Նախօրեին Հայաստան ժամանած ԵԽ ԽՎ համազեկուցող Ակսել Ֆիշերը երեկ հանդիպումներ է ունեցել ՀՀ իշխանությունների, ԱԺ խմբակցությունների եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ: Կոալիցիայի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին զարգացումները` հոկտեմբերին սպասվող ԵԽ ԽՎ համազեկուցողների զեկույցը հիմնականում դրական շեշտադրումներ է պարունակելու: «Կարծում եմ, այս երկխոսությունը բավականին դրական տպավորություն կթողնի համազեկուցողների վրա»,- ասել է նա: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, սակայն, մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե Ա. Ֆիշերը իրենց հետ հանդիպման ժամանակ հիմնականում լսել է եւ որեւէ գնահատական չի հնչեցրել: «Դրական թե բացասական, զեկույցը որեւէ նշանակություն չունի, եթե Հայաստանը շարունակելու է մոնիտորինգի ենթարկվել ԵԽ ԽՎ-ի կողմից: Այնպես որ` Հայաստանը դեռեւս մնալու է մոնիտորինգի տակ»,- ասել է Փոստանջյանը: