«Հանուն Ղարաբաղի` մենք պետք է շատ ավելի ակտիվ լինենք,- ասում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

21/07/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Դուք մեկուկես տարի առաջ հայտարարել էիք, թե Հայաստանը տնտեսական ցուցանիշներով ամենավատն է աշխարհում: Եվ եթե մի կղզի կա, որի տնտեսությունը Հայաստանից ավելի վատն է, չգիտեք: «Ֆորբսը» հրապարակեց, որ Հայաստանի տնտեսությունից վատ տնտեսություն ունի միայն Մադագասկարը: Նրանք գտան այդ կղզին։ Դուք հավատո՞ւմ եք այդ վերլուծությանը:

– Միանշանակ պետք է «Ֆորբսին» հավատալ: Տվյալ դեպքում «Ֆորբսը» լավ էլ օգտվել է մեր աշխատանքներից: Մենք էինք հայտարարել, որ ՀՀ տնտեսությունն ամենավատն է կամ վերջից երկրորդն է: «Ֆորբսը» միայն փաստել է այն, ինչ մինչ այդ ասել էինք: Ընդ որում, եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, եւ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը խեղաթյուրում են «Ֆորբսի» հարցազրույցը` հույս ունենալով, որ լրագրողներդ չեք խորանալու դրա մեջ: «Ֆորբսը» չի ասում, թե Հայաստանն աշխարհում երկրորդ ամենավատն է, թեեւ ՀՀ-ն աշխարհում այսօր 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 144-րդն է 193 պետությունների մեջ (երբ Տ.Սարգսյանը դարձավ վարչապետ, 114-րդն էր): «Ֆորբսը» մշակել է ցուցանիշների համակարգ, որ տնտեսության վատացման տեմպերով մեզանից միայն Մադագասկարն է վատ: Այս հասարակ բանը վարչապետն ու ֆինանսների նախարարը կամ չեն հասկացել, կամ իրենց չհասկացողի տեղ են դնում: Մեկը ՀԲ ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսի ժամանակ սխալ հայտարարություն անելով` թյուրիմացության մեջ է դնում հանրությանը, մյուսը` Համալսարանի ուսանողությանը: Ես կտամ մի աղյուսակ (կարդացեք էջ 7.- Ա.Ա.), թող դրա դեմ էլ խոսեն ՀԲ-ն ու ֆինանսների նախարարը վարչապետի հետ միասին: Դրա հեղինակը ես չեմ, հայաստանաբնակ հայտնի տնտեսագետներ են, ովքեր զզվելով այն հանգամանքից, որ կառավարությունում բացակայում է որեւէ անալիտիկ աշխատանք, որ գոյություն չունի որեւէ տնտեսագիտական միտք որեւէ տնտեսագիտական հիմնարկում, հոգնելով հայկական ակադեմիկոսների պլեադայից` կազմել են այս աղյուսակը: Ներկայացրել են 7 ցուցանիշներ` մրցունակություն, բիզնեսի վարման պայմաններ, մարդկային ներուժի զարգացում եւ այլն: Սրանք «Doing Bussines»-ի զեկույցներում դրված ցուցանիշներ են, որոնց հիման վրա ցույց են տվել, թե 101 երկրների համար, ասենք, 2006-2010 թվականներին ինչպես է փոխվել մրցունակության ցուցանիշը: Օրինակ, Վրաստանի մրցունակությունն 8 կետով իջել է, բայց բիզնեսի վարման պայմանների մեջ 100 միավոր առաջընթաց է ունեցել: Նույն կերպ ներկայացված է մարդկային ներուժի զարգացման, կյանքի համար լավագույն երկրներ ու այլ ցուցանիշների տարբերությունը: Վերցրել են այս ցուցանիշների տատանումը: Եվ առաջընթացի ամենաշատ միավորը ստացել է Վրաստանը` 191: ՀՀ-ն 101 երկրների ցանկում 96-րդ տեղում է արդեն մինուս 120 միավորով: Ի դեպ, Ադրբեջանն 9-րդն է, իսկ Թուրքիան` 13-րդը: ՀՀ-ից վատ ցուցանիշներ ունեն միայն Չադը, Հոնդուրասը, Ուկրաինան, Բոլիվիան եւ Վենեսուելան: Եվ եթե այստեղ մի թիվ սխալ է, վարչապետն ու ֆինանսների նախարարը թող արձագանքեն: Նաեւ ՀՀ նախագահին եմ կոչ անում ուշադրություն դարձնել այս աղյուսակի վրա, վիճարկել այն: Այս 4 տարում ՀՀ-ն բոլոր ցուցանիշներով վատացել եւ կորցրել է 120 միավոր: Կարիք չկա քննարկել, թե ովքեր են Տ.Սարգսյանը, Վ.Գաբրիելյանը եւ Արթուր Ջավադյանը: Խռիկ տալով պետք է հանել պաշտոններից: Այնպես որ, «Ֆորբսը» շատ մեղմ է մոտեցել:

– Բայց Վ.Գաբրիելյանը «կոռեկտ» չհամարեց «Ֆորբսի» հրապարակումը, իսկ Տ.Սարգսյանն ասաց, թե իրենք կարեւորում են «Ֆիտչի», «Մուդիսի» եւ «Ստանդարտ ընդ փուրսի» գնահատականները:

– Ես այն մարդն եմ, ով 2009թ. հայտարարել է, թե «Ֆիտչի», «Մուդիսի» եւ «Ստանդարտ ընդ փուրսի» ռեյտինգային վերլուծությունները պետք է վերացնել (տես` /////////////////, N1, 2009): Դրանք բացարձակ բլեֆ են եւ քաղաքական գործիք: Տվյալ դեպքում վարչապետի խոսքերն այդ ռեյտինգային գործակալությունների մասին ինձ հիշեցնում են օտարերկրյա լրտեսի խոսքեր:

– Իսկ ինչո՞ւ է պետք վերացնել այդ գործակալությունների վերլուծությունները:

– Որովհետեւ հատկապես մեր կարգի երկրներն այդ կազմակերպություններից այդ ռեյտինգները գնում են: Այդ կազմակերպություններին այսօր պետք էր զրոյի հավասարեցնել եվրոն եւ Պորտուգալիան: Դրանք քաղաքական կազմակերպություններ են, մի փոքր էլ կպնում են ԱՄՆ-ին, որ հավաստի երեւան:

– Չե՞ք վախենում, որ Ձեր այդ հայտարարություններով նորից դատական պրոցեսների առաջ կանգնեք:

– Թող «Ֆիտչը», «Մուդիսն» եւ «Ստանդարտ ընդ փուրսը» դատական պրոցեսներ սկսեն իմ դեմ: Ես չեմ հավատում այդ կազմակերպություններին, որովհետեւ գիտեմ, որ բանկային ոլորտի կառավարման նորմատիվները, սկսած Բազել 2-ից` բլեֆ են: Երբ ամերիկյան «Լեման բրադերս» բանկը քայքայվեց, որեւէ մեկը դատական գործ չհարուցեց այդ 3 կազմակերպությունների դեմ: Չէ՞ որ նրանց տվյալներով` այդ բանկը հիանալի գործակիցներով առաջ էր գնում: Մինչդեռ այդ բանկով սկսվեց ճգնաժամը: Նույնը` այդ ճգնաժամի նախակարապետ «Bear» բանկի պարագայում: Տիգրան Սարգսյանը պատասխան տալի՞ս է սրա համար: Եվ եթե վարչապետը սրանց համարում է լավ կազմակերպություններ, բա ինչո՞ւ մինչեւ վերջ ասում էր` ճգնաժամ չկա ՀՀ-ում: Որովհետեւ ճգնաժամն այդ կազմակերպությունների սցենարով չգնաց: Բայց դրանք խորացրեցին սցենարը` լավ էին խոսում մի բանի մասին, որը վատ էր, եւ վատ էին խոսում մի բանի մասին, որը լավ էր: Դրանց ողջ մեթոդաբանությունը բանկային կեղծ պատկերացումների վրա էր սարքած: Մենք հիմնավորել ենք, որ բանկերին ռեյտինգ պետք է շնորհվի` նկատի ունենալով երկրի ֆինանսական համակարգն ամբողջությամբ: Բոլոր երկրների կենտրոնական բանկերը մեկ ընդհանուր մեթոդաբանությամբ պետք է ստեղծեն միջազգային պետական ռեյտինգային գործակալություն: Հիշեք սա, այն վաղ թե ուշ իրագործվելու է:

– ԱՎԾ-ն այսօր հրապարակեց տնտեսության վերաբերյալ առաջին կիսամյակի տվյալները եւ ներկայացրել է տնտեսական ակտիվության 2,3 տոկոս ցուցանիշ:

– Դա էլ չկա: Բանն այն է, որ հանքարդյունաբերությունում շուրջ 30% աճ կա: Ժամանակակից տնտեսագիտությունը, այդ թվում եւ` ձեր խոնարհ ծառան, գտնում են, որ պետք է հրաժարվել Սայմոն Կուզնեցի ազգային հաշիվների համակարգից եւ բնական ռեսուրսների արժեքը բացառել ՀՆԱ-ից: Հանքի հաշվին ի՞նչ աճ: Լա՞վ է, թե՞ վատ, որ շատ հանք են հանել: Դա վատ է: 450 հատ լիցենզիա են տվել օլիգարխներին, սրանք էլ բահերն առել հարձակվել են սար ու ձորի վրա: Դա ի՞նչ աճ է: Վերջիվերջո, հանքերն այսօր թալանվում են, թալանն ավելացել է, դրա հաշվին դու տնտեսական ա՞ճ ես գրում: Ադրբեջանը երբ ՀՆԱ է հաշվում, նավթարդյունաբերությունը հանում է: Նա ցուցանիշները ցույց է տալիս նավթով եւ առանց նավթի: Երբ ես հանում եմ ՀՆԱ-ից հանքարդյունաբերությունը, ապա նկատի ունենալով դրա տեսակարար կշիռը` ստացվում է ոչ թե 2.3% աճ, այլ ընդամենը 0.3%: Սա էլ աճ չպետք է համարել: Բանն այն է, որ ըստ ԱՄՀ-ի, համաշխարհային տնտեսության աճը 2011թ. առաջին կիսամյակում 4.3% է (գնահատական): Ուրեմն մենք ունենք 4.0% հարաբերական անկում (4.3 գ 0.3 = 4.0): Այ սա է, որ վարչապետը չի հասկանում։ Այ սա է «Ֆորբսի» ասածը: Բացի այդ, իրենց ցույց տված աճի հետ միասին, կրկնապատիկ պարտքն է ավելացել: Բա ինչպե՞ս կարող է խոսելու տեղ ունենալ մի կառավարություն, որն աշխարհում ամենավատն է:

– Տ.Սարգսյանի հետ Ձեր դատական վեճի համար Դուք 4 անգամ տուգանք վճարեցիք: Վերջերս վարչապետն այն կարճելու համար դիմում էր ներկայացրել: Ձեզ բավարարո՞ւմ է վարչապետի այս քայլը:

– Ինչպե՞ս է բավարարում, ինչո՞ւ պիտի ինձանից այդքան գումար տանեին: Հայցն ի սկզբանե սխալ է եղել, հայցը եղել է Տ.Սարգսյանի գործարար համբավի շուրջ: Նա ԿԲ նախագահ էր եւ գործարար համբավ չուներ: Եվ կոչ եմ անում, որ եթե կարողանում է, թող շարունակի այդ պրոցեսը: Միեւնույն է, իրեն դրա համար դատելու ենք: Ավելին, ինքը հրաժարվել է պահանջից, ուրեմն այդ հայցի շրջանակներում ես եմ ճիշտ: ՀԱԿ-ը հայտարարություն արեց, նա էլ հասկացավ, որ էլ չի կարող շարունակել: Ուժերի հարաբերակցություն է փոխվել: Եվ հայտարարությունից հետո գնաց ետին ամսաթվով կասեցրեց:

– Գուցե իսկապե՞ս մինչեւ ՀԱԿ-ի հայտարարությունն էր կասեցվել:

– Այդպիսի բան չկա: Ես պիտի իմանամ, չէ՞: Իսկ ես գրավոր ոչինչ չեմ ստացել: Ինքը կարող է ետին ամսաթվով էլի բաներ անել, նման բաներ հաճախ են անում: Օրինակ, նրա խորհրդականներից մեկն ինչ-որ հանցանքներում մեղադրվեց, հետին ամսաթվով ասում են, թե նա վաղուց էր ազատվել:

– Ասացիք, թե ուժերի հարաբերակցություն է փոխվել: Ի՞նչ նկատի ունեիք:

– Իշխանությունները պարզապես վախենում են ՀԱԿ-ից: Երկխոսությունը` երկխոսություն, բայց մենք սկզբունքային հարցեր ունենք, որ կանգնելու ենք:

– Ես Ձեզ նորից պետք է հիշեցնեմ 3 ամիս առաջ արած Ձեր այն հայտարարությունը, թե երկխոսության միջոցով իշխանությունները ցանկանում են ընդդիմությանը քաշել դեպի ճահիճ: Այսօր արդեն ՀԱԿ-ն ու իշխանությունները երկխոսության սկիզբ են դրել: Դուք նորի՞ց նույն կարծիքին եք:

– Դա իմ ենթադրությունն է, ես չեմ ասել, թե երկխոսություն պետք չէ: Ես կարծում եմ, որ քաշելու է ճահիճ, որովհետեւ նրանք պատրաստ չեն ազնիվ խոսակցության, որովհետեւ ազնիվ խոսակցությունը բերելու է համակարգային փոփոխությունների: Այդ փոփոխություններից մեկն, օրինակ, Տիգրան Սարգսյանի եւ Վաչե Գաբրիելյանի նման մարդկանց հեռացնելն է կառավարությունից, որոնք փոխանակ հետեւություններ անեն «Ֆորբսի» հետազոտությունից, սկսում են մեզ դասեր կարդալ:

– Ձեր կարծիքով` այս երկխոսությունը դրական արդյունք ունենալո՞ւ է:

– Ես չեմ ուզում առաջ ընկնել, ես իմ կարծիքը ձեզ ասել եմ:

– Ամեն դեպքում իշխանություններն ընդունել են ՀԱԿ-ի օրակարգը եւ երկխոսության ժամանակ քննարկելու են նաեւ արտահերթ ընտրությունների թեման:

– Դա փոփոխություն է: Անցյալ անգամ երբ ասում էի, որ կտանեն ճահիճ, արտահերթ ընտրությունները քննարկելու մասին չէին խոսում: Այս անգամ չեն մերժել: Բայց արտահերթ ընտրությունները նվազագույնն է, որ մենք ուզում ենք: Եվ ՀԱԿ-ը բազմիցս է ասել, որ մեր այս վերաբերմունքը հիմնականում պայմանավորված է նրանով, որ ՀՀ իշխանությունը ԼՂՀ հարցի հետ կապված` գտնվում է ծանր վիճակում: Ես, օրինակ, գտնում էի, որ հանուն Ղարաբաղի մենք պետք է շատ ավելի ակտիվ լինենք: Այս 2-3 ամսում վիճակն օրեցօր փոխվում է դեպի վատը, կարծես թե ինչ-որ գործարք են ուզում անել Ղարաբաղի հետ կապված: ՀԱԿ-ի ընդհանրական որոշումն է, որ այդ հարցի հետ կապված դրությունը ծանր է, եւ մենք պետք է առաջ գնանք միայն քաղաքակիրթ մեթոդներով: Ընդդիմությունն այս տարի նույնիսկ մի քանի շանս ուներ անմիջապես թունիսացնել հասարակությանը, հիմա էլ ունի:

– Ինչո՞ւ չի անում:

– Որովհետեւ Ղարաբաղի հարց կա: Մենք հիմա կարող ենք կտրուկ մի բան անել, իշխանությունն էլ կասի` դուք այդպես եք անում, մենք էլ ստիպված վատ թղթեր ենք ստորագրում: Մենք Ս.Սարգսյանին շանս տվեցինք, որ կարողանա ասել, թե ես իմ երկրում արդեն երկխոսություն ունեմ, կարող եմ ժողովրդավար համարվել, որ նրա երեսը Ալիեւից մի փոքր լավ լինի:

– Ս.Սարգսյանը միգուցե այս հնարավորությո՞ւնն էլ օգտագործի այնպես, ինչպես ՀԱԿ-ի ընձեռած` նախորդ մի քանի հնարավորությունները: Եվ արդյունքում` չլուծի ոչ ներքին խնդիրները, ոչ էլ ԼՂ հարցը:

– Չեմ կարող ասել: Ինձ թվում է, որ իշխանությունն էլ է փոխվել` սկսում է ընկալել: Մեր սիրուն աչքերի համար չեն ընդունել արտահերթ ընտրությունների թեման քննարկելու պահանջը: Հասկանում են, որ ՀԱԿ-ը լինելու է իրենց հիմնական ախոյանը: Ս.Սարգսյանը խոսք էր տվել, որ ժողովուրդը 5 տարում 2 անգամ լավ կապրի: Սակայն այդ ընթացքում 25 տոկոսով ավելի վատ է ապրում: Ս.Սարգսյանն այսօր այնքան անշրջապատ մարդ է, որ չի կարողանում մի երկու նախարար նշանակել: Մի ֆինանսների նախարար չեն կարող գտնել, էլ չեմ խոսում ԿԲ նախագահի մասին:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս երկխոսությունը ժամանակ շահելու առիթ է:

– Հնարավոր է:

– Եվ կարծիք կա, թե Կոնգրեսն իր գործունեությամբ նպաստում է իշխանությանը` ժամանակը ձգել մինչեւ հերթական ընտրությունները:

– Կյանքը ցույց կտա: Եթե այսպես շարունակվի, Կոնգրեսը միշտ էլ իր անելիքը կանի: Այս պահի դրությամբ, գտնում ենք, որ դա ճիշտ է: