Դիվանագիտական գրագրություն

11/11/2005 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Դիվանագիտական ծառայությունն ի սկզբանե հիմնված է եղել «գրավոր խոսքի» վրա: Մասնագիտական գրականության մեջ եւ ուսումնական ձեռնարկներում ներկայացված են դիվանագիտական պաշտոնական գրագրության ձեւերը:

Սակայն գոյություն ունի դեսպանություն-Արտգործնախարարություն հատուկ գրագրություն, որի հետ բացառապես շփվում են այդ երկու կազմակերպությունների դիվանագետները: Դեսպանությունից Արտգործնախարարություն ներկայացվող հիմնական փաստաթղթերն են. ա) «Տարեկան քաղաքական հաշվետվություն»- հակիրճ վերլուծական տեղեկատվություն տվյալ տարում դեսպանընկալ երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության, երկկողմ հարաբերությունների, տնտեսական, ֆինանսական եւ ռազմական իրավիճակի, կուսակցությունների, կրոնական, հասարակական, երիտասարդական եւ այլ կազմակերպությունների գործունեության, համայնքի (եթե այդպիսին կա) մասին: Պարտադիր կերպով պարունակում է եզրակացություն եւ հավասարակշռված ռեալ առաջարկներ: Կատարման ժամկետը` փետրվարի վերջ-մարտի սկիզբ, չափը` 23-25 մեքենագրական էջ, գրիֆը` խիստ գաղտնի: Սա ամենակարեւոր փաստաթուղթն է, որի պատասխան-գնահատականը ԱԳՆ-ն ուղարկում է դեսպանություն ընթացիկ տարվա I եռամսյակին, բ) «Քաղաքական նամակ»- գրվում է ամեն եռամսյակ, բացի IV եռամսյակից, որեւէ հասունացած թեմայի շուրջ, օրինակ` դեսպանընկալ երկրի ներքին կամ արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական դրության, հավատարմագրված երկրի հետ երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային իրավիճակի մասին եւ այլն: Նույնպես պարունակում է վերլուծություն, եզրակացություն եւ առաջարկություններ, 10-12 էջ, գրիֆը` գաղտնի: «Հաշվետվության» եւ «Նամակի» վրա աշխատում է դեսպանության ողջ դիվանագիտական կազմը, իսկ ստորագրում է դեսպանը: Ներքոհիշյալ բոլոր փաստաթղթերը, բացի «Զրույցի գրառումից» եւ «Հեռագրից», գրվում ու ստորագրվում են դիվանագետների կողմից: գ) «Տեղեկանք»- կազմվում է մեկ, հնարավոր է` նաեւ երկու դիվանագետի կողմից, ազատ, սակայն հրատապություն ներկայացնող քաղաքական թեմայով, արվում է վերլուծություն եւ առաջարկություններ, մինչեւ 10 էջ, ստորագրությունը` ըստ հայեցողության: «Տեղեկանք» դիվանագետից պահանջվում է ներկայացնել առնվազն ամեն եռամսյակ: դ) «Տեղեկանք ըստ սխեմայի»- փաստագրական փաստաթուղթ, առանց վերլուծության եւ առաջարկությունների, թեման` ազատ, կատարման ժամկետները սահմանափակված չեն, 8-10 էջ, գրիֆը` սովորաբար` բաց, ե) «Զրույցի գրառում, դիվանագետի օրագրից»- ամենից հաճախ գրվող փաստաթուղթն է: Կազմվում է բոլոր դիվանագետների կողմից` սկսած դեսպանից, որում արտացոլվում է հանդիպման ընթացքում ստացված ինֆորմացիան: Գրվում է երրորդ դեմքով, սովորաբար` 1-3 էջ, վերլուծություն, եզրակացություն եւ առաջարկություններ չի պարունակում, գրիֆը` ըստ կարեւորության, զ) «Քաղաքական դիմանկար»- քաղաքական վերլուծական փաստաթուղթ դեսպանընկալ երկրի ղեկավարության, հասարակական-քաղաքական եւ այլ` հետաքրքրություն ներկայացնող գործիչների կյանքի եւ գործունեության վերաբերյալ: Մինչեւ 10 էջ, գաղտնի, է) «Հեռագիր»- օպերատիվ ինֆորմացիա: Կազմվում եւ ստորագրվում է միայն դեսպանի կողմից: Ի տարբերություն մյուս փաստաթղթերի, որոնք ԱԳՆ են առաքվում դիվանագիտական փոստով, «Հեռագիրն» ուղարկվում է ծածկագրված, ռադիոկապի միջոցով, գրիֆը` հույժ գաղտնի, ոճը` սեղմ եւ հակիրճ, 1-2 էջից ոչ ավելի: Դա բացատրվում է նաեւ նրանով, որ ռադիոկապը «թանկ հաճույք» է: «Հեռագիրը» դիվանագիտական ծառայության «բարձրագույն պիլոտաժն» է, այն կազմողից պահանջում է մեծ փորձառություն եւ հմտություն, որը ձեռք է բերվում տարիների ընթացքում:

Դիվանագետի հուշերից: 80-ականների սկզբներին, երբ աշխատում էի Սենեգալում որպես Խորհրդային դեսպանության խորհրդական եւ առաջին անգամ փոխարինեցի դեսպանին ժամանակավոր հավատարմատարի կարգավիճակով, հարկ եղավ ներքաղաքական սրված իրադարձության կապակցությամբ «Հեռագիր» ուղարկել Մոսկվա: Երիտասարդ էի եւ, հավանաբար, որոշեցի «ինձ ցույց տալ»: Կազմեցի 3 էջանոց մի հեռագիր եւ չնայած ծավալի վերաբերյալ ռեֆերենտուրայի` տարիների փորձ ունեցող ղեկավարի դիտողությանը, պնդեցի այն ուղարկել: Հաջորդ օրը փոխնախարար Իլյիչովի ստորագրությամբ դեսպանությունը ստացավ ընդամենը երեք բառից բաղկացած պատասխան հեռագիրը. «Պերեստանտե զասարյատ էֆիր»։ Այդ դասը կյանքում չեմ մոռացել: