Ազգային վիճակագրական ծառայության կողմից երեկ հրապարակված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունիսին (նախորդ տարվա հունիսի նկատմամբ) կազմել է 2.3%։ Հիշեցնենք, որ մայիսին ՏԱՑ-ի ցուցանիշը գրեթե երկնիշ թիվ էր կազմել՝ 9.9%, ինչը ոգեւորել էր մեր իշխանություններին։ Իսկ ապրիլին ՏԱՑ-ը 7.7% էր։ Հաշվի առնելով նախորդ ամիսների այդ ցուցանիշները՝ կարելի է ասել, որ մտահոգվելու տեղ, այնուամենայնիվ, կա. տնտեսական աճը դանդաղում է։ Սակայն, ինչպես միշտ, այս անգամ եւս վիճակագրության մեջ կա մի ցուցանիշ, որը «փրկօղակի» դեր է կատարելու։ Սակայն ամեն ինչ` հերթով։
Վիճակագիրները փայլուն արդյունքներ են արձանագրել արդյունաբերության ոլորտում։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունիսին կազմել է 87.2 միլիարդ դրամ, ինչը 24.7%-ով գերազանցում է նախորդ տարվա հունիսի ցուցանիշը, եւ 5.8%-ով՝ այս տարվա մայիսի ցուցանիշը։
Էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 16.4%-ով։ Հունիսին արտադրվել է 637.4 մլն կՎտ/ժ էներգիա։
Գյուղատնտեսության ոլորտում նույնպես հունիսին ունենք երկնիշ աճ. նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 10.1% աճ, իսկ այս տարվա մայիսի նկատմամբ՝ ավելի քան 40% աճ։
Ծառայությունների ծավալը հունիսին կազմել է 73 մլրդ դրամ։ Այստեղ նույնպես աճ է արձանագրվել՝ 4.9%` նախորդ տարվա հունիսի համեմատ։ Ճիշտ է, արդյունաբերության հետ չես համեմատի, բայց էլի դրական միտում է։
Առեւտրի շրջանառությունը հունիսին գերազանցել է 163մլրդ դրամը, ինչը 6%-ով բարձր է նախորդ տարվա հունիսի ցուցանիշից։
Հունիսի միակ «անհաջողակը» շինարարության ոլորտն է։ Նախորդ տարվա հունիսի համեմատ ոլորտի արտադրանքը նվազել է 31.3%-ով եւ կազմել 39.7 միլիարդ դրամ։ Սակայն առաջին հայացքից տնտեսության կարեւոր ոլորտներից մեկի ամսական այս ձախողումը կարող է ներկայացվել որպես ձեռքբերում։ Ինչպես հայտնի է, մեր կառավարությունը շատ է սիրում խոսել տնտեսության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին։ Այսինքն՝ հարկավոր է փոքրացնել շինարարության տեսակարար կշիռը տնտեսության մեջ եւ փոխարենը` զարկ տալ արդյունաբերությանն ու մյուս ոլորտներին։ Տեսակարար կշռի փոքրացումը, սակայն, չի նշանակում, որ ոլորտը պետք է նվազի։ Հակառակը՝ պետք է աճի, իսկ տեսակարար կշռի փոքրացումը պետք է տեղի ունենա մյուս ոլորտների առաջանցիկ աճի հաշվին։ Մեզանում, ինչպես տեսնում եք, դիվերսիֆիկացիան տեղի է ունենում անկման շնորհիվ։
Անցնենք առաջ։ Միջին ամսական անվանական աշխատավարձը, ըստ հայրենի վիճակագիրների, հունիսի դրությամբ կազմել է 114.138 դրամ, ինչը նախորդ տարվա հունիսի ցուցանիշից բարձր է 4.9%-ով։ Սակայն նույն հրապարակումը ցույց է տալիս, որ աշխատավարձը ակնհայտորեն ետ է մնում գնաճի հետ մրցավազքում. պաշտոնական տվյալներով` սպառողական գները 12 ամսվա կտրվածքով աճել են 8.5%-ով։
Արտաքին առեւտրի ոլորտում դինամիկան դրական է։ Նախորդ տարվա հունիսի համեմատ արտահանումը աճել է 32.5%-ով եւ կազմել 115.6 միլիոն դոլար, իսկ ներմուծման աճը եղել է 4.3% (ներմուծման ծավալը հունիսին՝ 325.4 միլիոն դոլար)։ Այդուհանդերձ, հունիս ամսին մեր արտաքին առեւտրի բացասական սալդոն կազմել է շուրջ 210 միլիոն դոլար։ Սա նշանակում է, որ կես տարվա կտրվածքով Հայաստանի արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը մոտենում է 1.3 միլիարդ դոլարին։
Սրանք են կիսամյակն ամփոփող նախնական ցուցանիշները։ Դրանք նախնական են եւ արտացոլում են ընդամենը ամսական համեմատություններ։ Հունվար-հունիս ժամանակահատվածի ամբողջական վերլուծությունը ԱՎԾ-ն կներկայացնի որոշ ժամանակ անց։