Հերթական ոտնձգությունը

21/07/2011

Երեկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացման նախաձեռնությունը որակել է որպես անկախ պետականությանն ուղղված հերթական ոտնձգություն: «Հայաստանի անկախ պետականությանը սպառնացող մարտահրավերներն ավելի առարկայական են դառնում: Ապաշնորհ կառավարման հետեւանքով սոցիալ- տնտեսական քաղաքականության տապալման, քաղաքացու եւ անհատի շահերի ոտնահարման արդյունքում պետությունը նորանոր վտանգների առջեւ է կանգնում: Նման մարտահրավերներից մեկն էլ օտարալեզու դպրոցների վերաբացմանը միտված քաղաքականությունն է, որը մենք գնահատում ենք որպես անկախ պետականությանն ուղղված հերթական ոտնձգություն: Կարեւորելով Հայաստանում օտար լեզուների անարգել եւ խորացված ուսուցումը, ինչպես նաեւ մայրենի լեզվով ժամանակակից կրթական ծրագրերի իրացումը, փաստում ենք.

– Հայաստանի պետական լեզուն հայերենն է,

– Պետական լեզվով տարվող ուսուցումը երկրի անկախության պահպանման կարեւորագույն երաշխիքն է,

– Քաղաքակրթական արժեքներին ինտեգրման ճանապարհը ոչ թե այլոց նմանակումն է, այլ ժողովրդավարական եւ ազատական գաղափարների անվերապահ որդեգրումն ու իրագործումը»,- նշված է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության հայտարարության մեջ: