ՀԱԿ-ի հետ երկխոսության նպատակով ստեղծված իշխանության պատվիրակությունը պատրաստ է ընդդիմության հետ քննարկել ցանկացած հարց:
Երեկ այդ մասին մեզ հետ զրույցում ասաց այդ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Այդ թվում` եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հարցը, որը Կոնգրեսը հայտարարել է որպես երկխոսության հիմնական թեման։ Բացի այդ, նախօրեին ՀԱԿ-ը հայտարարելով, որ պատրաստ է իշխանության հետ շարունակել երկխոսությունը, մի քանի պահանջ էր ներկայացրել: Նախ` պահանջել էր, որ այսուհետ իրենց հանդիպումներն անցկացվեն ավելի չեզոք վայրում: ՀԱԿ-ը ցանկանում է նաեւ, որ իրենց հանդիպումները կա՛մ հեռարձակվեն ուղիղ եթերով, կա՛մ էլ յուրաքանչյուր հանդիպումից հետո «իր տեսակետները հասարակությանը ներկայացնելու համար» ՀԱԿ-ի պատվիրակությանը Հանրային հեռուստաընկերությամբ առնվազն կես ժամ ուղիղ եթեր տրամադրվի: Կոնգրեսի մյուս պայմանը վերաբերում է Հանրային եւ մյուս հեռուստաալիքներով ընդդիմության «հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքի վերացմանը»: Նաեւ`«Պետք է դադարեցնել Կոնգրեսի հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը, տարաբնույթ խոչընդոտների հարուցումը, մասնավորապես` հանրային եւ այլ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը»,- նշված է հայտարարության մեջ:
Իշխանական պատվիրակությունը պատրա՞ստ է քննարկել նաեւ այս խնդիրները: Դ.Հարությունյանը կարծում է, որ «ցանկացած հարց քննարկման ենթակա է, եւ երկխոսությունը հենց նրա համար է, որ այդ հարցերը քննարկվեն»: Հաջորդ հանդիպման վայրի կամ օրվա հետ կապված դեռ որոշում չկա, բայց այս հարցն այլեւս խնդիր չէ: Հատկապես որ, Դ.Հարությունյանն ու ՀԱԿ-ի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանն արդեն փոխանակել են իրենց հեռախոսահամարները: Արդյոք իշխանական պատվիրակությունը այս օրերին որոշե՞լ է, թե քննարկման ինչ օրակարգ է դնելու բանակցային սեղանին: Չէ՞ որ ի սկզբանե հայտարարված էր, որ կողմերն ունեն իրավահավասարություն եւ կարող են ներկայացնել երկխոսության սեփական օրակարգը: «Մենք նախորդ անգամ արդեն հայտարարել էինք օրակարգային խնդիրներից մեկի մասին, դա քաղաքակիրթ քաղաքական մրցակցության փոխադարձ ընդունելի կանոնների մշակումն էր: Ես կարծում եմ, որ պետք է սկսել այդ խնդրից, մնացածը հետո կերեւա»,- պատասխանեց Դ.Հարությունյանը:
Հուլիսի 18-ին, երբ պետք է տեղի ունենար ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների հանդիպումը, տեղեկություն եղավ, որ Դ.Հարությունյանն առավոտյան այդ կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում է ունեցել: Նա հաստատեց այդ տեղեկությունը: «Իհարկե, եւ ոչ միայն այս կապակցությամբ: Լինելով կոալիցիայի անդամ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, այո, ես պարբերաբար` շաբաթը առնվազն մեկ-երկու անգամ, հանդիպում եմ նախագահի հետ: Եվ, բնականաբար, քննարկում ենք շատ խնդիրներ: Երկխոսության անհրաժեշտության մասին հարցերը միշտ էլ քննարկում ենք»,- ասաց նա:
Արդյո՞ք այս օրերին իշխանական խմբի անդամները քննարկել են, թե էլ ինչ հարցեր են դնելու բանակցության սեղանին: Կամ ընդհանրապես ինչպե՞ս են ներկայացնելու իրենց հարցերը: Պատվիրակության մեջ կոալիցիոն կուսակցությունների անդամնե՞րն են հարցեր ներկայացնելու, թե՞ դրանք ձեւավորվելու են աշխատանքային խմբում քննարկման արդյունքում: Դ.Հարությունյանն ասաց, որ օրակարգը որոշելու են ընդդիմության հետ հաջորդ հանդիպման ժամանակ: Իսկ միգուցե բերելու են Ս.Սարգսյանի կողմից արդեն ներկայացված հարցե՞րը: Կամ արդյո՞ք իրենց հանդիպումների ժամանակ նախագահը Դ.Հարությունյանին ուղղորդել է, թե ինչպես կամ ինչ հարցերի շուրջ տանել երկխոսությունը: «Բնականաբար, նախագահն ունի նաեւ օրակարգային իր հարցերը, բայց, կարծում եմ, որ մենք դրանց կանդրադառնանք ավելի ուշ»,- պատասխանեց Դ.Հարությունյանը:
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանն էլ պատասխանեց, թե իրենց օրակարգի հիմնական հարցը, ինչպեսեւ հայտարարել էին, արտահերթ ընտրությունների թեման է: Իսկ մնացածը կորոշվի ընթացքում: Նրա ասելով` հաջորդ հանդիպման օրվա եւ վայրի համար դեռ պայմանավորվածություն չունեն: