ՀԱԿ-ն ու իշխանությունը ոգեւորել են Ֆիշերին

21/07/2011 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեքշաբթի օրը` հուլիսի 19-ին, Երեւան է ժամանել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽ ԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերը: Մյուս համազեկուցող Ջոն Պրեսկոտը Հայաստան չի եկել տեխնիկական պատճառներով:

Որոշ տեղեկություններով` մի անգլիացի ինքնասպան է եղել` իրեն նետելով այն գնացքի տակ, որում գտնվել է նաեւ Պրեսկոտը, ինչի պատճառով նա ուշացել է Լոնդոն-Երեւան ինքնաթիռից: Եվ քանի որ Երեւան ժամանող հաջորդ ինքնաթիռը նախատեսված էր երեկ ուշ երեկոյան, Պրեսկոտն այլեւս անիմաստ է համարել գալ Հայաստան, քանի որ համազեկուցողների այցը պաշտոնապես այսօր ավարտվում է: Ուստի երեկ Ակսել Ֆիշերը ՀՀ իշխանությունների, խորհրդարանական ուժերի եւ ՀԱԿ-ի հետ հանդիպումներն անցկացրել է առանց իր գործընկերոջ: Նա հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, խորհրդարանական խմբակցությունների, կոալիցիայի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչներին եւ քննարկել է երկրում քաղաքական միջավայրի բարելավմանն ուղղված վերջին զարգացումները: Հիշեցնենք, որ մարտի 16-17-ը Հայաստան կատարած նախորդ այցից հետո համազեկուցողներ Պրեսկոտն ու Ֆիշերը հայտարարություն էին տարածել, որտեղ ընդգծել էին, թե եկել է «նախաձեռնությունները գործողությունների վերածելու ժամանակը»` միաժամանակ զգուշացնելով, որ հակառակ պարագայում իրավիճակը կարող է հանգել «սոցիալական խռովությունների»: Նրանց այդ հայտարարությանը հաջորդած ՀՀ իշխանությունների առաջին գործողությունը մայիսին տեղի ունեցած համաներումն էր, որի արդյունքում ազատ արձակվեցին բոլոր քաղբանտարկյալները: Իսկ արդեն վերջին գործողությունը, որը սպասում էր ԵԽ ԽՎ-ն` ՀԱԿ-իշխանություն երկխոսությունն էր, որն, ինչպես հայտնի է` կայացավ համազեկուցողների այցի նախօրեին: Այսինքն` Ակսել Ֆիշերն իր այս այցի ընթացքում պետք է հիմնականում արձանագրի եւ գնահատի Հայաստանում ստեղծված իրավիճակը, քանի որ հոկտեմբերին Պրեսկոտի հետ համատեղ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների մասին զեկույց են ներկայացնելու ԵԽ ԽՎ-ին:

Դատելով տեղի ունեցած «գործողություններից», հոկտեմբերին համազեկուցողների կողմից հրապարակվելու է Հայաստանի մասին չափազանց դրական զեկույց` մի քանի փոքր առաջարկություններով: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ա. Ֆիշերն իշխանությունների եւ ՀԱԿ-ի հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ նախատեսվող զեկույցում անպայման ընդգծվելու է, որ ՀՀ իշխանությունները զգալի քայլեր են ձեռնարկել Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության գործում դրական տեղաշարժեր կատարելու ուղղությամբ: Ըստ նույն աղբյուրների, Ա. Ֆիշերը նաեւ ընդգծել է, որ նման կարծիքի ձեւավորմանը նպաստել է հատկապես իր այցից առաջ տեղի ունեցած ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը, ինչի անհրաժեշտությունն իրենք կարեւորել էին մարտին ներկայացրած զեկույցում: Մեր տեղեկություններով, Ա. Ֆիշերը կոալիցիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ չի անդրադարձել «Մարտի 1»-ի դեպքերին: Փոխարենը` նա խոսել է ԵԽ ԽՎ-ում ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովում ՀՀ պատվիրակության մասնակցության անհրաժեշտության մասին: Սակայն կոալիցիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասել է, որ ՀՀ պատվիրակությունը չի մասնակցելու այդ խմբի աշխատանքներին` խնդրելով դա փոխանցել նաեւ ԵԽ ԽՎ ղեկավարությանը: Իսկ ԵԽ ԽՎ պատվիրակությունում ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն էլ Ա. Ֆիշերին ասել է, որ եթե ԵԽ ԽՎ-ն ցանկանում է Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների եւ պատվիրակությունների միջեւ փոխադարձ վստահության եւ հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորել, ապա ճիշտ կլինի, եթե ԵԽ ԽՎ-ն սկսի փորձաքննության ենթարկել Ադրբեջանի դասագրքերը, որոնք «զոմբիացնում» են ադրբեջանցի երեխաներին: Ի պատասխան` Ա. Ֆիշերն ասել է, թե` միգուցե ՀՀ պատվիրակությունը մասնակցի՞ ենթահանձնաժողովի աշխատանքներին եւ այնտեղ ներկայացնի իր այդ մտահոգությունները, սակայն Դ. Հարությունյանը բացառել է դա` եւս մեկ անգամ ասելով, որ ՀՀ պատվիրակությունը ԵԽ ԽՎ Բյուրոյին տեղեկացրել է, որ հրաժարվում է մասնակցել այդ խմբի աշխատանքներին: Ըստ ԱԺ կայքէջում տեղադրված հաղորդագրության, Ֆիշերը նշել է, որ հասկանում է հայկական պատվիրակության դիրքորոշումը եւ, ի պաշտոնե մասնակցելով ենթահանձնաժողովի առաջին նիստին, տպավորություն է ստացել` ենթահանձնաժողովը գաղափար չունի, թե ինչ հարցով է զբաղվելու: Նա կոալիցիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ է նաեւ շեշտել, որ ոգեւորված է ՀԱԿ-իշխանություն երկխոսությամբ, ինչպես նաեւ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով, որտեղ, ըստ Ֆիշերի, ընդգրկված է Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների 90 տոկոսը: Նաեւ ասել է, թե այդ ամենը անպայման արտացոլվելու է հոկտեմբերին նախատեսվող իրենց զեկույցում:

Կոալիցիայից երեկ Ա. Ֆիշերին հանդիպել են ՀՀԿ-ական, ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ու Մկրտիչ Մինասյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Բոստանջյանը, իսկ ՕԵԿ-ից որեւէ մեկը ներկա չի եղել: Ն. Զոհրաբյանը հանդիպումից հետո մեզ հետ զրույցում ասաց, որ` հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները` հոկտեմբերին սպասվող ԵԽ ԽՎ համազեկուցողների զեկույցը հիմնականում դրական շեշտադրումներ է պարունակելու: Նրա խոսքով` բոլոր նախադրյալները կան` վստահաբար պնդելու, որ բավականին դրական շեշտադրումներով զեկույց է լինելու: «Կարծում եմ, այս երկխոսությունը բավականին դրական տպավորություն կթողնի համազեկուցողների վրա»,- ասաց նա:

Սակայն շատ կարեւոր է այն, թե` արդյոք այդ դրական զեկույցը ենթադրո՞ւմ է, որ Հայաստանը դուրս է գալու ԵԽ ԽՎ մոնիտորինգի ռեժիմից: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ոչ, Հայաստանը դեռեւս մնալու է մոնիտորինգի տակ, չնայած այն հանգամանքին, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես Ֆիշերի հետ հանդիպման ժամանակ դրական է արտահայտվել իշխանությունների կողմից կատարված քայլերի` համաներման եւ երկխոսության մասին: Իշխանական աղբյուրների փոխանցմամբ` Հայաստանը կշարունակի մոնիտորինգի ենթարկվել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը մոնիտորինգի տակ է. ԵԽ ԽՎ-ն կպահպանի պարիտետն ու անընդհատ կփորձի զուգահեռներ անցկացնել երկու երկրների միջեւ:

ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով, սակայն, ԵԽ ԽՎ համազեկուցողների կողմից հրապարակած ցանկացած զեկույց` դրական թե բացասական շեշտադրումներով, որեւէ նշանակություն չունի, քանի դեռ Հայաստանը գտնվում է մոնիտորինգի տակ: «Դրական կամ բացասական զեկույցը որեւէ կապ չունի իրական բարեփոխումների հետ: Եթե երկիրը գտնվում է մոնիտորինգի տակ, ապա մնացած բաներն արդեն կարեւոր չեն»: Ի դեպ, Զ. Փոստանջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ա. Ֆիշերը «Ժառանգության» հետ 30 րոպե տեւած հանդիպման ժամանակ որեւէ գնահատական չի տվել Հայաստանում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ։ «Նա ընդամենը լսում էր»,- ասաց Զ. Փոստանջյանը: Հանդիպմանը, բացի իրենից, մասնակցել են նաեւ Ստեփան Սաֆարյանն ու Լարիսա Ալավերդյանը եւ բազմաթիվ հարցեր են բարձրացրել: «Ես ասացի, որ մենք խնդիր չունենք, որ իշխանությունները մտածեն իրենց վերարտադրության մասին, բայց այս ձեւո՞վ, որ բացահայտ հայտարարեն, որ իրենք մեծամասնություն են կազմելու, ում ինչքան տեղ են տալու… Ասացի, որ լավ է, երբ հռետորություն է փոխվել, լավ է, որ քաղաքականությունը հայհոյանք չէ, բայց եթե իշխանությունների տրամադրվածությունը վերարտադրությունն է, ապա երկխոսությունն էլ դրա մի մասն է: Ասացի, որ մենք չենք կարող դրական գնահատել այդ երկխոսությունը, որի արդյունքը լինելու է այս իշխանություններին լեգիտիմացնելը: Խոսեցինք նաեւ մամուլի, դատական համակարգի, էկոլոգիայի եւ ԿԸՀ-ի կազմավորման արատավոր գործընթացի մասին: Ասացինք, որ նախկին կեղծարարների համբավ ունեցողներից ձեւավորված ԿԸՀ-ն ամենեւին էլ լավ մեկնարկ չէ արդար ընտրություններ անցկացնելու համար»,- ասաց Ս. Սաֆարյանը` հավելելով, որ այդ ամբողջ ընթացքում Ա. Ֆիշերը որեւէ բառ չի ասել, իսկ հանդիպումից առաջ ընդամենը հայտարարել է, որ ինքը եկել է տեսակետներ լսելու եւ զեկույց պատրաստելու նպատակով: Ի դեպ, Ս. Սաֆարյանն ասաց, որ ինքը հանդիպման ժամանակ խոսել է նաեւ ԱԺ նիստերը բոյկոտելու իրենց որոշման մասին. «Ասացի` մարտ ամսին ձեր այցի ժամանակ այնքան էիք հմայված երկխոսությունով, որ նույնիսկ չհանդիպեցիք ԱԺ խմբակցությունների հետ, այն դեպքում` երբ ձեր զեկույցում մատնանշված պարտավորությունները մեծամասամբ պետք է իրականացվեին խորհրդարանի միջոցով: Նաեւ ասացի, որ այդ ընթացքում խորհրդարանը արագ-արագ Ընտրական օրենսգիրք քննարկեց ու անցկացրեց»:

Իսկ ՀԱԿ-ի հետ հանդիպման ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի խնդրանքով Ֆիշերը ներկայացրել է ԵԽ ԽՎ սեպտեմբերյան նստաշրջանի` Հայաստանին վերաբերող քննարկվելիք խնդիրները եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ գնահատականները: Տեր-Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին` «Մարտի 1»-ի ոճրագործության բացահայտմանն ուղղված նրանց ջանքերի համար եւ կարեւորել է միջազգային հանրության հետեւողական ուշադրությունը` սպանությունների բացահայտման հարցում: Նա ներկայացրել է նաեւ ներքաղաքական գործընթացները Հայաստանում, մասնավորապես` Հայաստանում ժողովրդավարության հաստատման նպատակով իշխանության եւ ընդդիմության միջեւ սկսված երկխոսության ընթացքը: ՀԱԿ առաջնորդը շեշտել է նաեւ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների պահանջը, ազատ, արդար եւ օրինական ընտրություններով Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորման մեխանիզմները, դրա հետ կապված` ընտրական մեխանիզմների բարելավումը: Քննարկվել է նաեւ կեղծիքների մեխանիզմի եւ Հայաստանում հաստատված քրեապետական համակարգի փոխկապակցվածությունը: Ըստ ՀԱԿ հաղորդագրության` զրույցի ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչները բարձրացրել են նաեւ միջազգային դիտորդական առաքելության` ընտրությունների դիտարկման ներկա ձեւերի անարդյունավետությունը եւ 2000 հոգանոց առաքելության ուղարկման, ինչպես նաեւ մոնիտորինգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Կարեւորվել է նաեւ` Հայաստանում հեռուստաեթերի նկատմամբ իշխանության տոտալ վերահսկողության բացառման անհրաժեշտությունը եւ հեռուստատեսության անկախության ապահովման անհրաժեշտությունը: