ Հազրեվարդը խորհուրդ է տրվում սիրտ-անոթային եւ աղեստամոքսային հիվանդությունների, բոլոր տեսակի այտուցների, փքվածության, փորկապության, շնչառական ուղիների հիվանդությունների, գլխացավերի, գլխապտույտի, հիստերիայի, ընկնավորության դեպքում։ Հազրեվարդի պատրաստուկներն օգտակար են վահանաձեւ գեղձի աշխատանքը կարգավորելու համար, ցածր ճնշման դեպքում, կանխում են կատարակտի զարգացումը։ Ուրցի հետ օգտագործման դեպքում (1։1) ուժեղանում է հազրեվարդի վարակամերժ եւ հանգստացնող հատկությունը։ Հազրեվարդի թուրմը ավելացնում է կերակրող մայրերի կաթը։
Թուրմ հազրեվարդի տերեւներով
Չոր հումքի 1 ճ/գ-ն 30 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք, բաժանեք 3 մասի, խմեք օրվա ընթացքում, մինչեւ երեկո։
Թեյ
1 ճ/գ հումքը թրմեք 200 մլ եռջրում, քամեք, խմեք գոլ վիճակում։
Կոկորդի եւ բերանի ողողումների համար թուրմը պատրաստեք 2 ճ/գ հումքով։
Տեսողության լավացման համար
– Հազրեվարդի չոր տերեւները մեկ շաբաթ թրմեք օղու մեջ (1։10)։ Առաջին երեք օրը պարբերաբար թափահարեք տարան։ Ոգեթուրմը լավ զտեք, խառնեք զտված ջրի հետ (1։4) եւ դրեք թրջոցն աչքերին, բավարար է, որ բոլորը միասին լինի 5 թ/գ։ Ոգեթուրմի եւ ջրի հարաբերությունը մի քանի օրից կարելի է հասցնել 1։2։ Միաժամանակ պատրաստեք (1։6) կոճապղպեղի ոգեթուրմ։ Թրմելու ժամկետը` 15 օր, քամեք, խմեք 1 թ/գ ջրի հետ, օրը 2 անգամ, սնունդ ընդունելուց կես ժամ առաջ։
– Կամ` 100 գրամ հազրեվարդի թարմ խոտը 7 օր թրմեք 1 լ սպիտակ գինու մեջ, քամեք, խմեք մեկական ճ/գ, օրը 2-3 անգամ, սնվելուց առաջ։
Հիպոտոնիայի դեպքում. Լուծեք 10-20 կաթիլ հազրեվարդի ոգեթուրմը 50 մլ ջրում։ Խմեք օրը 2-3 անգամ, ընդամենը 10-15 օր։ Բուժման դրական ազդեցությունը զգալիորեն կամրապնդեն մեղրը, մեղվահացը, ծաղկեփոշին եւ մեղվակաթը։
Դեմենցիայի դեպքում. Այս հիվանդության դեպքում անհատը կորցնում է նախկինում կուտակված գիտելիքը, գործնական հմտությունը։ Լատիներեն դեմենցիա նշանակում է` խելագարություն կամ խելազրկություն։ Մասնագետների կարծիքով` այս հիվանդության դեպքում կարեւոր դեր է կատարում նաեւ բուսաբուժությունը։ Շատ օգտակար է խոլորձը` որպես բջիջները վերականգնող, հակաօքսիդանտ եւ հակասկլերոտիկ միջոց։
– Խառնեք հավասար քանակությամբ հազրեվարդի, պատրինջի, ոսկեհազարուկի խոտերը, հապալասի տերեւը, խնկեղեգի արմատը։ Հումքի 1 ճ/գ-ն 8 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք, բաժանեք 3 մասի, խմեք սնունդ ընդունելուց առաջ։ Բուժումը երկարատեւ է։
Պատմությունից հայտնի է, որ Պյութագորասը երբեք գրի չէր առնում իր գիտելիքները, այդ իսկ պատճառով նրա ուսանողները հիշողությունը թարմացնելու համար իրենց մոտ հազրեվարդի ճյուղ էին պահում։
Արոմաթերապիա
Հազրեվարդի յուղն օգտակար է մի շարք հիվանդությունների դեպքում, սակայն եթերային յուղերով բուժումն ունի մի շարք հակացուցումներ, այդ պատճառով անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ։
Հեպատիտի, խոլեցիստիտի դեպքում. 2-ական կաթիլ վարդի, հազրեվարդի, եղեսպակի յուղերը խառնեք 20 մլ բուսայուղի հետ, կատարեք մերսում լյարդի շրջանում` ժամացույցի սլաքի ուղղությամբ։
Լոգանք ավելորդ քաշի դեպքում. խառնեք 1 ճ/գ ծովի աղը, 4 կաթիլ նարնջի, 4 կաթիլ կիտրոնի, 2 կաթիլ հազրեվարդի յուղեր։ Այս բոլորն ավելացրեք 36-38 աստիճանի լոգանքի ջրին։ Լոգանքի տեւողությունը` 5-15 րոպե, ընդամենը 10-15 լոգանք, որոնք կատարեք օրը մեջ` սնվելուց հետո։ Այսպիսի լոգանքները կարելի է շարունակել շաբաթը 1-2 անգամ։
Լոսյոն` նոր առաջացող կնճիռների աճը կանխելու համար. Խառնեք հավասար քանակությամբ երիցուկի եւ վաղենակի ծաղիկները, դաղձի եւ հազրեվարդի տերեւը։ Հումքի 60 գրամը 15 օր թրմեք 750 մլ սպիտակ գինու մեջ։ Քամեք։ Երեկոյան մաքրեք դեմքը այդ ոգեթուրմով, որից հետո ճարպոտ մաշկի համար քսուք օգտագործեք։
Թրջոց այտուցված կոպերի դեպքում. Հազրեվարդի 1 թ/գ տերեւը մեկ ժամ թրմեք 100 մլ եռջրի մեջ, քամեք։