ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով` իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը իշխանությունը որոշակի խմբերի մեջ կիսելու հեռահար նպատակ է հետապնդում, որից հասարակությունը չի շահելու: Հարցին, թե երկխոսության համատեքստում ՀՅԴ-ն իրեն մեկուսացված չի՞ զգում, Ա. Մինասյանը պատասխանել է. «Եթե մենք խոսում ենք ներքաղաքական հանդուրժողականության, համազգային ներուժի համախմբման, ատելությունը վերացնելու, երկրի առջեւ ծառացած մարտահրավերները համատեղ ուժերով դիմագրավելու մասին, բա ինչո՞ւ են երկուսով երկխոսում, ինչո՞ւ են օտարել մյուս ուժերին, ինչո՞ւ է ՀԱԿ-ն իր վարքագծով ցեխ շպրտում բոլոր այն ընդդիմադիր ուժերի վրա, որոնք փորձում են իր կարծիքից տարբերվող կարծիք արտահայտել: Կամ ինչո՞ւ է իշխանությունը ամեն գնով փորձում ոչ ՀԱԿ-ական ընդդիմությանը մղել մի այնպիսի անկյուն, որպեսզի նսեմացնի նրա դերակատարությունը»: Նաեւ հավելել է. «Ակնհայտ փաստ է, որ այս իրողությունը ձեռնտու է թե՛ իշխանությանը, թե՛ Հայ ազգային կոնգրեսին: Հակառակ դեպքում երկրի միասնականության, ամբողջական ներուժի բացահայտման մասին մտահոգ ուժերը չէին առանձնանա եւ երկուսով չէին սկսի զրույցել` ընդհուպ նաեւ արտահերթ ընտրությունների մասին: Երկուսն էլ հասկանում են, չէ՞, որ արտահերթ ընտրություն չի կարող լինել, համենայնդեպս` խորհրդարանական»: Նրա խոսքով` եթե արտահերթ ընտրություններից բացի, երկխոսողները պետք է այլ հարցեր էլ քննարկեն, ապա դրանք նաեւ քաղաքական մյուս ուժերին են հետաքրքրում. «Արտահերթ ընտրությունները, վստահաբար, ո՛չ կբերեն աղքատության կրճատման եւ ո՛չ էլ արտագաղթի կասեցման, ինչպես պնդում են ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ: Որովհետեւ իրենց իշխանության տարիներին է արտագաղթը հիմնավորվել մեր երկրում»,- ասել է Ա. Մինասյանը: Ըստ նրա` արտահերթ ընտրություններին միտված գործընթացները նաեւ դուրս են սահմանադրական շրջանակներից. «Եթե այդ աստիճան ենք գնացել, նշանակում է` իշխանությունն էլ, ՀԱԿ-ն էլ գնում են հակասահմանադրական ճանապարհով: Ուրեմն երկուսին էլ պետք է կա՛մ հեռացնել, կա՛մ բերել սահմանադրական ուղու վրա»: Ավելին` Ա. Մինասյանի գնահատմամբ` ՀԱԿ-ն ու իշխանությունները զբաղված են ճամարտակություններով, հակառակ դեպքում նրանք չէին հավաքվի արտահերթ ընտրությունների մասին դատարկ խոսակցությունների մասին զրուցելու: