Նախորդ հոդվածներում արդեն ներկայացվել են գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերի հայացքները լեգիտիմ իշխանության մասին, ըստ որի` նա առանձնացնում էր երեք տիպի լեգիտիմություն` ավանդական, որը հիմնված է ավանդույթների եւ սովորույթների վրա, խարիզմատիկ, որը հիմնված է առաջնորդի առանձնահատուկ գծերի եւ ունակությունների նկատմամբ հավատի վրա, եւ լեգալ, որը հիմնված է օրենքների վրա:
Նախորդ հրապարակման մեջ մենք ներկայացրեցինք որոշ ընդդիմադիր գործիչներին բնորոշ լեգիտիմացիայի ճանապարհները: Այս հատվածում կխոսենք իշխանական դաշտի մի քանի ներկայացուցիչների լեգիտիմացիայի ձեւերի մասին: Սակայն պետք է հաշվի առնել, որ թե իշխանությունը, թե ընդդիմությունը փորձում են իրենց լեգիտիմացնել` դրսի հետ ունեցած կապերի միջոցով: Ընդ որում, լեգիտիմության այս ձեւը բավական գործուն է հայ հասարակության դեպքում, քանի որ հղումը դրսի հզոր ուժերին միշտ առավել նշանակալի է դարձնում տեղի գործչի կերպարը: Այս երեւույթը լրացուցիչ դրսեւորում ունի ներքին կյանքում, երբ ավելի ցածր դիրք զբաղեցնող անձը նշանավորվում է ավելի բարձր մակարդակների հետ ունեցած իր կապերով. «սա սրա մարդն է» կամ «սա ունի սրա դաբրոն» արտահայտությունները լավ բնութագրում են այս իրավիճակը: Ընդ որում, իշխանության դեպքում այս դաշտում մանեւրելու հնարավորություններն ավելի քիչ են, քանի որ այդ հարաբերությունները մեծավ մասամբ ֆորմալ կերպով կանոնակարգված են եւ հրապարակային: Իշխանությունները մեր դեպքում ընտրել են կոմպլեմենտարությունը, ինչը կարող է առավել մեծ ազատություն ընձեռել՝ դրսի գործոնի վկայակոչմամբ լեգիտիմացիա ապահովելիս: Ընդդիմության դեպքում մանեւրելու հնարավորություններն ավելի մեծ են, իսկ ընտրության բարդությունը պայմանավորված է նրանով, որ բացի ներքին ունկնդրից` կա նաեւ արտաքին ունկնդիրը, ուստի, բացի ողջամտությունից, հնարավոր մանեւրները պետք է հաշվարկվեն նաեւ արտաքին ունկնդրի հնարավոր արձագանքներից ելնելով: Ասվածն առավել ակնհայտ է դառնում վերջին շրջանում տարածված գունավոր հեղափոխությունների ֆոնին, երբ արտաքին աջակցությունն ընդդիմության՝ իշխանության համար պայքարում հաջողության հասնելու համար համարվում է ոչ պակաս կարեւոր, քան սեփական հասարակության աջակցությունը: Հենց սա էլ ստիպեց հայրենական ընդդիմությանն` առավել ակտիվորեն օգտագործել դրսի գործոնը: Եվ եթե նախկինում սովորական էր Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթի միջոցով ցուցադրել սեփական նշանակալիությունը, ապա այժմ ընդդիմադիր գործիչներն առավել հաճախ են նախընտրում հեռավոր ուղղությունները՝ կտրել-անցնելով օվկիանոսը: Գեղամյանն անգլերեն է ուսումնասիրում, Արամ Կարապետյանը եւ Արամ Զավենի Սարգսյանն այցելություն են կատարում ԱՄՆ, մյուսները նույնպես չեն հրաժարվում հորիզոնների ընդլայնումից: Սակայն հասարակական գիտակցությունը դանդաղ է շրջադարձ կատարում «Օրհնվի էն սհաթը, երբ ռսի ոտը……» բանաձեւից, ուստի ընդդիմադիրները ստիպված են նաեւ ներքին ունկնդրի հետ հաշվի նստել:
Ով աշխատի, նա կուտի. Ռոբերտ Քոչարյան. Այս գործիչն ի սկզբանե լեգիտիմացվել է իր նախորդի հետ հակադրության միջոցով, այսինքն, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացվում էր իբրեւ սպեկուլյատիվ, տեսական մտածողության հակված քաղաքական եւ պետական գործիչ, ապա Ռ. Քոչարյանի դեպքում ընդգծվում էր նրա եռանդունությունը, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ այդ շրջանի մի շարք գործիչներ հիմնականում մնացին հասարակական հիշողության մեջ իբրեւ միտինգներում խոսող մարդիկ, ապա Քոչարյանի դեպքում ընդգծվում էր գործի մարդ լինելը: Երրորդ հակադրությունն ազգասիրությունն ու հայրենասիրությունն էր. եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը դիտարկվում էր իբրեւ մարդ, որին պատկանում է «Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է» արտահայտությունը, ապա Քոչարյանն իր ամբողջ կենսագրությամբ փորձում էր ցույց տալ հակառակը. անձամբ մասնակցել է պատերազմական գործողություններին եւ նույնիսկ ընտանիքը չի հեռացրել Ղարաբաղից ամենածանր շրջանում: Հաջորդ շրջանում Քոչարյանի կերպարում սկսեցին առավել շեշտադրվել նրա գործունյա լինելը՝ աշխատենք միասին եւ ստեղծենք տարեկան այսքան կամ այնքան աշխատատեղ, առողջ ապրելակերպ ունենալը` ի տարբերություն մյուս իշխանավորների` չի գիրացել, զբաղվում է սպորտով: Ընդհանրապես, ռազմիկ-տղամարդու կերպարն այն հիմնական ուղեգիծն է, որով փորձ է արվում տանել Քոչարյանի լեգիտիմացիան: «Տղամարդը իր խոսքի տերն է» բանաձեւը Քոչարյանը փորձում է ներկայացնել ժեստերով, դիմախաղով եւ տարբեր թվերով, ինչպես` տնտեսական աճի ցուցանիշը, զբոսաշրջիկների թիվը եւ այլն: Այս բանաձեւի շրջանակներում է նաեւ Ռ. Քոչարյանի՝ ԵՊՀ-ում ունեցած հանդիպման ժամանակ արտահայտած այն միտքը, թե ընդդիմադիր որոշ գործիչներ էլ ժամանակին փաստաթուղթ են ստորագրել եւ պարտավորվել կատարել սահմանադրական բարեփոխումները, իսկ այժմ իրենց ստորագրության եւ խոսքի տերը չեն: Փաստորեն, էլի գնում է հակադրության շեշտադրություն: Տղամարդու ավանդական կերպարի մեջ է մտնում նաեւ տուն կառուցելը, ինչը տվյալ դեպքում նույնանում է երկիր կառուցելու հետ, եւ շեշտադրվում է շինարարական նախագծերի իրականացումը: Այստեղ Քոչարյանի հիմնական «մրցակիցը» խորհրդային իշխանություններն են, որոնց ժամանակ, ինչպես ընդունված է ասել, կառուցվեց ամբողջ Հայաստանը, քաղաքներ, գյուղեր: Այս առումով ուշագրավ է, որ Քոչարյանը ներկայացվում է իբրեւ այն նախագծերի իրականացնող եւ ավարտող, որոնք նույնիսկ խորհրդային շրջանում չի հաջողվել անել՝ Սեւան-Դիլիջան թունելը, Դավիթաշենի կամուրջը, աղետի գոտու վերականգնումը եւ այլն: Քոչարյանին նաեւ փորձ է արվում ներկայացնել իբրեւ համահայկական նախագահ, այսինքն` նաեւ Սփյուռքի շրջանում նրա նշանակալիությունը ցուցադրել, ինչին ուղղված են տարբեր հանդիպումները սփյուռքահայ մեծահարուստների եւ մշակույթի գործիչների հետ, համահայկական միջոցառումները եւ Լինսի հիմնադրամը:
Ինչու է աղմկում գետը. Սերժ Սարգսյան. Այս գործիչը մինչեւ վերջին շրջանը կարծես առանձնապես մտահոգված չէր սեփական լեգիտիմացիայի ապահովմամբ: Նա ստացել էր «Գորշ կարդինալ» բնութագրումը հայ քաղաքական կյանքում իր խաղացած դերի համար: Իսկ գորշ կարդինալներին բնորոշ է քիչ հրապարակայնությունը, նրանց կերպարը ստեղծվում է ավելի շատ տարբեր լուրերի, քան նրանց իսկ արտահայտած մտքերի կամ ձեռնարկած գործողությունների արդյունքում: Այսինքն, սա առավել առասպելական կերպար է, որն ամենազորության տպավորություն է թողնում, քանի որ ոչինչ փաստացի չկա, ամեն ինչը շշուկների եւ ասեկոսեների մակարդակի տեղեկատվություն է: Սակայն վերջին շրջանում այս իրավիճակը կտրուկ փոխվեց: Իրավիճակի փոփոխությունը պայմանավորված է թերեւս նրանով, որ առջեւում նոր նախագահական ընտրություններն են: Գործող նախագահը սահմանադրությամբ իրավունք չունի երրորդ անգամ ընտրվելու: Այս պարագայում առաջ է գալիս հետեւորդի կամ հաջորդի խնդիրը: Քանի որ Սերժ Սարգսյանը լիովին ընկալվում է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն դաշտում կամ խմբում, ապա նրա հրապարակային ակտիվացումը լիովին տեսավորվում է իշխանության փոխանցման համատեքստում: Միեւնույն ժամանակ, Ս. Սարգսյանն օգտագործում է իր նախկին՝ «Գորշ կարդինալի» կերպարը՝ ցույց տալու համար իր ավելի մեծ հեղինակությունն ու ազդեցիկությունը, քան գործող նախագահինն է: Հաջորդը միշտ պետք է ավելի առաջադեմ, ավելի ուժեղ եւ մնացյալ ամեն ինչում ավելի լինի, քան իր նախորդը: Հենց այս տրամաբանությամբ է ներկայացվում Սերժ Սարգսյանը, որի վերջին շրջանի պահվածքը վկայում է արդեն իսկ ոչ պաշտոնապես սկսված նախագահական քարոզարշավի մասին:
Ախր ես ինչպես ապրեմ առանց ձեզ. Արթուր Բաղդասարյան. Այս գործիչը համառորեն փորձում է միահյուսել անմիահյուսելին, ցույց տալ, որ ինքը եւ իշխանությունն է, եւ ընդդիմությունը: Նա կառուցում է իր կերպարը սոցիալական արդարության գաղափարի հիման վրա: Կարելի է ասել, որ Արթուր Բաղդասարյանը եւ նրա ղեկավարած քաղաքական ուժը ներկայացնում են կոմունիստական գաղափարախոսությունը խորհրդարանում եւ զբաղեցնում այն տեղերը, որոնք նախկինում պատկանում էին կոմունիստական կուսակցությանը: Մոտավորապես նույն բանը տեղի ունեցավ Ռուսաստանում, երբ նորահայտ «ՀՏՊՌվՈ» կուսակցությունը հավաքեց զգալի թվով ձայներ եւ հայտնվեց խորհրդարանում: Կոմունիստական կուսակցությունից, սակայն ոչ գաղափարներից հոգնած հասարակական շերտին ներկայանում է երիտասարդ, կրթված եւ հռետորական որոշակի ունակություններով օժտված մի գործիչ, որը խոսում է նույն հրապուրիչ գաղափարներից, բայց հույս է ներշնչում: Հույսը ներշնչում է հենց այն, որ խոսողը երիտասարդ է, ուրեմն գաղափարները հնացած չեն, դրանք ապագայի գաղափարներ են: Այս տրամաբանության վրա է կառուցում սեփական կերպարը Ա. Բաղդասարյանը: Եվ լեգիտիմացիայի երկրորդ ուղղությունն օրենքին արվող մշտական հղումներն են, եթե օրենքը գերագույն արժեք է, ապա հանուն դրա կարելի է միախառնել եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը: Կարելի է հանդես գալ հասարակական լիակատար համախմբման կոչերով, որոնք վկայում են այդ կոչը անողի հայրենասիրության եւ անշահախնդրության բարձրագույն աստիճանի մասին: Համենայն դեպս, սրան է ուղղված այս ռազմավարությունը: Շատ կոնկրետ խմբերի մոտ այս կերպարն աշխատում է, մյուսները, սոցիալական արդարության գաղափարով տոգորված, այնուամենայնիվ, տեսնում են բազմաթիվ մասնավոր սեփականատիրական դրսեւորումները` ինչպես կոնկրետ անձի, այնպես էլ նրա կուսակիցների դեպքում: Արթուր Բաղդասարյանի դեպքում ակնհայտ է նաեւ ձգտումը` գոնե չհերքել շրջանառվող լուրերն այն մասին, թե նա սերտ կապեր ունի Արեւմուտքում, մասնավորապես` Ֆրանսիայում: Առավել խորհրդավոր են շշուկները մասոնական խմբին պատկանելու մասին: Հերքել պետք չէ, քանի որ կերպարը ստանում է խորհրդավորություն, անհասանելիություն: Իսկ սա ուժեղացնում է լեգիտիմացիան խարիզմայի միջոցով:
Քեֆ անողին քեֆ չի պակսիլ. Անդրանիկ Մարգարյան. Այս գործիչն իր կերպարով ապաքաղաքական է: Թեեւ նրա կենսագրության մեջ առկա է քաղբանտարկյալի կարգավիճակը, ինքը կառավարության մեջ եւ խորհրդարանում ամենամեծաթիվ ներկայացուցչությունն ունեցող քաղաքական ուժի ղեկավարն է, հասարակական գիտակցությունը նրան` որպես քաղաքական գործչի, լուրջ չի ընկալում: Ա. Մարգարյանն ընկալվում է իբրեւ պարզ, հասանելի մարդ, ուստի խարիզմատիկ լիդերի կերպարը նրա դեպքում չի գործում: Սակայն նման սպասումներ նրանից հասարակական առումով թերեւս չկան` այն պատճառով, որ նա առանձնապես մեծ քաղաքական հավակնություններ, գոնե հրապարակային կերպով, չի ներկայացնում: Եթե Ա. Մարգարյանը որոշի հավակնություններ ցուցաբերել, ապա նրա լեգիտիմության պաշարը գուցե բավարար չլինի այդ հավակնությունների իրագործման համար: Այս գործիչը, պաշտոնապես ղեկավար լինելով, որպես այդպիսին չի ընկալվում նաեւ այն պատճառով, որ թե կառավարությունում, թե «Հանրապետական» կուսակցությունում կան գործիչներ, որոնց կերպարը` իբրեւ խարիզմատիկ գործչի, ավելի արմատավորված է հասարակական գիտակցությունում: Այդ համեմատությունն էական է դառնում հենց այն պատճառով, որ Ա. Մարգարյանն ի պաշտոնե պետք է որ ընկալվեր իբրեւ «ամենախարիզմատիկը»: Ա. Մարգարյանի կերպարում մեծ դեր է խաղում նաեւ նրա ընկալումը՝ իբրեւ փոխզիջման արդյունքում որոշակի դիրքի հասած անձնավորության: Իսկ փոխզիջումը միշտ միջին տարբերակ է նշանակում, ինչը անհամադրելի է խարիզմայի հետ, իսկ հայ քաղաքական դաշտում փոխզիջումն ավանդույթ չունի, ավելին, այն ընկալվում է ավելի շուտ գործարքի ձեւով` դրա բացասական երանգավորմամբ: Ա. Մարգարյանի դեպքում՝ որպես հեռանկարային գործչի, իր բացասական դերն է խաղում նաեւ նրա առողջական վիճակի մասին պատկերացումը:
Ով է այն տղամարդը կամ հայացք ապագային. Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, թե ինչպիսին պետք է լինի այն գործիչը, որը կկարողանա բավականաչափ լեգիտիմ լինել՝ նաեւ օրենքի դաշտում լեգիտիմ ընդունվելու համար: Եթե դատենք նրանից, թե ինչպիսի հատկություններ են փորձում շեշտադրել իրենց կերպարներում թե ընդդիմադիր, թե իշխանական գործիչները՝ համարելով դրանք հեռանկարային, ապա ապագայի այդ գործիչը պետք է լինի կրթված, ընդ որում, ցանկալի է` արտերկրում, ունենա սերտ կապեր արտասահմանի քաղաքական եւ տնտեսական շրջանակների հետ: Սրանք այն ունիվերսալ հատկանիշներն են, որոնք գուցե նաեւ շատ հիշեցնում են վերջին շրջանում գունավոր հեղափոխությունների արդյունքում իշխանության եկած գործիչների կերպարների որոշ կողմերը: Ապագա այդ առաջնորդի սեռի մասին որոշակի բան ասելը դժվար է, ակնհայտ է մի բան, եթե նույնիսկ նա կին չէ, ապա տղամարդ է, որի թիմում կա ակտիվ կին: Եվ սա նույնպես` բազմերանգ հեղափոխությունների ֆոնին: Զուտ ազգային առանձնահատկություններից է այն, որ այժմ հայ հասարակությունը, ավելի քան երբեւէ, պահանջում է «սոցիալական» նախագահի, որը կկենտրոնանա ազգային կենցաղի բարելավման վրա: Մեր նորահայտ իրականությունում առաջին նախագահն իշխանության եկավ անկախության ալիքի վրա, երկրորդը՝ Արցախյան խնդրի առաջքաշման հիմքով, այս երկուսն էլ, սակայն, զուտ հոգեւոր նպատակներ էին, ազգային գաղափարներ, այժմյան հայ հասարակությունն առավելապես սոցիալականացված է եւ ոչ ազգայնացված, ուստի ապագա առաջնորդը պետք է հաշվի առնի սա եւ իր կերպարը կառուցի մարդու իրավունքների, առանձնապես մարդու` բարեկեցիկ կյանքով ապրելու եւ պաշտպանված լինելու հիման վրա: