Առաջարկել է քննարկել Գավառի քաղաքապետի հարցը

21/07/2011

ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին` առաջարկելով քննարկման առարկա դարձնել Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը` նկատի ունենալով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հիմնավորված փաստական հանգամանքները: Մասնավորապես` Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, տեղեկանալով իր ազգականներ` եղբայրներ Արամ եւ Արթուր Մարտիրոսյանների, ինչպես նաեւ Հրաչյա Պետրոսյանի կողմից Գավառ քաղաքի Ազատության փողոցում գտնվող «Պարտեզ» խանութի մոտակայքում նույն քաղաքի բնակիչներ Հակոբ եւ Հովսեփ Հովհաննիսյանների ու Սպարտակ Զարգարաղոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մասին, փորձել է օժանդակել նրանց փախուստին, եւ իրավապահներից թաքցնելու նպատակով` դեպքից անմիջապես հետո նախապես չխոստացված էական օգնություն ցուցաբերել վերջիններիս: Նախաքննական մարմնի գնահատմամբ, Գուրգեն Մարտիրոսյանը կատարել է առանձնապես ծանր հանցագործության պարտակում` հանցանք կատարած անձանց, ինչպես նաեւ հանցագործության կատարման գործիքների` նախապես չխոստացված պարտակում, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով: Արամ եւ Արթուր Մարտիրոսյանները եւ Հրաչյա Պետրոսյանը հայտնաբերվել են, եւ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա նրանց մեղադրանք է առաջադրվել: Նրանց մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ եւ ուղարկվել դատարան` ըստ էության քննելու համար: Նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011թ. մայիսի 26-ի որոշման 6-րդ կետը նախատեսում է կարճել նախաքննության մարմինների վարույթում գտնվող այն քրեական գործերը, որոնցով անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով ազատազրկում, այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ազատազրկման ժամկետը չի գերազանցում երեք տարին, եւ մեղադրյալ Գուրգեն Մարտիրոսյանը խնդրել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել համաներման ակտի ընդունման կապակցությամբ, 2010թ. հուլիսի 8-ին վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման ակտի ընդունման կապակցությամբ: Վարչապետին տեղեկացնելով քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի կատարած արարքի մասին` ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը: