Նաեւ հպարտանում է

21/07/2011

«Ազատ արտահայտվող ու երկրի զարգացման խնդիրների շուրջ մտահոգություններ հնչեցնող եւ սուր քննադատող ընդդիմությունը մեր երկրի ու մեր ժողովրդավարության ձեռքբերումն է, որը բոլորին չէ, որ տրված է»,- երեկ միգրացիոն քաղաքականությանը նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` համեմատություն անցկացնելով Հայաստանի եւ Ադրբեջանի ներքաղաքական վիճակի միջեւ: «Չնայած, չեմ սիրում խոսել ֆանտաստիկ երեւույթների մասին, բայց պիտի նշեմ, որ եթե երբեւէ Ադրբեջանում թույլ տան նորմալ ընդդիմության գոյություն, կամ, գոնե, մարդկանց թույլատրեն ազատ արտահայտել իրենց կարծիքները, ապա, միեւնույն է, չեմ կարծում, թե մենք կկառուցեինք մեր ռազմավարությունը ադրբեջանական ընդդիմության թեզերով: Ընդդիմության հետ աշխատանքի փորձ ունեցող իշխանությունը միայն կհասկանա սա»,- ասել է նա` անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին շրջանում հնչող այն հայտարարություններին, թե «իրենք կսպասեն Հայաստանը դատարկվելու օրվան եւ իրենց խնդիրները մեզ հետ կլուծեն»: