Ամերիկան կօգնի

11/11/2005

Այսօր Թբիլիսիում տեղի ունեցավ վրաց-օսյան հակամարտության կարգավորումը համակարգող խմբի հերթական նիստը՝ վարչապետ Զուրաբ Նողաիդելու ղեկավարությամբ: Այդ հանդիպմանը Վրաստանի կառավարությունը մանրամասնորեն գրանցել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ ծրագրի իրագործման համար անհրաժեշտ բոլոր առաջնահերթ միջոցառումները: Կարեւոր սրբագրումներ է մտցրել բանակցային գործընթացին միանալու ԱՄՆ-ի պատրաստակամությունը, ինչի մասին վերջնականապես հայտնի դարձավ օրերս տարածված ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական հայտարարությունից:

Պետդեպարտամենտն իր հայտարարությունում հավանություն տվեց վրաց-հարավօսյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Վրաստանի առաջարկած ծրագրին եւ, փաստորեն, հաստատեց բանակցություններին մասնակցելու ցանկությունն ու պատրաստակամությունը. «ԱՄՆ-ը, աջակցելով Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքին, պատրաստ է աշխատել հակամարտության երկու կողմերի եւ բոլոր միջնորդների հետ՝ վստահության ամրապնդման, տնտեսական զարգացման առաջընթացի, ինչպես նաեւ` տարածաշրջանում խաղաղության եւ բարգավաճման համար»:

Վրաստանի ԱԳՆ-ն այդ կապակցությամբ իր հայտարարությունում նշեց, որ այժմ նույնը պետք է սպասել Ռուսաստանից, եւ Պետդեպարտամենտի հայտարարությունն անվանում է պատմական՝ երկրի տարածքային ամբողջականության վերականգնման տեսակետից: Դրա հետ մեկտեղ` նշվում է, որ Վրաստանի տարածքային խնդիրների լուծման գործում ակտիվանալու ԱՄՆ-ի պատրաստակամությունը միջազգային հանրությունը չպետք է գնահատի այնպես, որ այդ կամ մի այլ երկրի զորամիավորումները՝ որպես խաղաղարարներ, արագ հայտնվելու են Վրաստանում: Դրա տակ հավանաբար պետք է հասկանալ, որ Վաշինգտոնը, հնարավոր է, ակտիվություն դրսեւորի դիվանագիտական գծով: Համենայնդեպս՝ տվյալ փուլում:

Բայց ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության նման մեկնաբանությունը ձեռնտու չէ ոչ Հարավային Օսիային, ոչ Ռուսաստանին, որոնք համարում են, որ բանակցությունների ներկա ձեւաչափի ցանկացած փոփոխություն ընդունակ է խախտել հաստատված սխեման եւ ապակայունություն մտցնել տարածաշրջանում, որտեղ, անաչառորեն ասած, արդեն տասը տարի ո՛չ խաղաղություն կա, ո՛չ պատերազմ: Հանկարծ անսպասելի առաջարկ հետեւեց Թբիլիսիի կողմից չվերահսկվող մյուս ինքնավարությունից՝ Աբխազիայից: Վրացական հեռուստաալիքների տեղեկությունների համաձայն, նրա ղեկավար Սերգեյ Բագապշը առաջարկեց, ռուսաստանյան խաղաղարարների հեռանալու դեպքում, նրանց փոխարինել աբխազական «երկնագույն սաղավարտներով»: Այդ հայտարարության մանրամասները՝ փոխարինման իրականացման մեխանիզմներն, անհայտ են:

Այնուամենայնիվ, հասկանալով աբխազյան հայտարարության անհիմն լինելը, Թբիլիսին հասարակայնության ուշադրությունը կենտրոնացրել է այլ բանի՝ վրաց-օսյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Սահակաշվիլիի ծրագրի պարզաբանման վրա: Առաջին հերթին եւ գլխավորը` դրվում է Հարավային Օսիայի Վրաստանի կազմի մեջ մտնելը՝ ինքնավարության ամենալայն իրավունքներով, Հարավային Օսիայի տարածքում օսերենին պետական լեզվի կարգավիճակ շնորհելը, ինքնավարության ներկայացուցիչների մտնելը կենտրոնական իշխանական կառույցներ, տարածաշրջանում ազատ առեւտրի գոտի մտցնելու հնարավորությունը, ռազմական գործողությունների արդյունքում տուժած տարածաշրջանի բնակիչներին փոխհատուցումներ տալը եւ այլն: Այս ամենը կամրագրվի Վրաստանի Սահմանադրությունում:

Սակայն Հարավային Օսիայի իշխանությունները շարունակում են տարածաշրջանի իրավիճակին նայել յուրովի: Նրանք դեմ չեն ազատ առեւտրի գոտուն, դեմ չեն իրավունքների վերականգնման մասին օրենքի գործարկմանը, դեմ չեն կայուն խաղաղությանը, բայց… այդուհանդերձ կոչ են անում Հարավային Օսիան դիտել որպես անկախ պետություն:

Այնուամենայնիվ, հակամարտությունների կարգավորման հարցերով Վրաստանի պետնախարար Գեորգի Խաինդրավան լավատեսորեն է տրամադրված. «Այն, որ Վրաստանի նախագահի ծրագիրը հավանության է արժանացել միջազգային հանրության կողմից, եւ դրան հետեւած ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը արդեն խոսում են այն մասին, որ իրադրության մեջ բեկում է նախատեսվում: Համատեղ վերահսկիչ հանձնաժողովի վերջին նիստի շրջանակներում կարգավորման եռափուլ ծրագիրն ընդհանուր առմամբ հավանության արժանացրին ՀՎՀ-ի բոլոր մասնակիցները: Դրա տակ ստորագրեց Ռուսաստանի ներկայացուցիչը, եւ դա արդեն բեկումնային է»: Նրա խոսքերով, կարգավորմանը ԱՄՆ-ի մասնակցության հարցը նույնպես լուծելի է:

«Քվիրիս գազետի» (Վրաստան)
www.mediadialogue.org