Վիճարկեք, եթե կարող եք

21/07/2011

«Ֆորբսը» շատ մեղմ է մոտեցել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով «Ֆորբս» հանդեսի` Հայաստանը աշխարհի վատագույն տնտեսությունների ցանկում դասող աղմկահարույց հրապարակմանը: «Եվ վարչապետ Տիգրան Սարգսյանը, եւ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը խեղաթյուրում են «Ֆորբսի» հարցազրույցը… «Ֆորբսը» չի ասում, թե Հայաստանն աշխարհում երկրորդ ամենավատն է, թեեւ ՀՀ-ն աշխարհում այսօր 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 144-րդն է 193 պետությունների մեջ (երբ Տ. Սարգսյանը դարձավ վարչապետ, 114-րդն էր): «Ֆորբսը» մշակել է ցուցանիշների համակարգ, որ տնտեսության վատացման տեմպերով մեզանից միայն Մադագասկարն է վատ: Այս հասարակ բանը վարչապետն ու ֆինանսների նախարարը կամ չեն հասկացել, կամ իրենց չհասկացողի տեղ են դնում…»,- ասել է Հ. Բագրատյանը` իր խոսքերն ավելի հիմնավոր դարձնելու համար հրապարակելով իր եւ հայաստանաբնակ մի քանի տնտեսագետների կողմից կատարված հետազոտության արդյունքները, որոնք միջազգայնորեն հայտնի 7 հիմնական ցուցանիշների (մրցունակություն, բիզնեսի վարման պայմաններ, մարդկային ներուժի զարգացում, եւ այլն) հիման վրա բացահայտում են Հայաստանի տնտեսության իրական վիճակը: «Առաջընթացի վարկանիշը եւ դրա բաղկացուցիչները 2006-2011թթ.» հետազոտության մեջ (կարդացեք էջ 7) ընդգրկվել են 101 երկրներ, որոնցում Հայաստանը, շատ մեղմ ասած` բարենպաստ պայմաններում չէ: Մեր տարածաշրջանում առաջընթացի ամենաբարձր ցուցանիշը ստացել է Վրաստանը` «191» միավորով գլխավորելով աղյուսակը: Հայաստանը 101 երկրների շարքում զբաղեցրել է 96-րդ տեղը` «-120» միավորով: Այդ աղյուսակում Ադրբեջանը զբաղեցնում է 9-րդ, իսկ Թուրքիան` 13-րդ հորիզոնականը: «Եթե այստեղ մի թիվ սխալ է, վարչապետն ու ֆինանսների նախարարը թող արձագանքեն: Նաեւ ՀՀ նախագահին եմ կոչ անում ուշադրություն դարձնել այս աղյուսակի վրա, վիճարկել այն: Այս 4 տարում ՀՀ-ն բոլոր ցուցանիշներով վատացել եւ կորցրել է 120 միավոր: Կարիք չկա քննարկել, թե ովքեր են Տ. Սարգսյանը, Վ.Գաբրիելյանը եւ Արթուր Ջավադյանը: Խռիկ տալով պետք է հանել պաշտոններից»,- հայտարարել է Հ. Բագրատյանը: