Չորրորդը` թյուրիմացաբար

21/07/2011 Արա ԳԱԼՈՅԱՆ

Էս շաբաթ տնտեսական տեղեկատվությունից ամենաանհասկանալին ռուսական լրատվամիջոցների հայտարարածն էր: Պարզվում է` իրենք ամենաէժան էլեկտրաէներգիա արտադրողն են: Ո՞վ կկասկածեր: Համ գազ ունեն, համ նավթ: Դրան գումարած` լայնահուն գետեր: Անցած դարի հիդրոէլեկտրակայաններով: Դրանք, իհարկե, պարբերաբար շարքից դուրս են գալիս: Բայց դե, ֆինանսական վնասներն ու առավել եւս` մարդկային կորուստները Ռուսաստանում հաշվելն ընդունված չէ: Մեծ երկիր է: Բնակչության թիվն, արդեն 150 տարի է, 150 մլն-ից չի անցնում: Ավելին` համառորեն ու հաստատ պակասում է: Տարեկան կեսից մեկ մլն մարդով: Ռուս ազգայնականները դրա մեջ, իհարկե, դավադրություն են տեսնում: Տիեզերական մասշտաբի դավադրություն: Նրանց կարծիքով` բոլորն են իրենց դեմ պայքարում: Ապահովելով Ռուսաստանի պատմական ու նույնքան տխուր ներկան: Աշխարհի մեկ վեցերորդը կամ մեկ հիգերորդը զբաղեցնող երկիրը ում ասես չի մեղադրում: Դրան գումարած` հետաքրքրվում է: Հետաքրքրվում է, թե ով ինչով է զբաղված: Օրինակ, հանրահայտ Չուբայսը: Անատոլի Բորիսովիչն, օրինակ, մի քանի տարի առաջ պնդում էր, որ Հայաստանը օրինակելի պետություն է: Հատկապես օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց վճարման տեսանկյունից: Նա գիտեր, որ մեր երկրում վճարում են բոլորը: Հատկապես պարզ սպառողները: Այսինքն` ՌԱՕ ԵԷՍ-ի ղեկավար աշխատած պարագային` Չուբայսը երազում էր, որ Ռուսաստանի բնակչությունը մատակարարած էլեկտրաէներգիայի դիմաց վճարման նույն ցուցանիշն ունենա, ինչն առկա էր Հայաստանում: Պետական հարկերի պարտադիր վճարման համակարգին Անգլիան, օրինակ, եկավ Ռիչարդ Առյուծասիրտի գահակալության շրջանում: Հետո Անգլիան լուրջ պետություն դարձավ: Աշխարհակալ պետություն: Մեր պարագան այլ էր: 1993-ին անջատվեց Հայաստանի էլեկտրամատակարարումը: Վերականգնվեց 1996-ին, երբ բոլորիս բացատրեցին, որ անխափան մատակարարման համար հարկավոր է վճարել: Ճիշտ այդ թվից, ժամանակակից բառապաշարով ասած` հարց չկա: Փողը տուր` հոսանքը ստացիր: Հիմա արդեն ուրիշ էտապ է: Ռուսաստանը զարմացած է: Պարզվում է` էժան հոսանք արտադրողների մեջ Հայաստանը չորրորդ երկիրն է: Մենք հոսանք արտադրում ենք ընդունված բոլոր մեթոդներով: Այսինքն` ատոմակայանով, հիդրո- եւ ջերմակայաններով: Ատոմակայանի ու ջերմակայանների արտադրության հոսանքի գինը պայմանավորված է ռուսաստանյան մատակարարումներով: Հիդրոկայանների արտադրած հոսանքի գնի հետ ռուսական ընկերությունները կապ չունեն: Մասամբ` նաեւ այն պատճառով, որ նորագույնները ոչ ռուսական տեխնոլոգիաներով նորոգվեցին: Նորոգվելն, իհարկե, որեւէ կապ չունի: Գերմանական վարկով նորոգված Քանաքեռի հէկ-ը մենք ռուսաստանյան ընկերություններին սեփականաշնորհեցինք` առանց տնտեսական լուրջ հաշվարկի: Հետեւաբար, ռուսաստանյան ընկերությունները մեր երկրում հոսանքի արտադրության ինքնարժեքի հաշվարկի հարցում կատարյալ ազատ են: Ստեղծագործելու աստիճան ազատ: Մի կողմից` հանրապետությունը Գերմանիայից վերցրած պարտքն է մարում: Մյուս կողմից` ռուսաստանյան ընկերություններն իրենց ներդրումների արժեքն են պարտադրում հաշվարկել էլեկտրաէներգիայի ինքնարժեքի մեջ: Չներդրած ներդրումների: Բայց սա ոչ ոքի չի հետաքրքրում: Ռուսաստանն այսօր հայտարարել է, որ մենք չորրորդ պետությունն ենք: Չորրորդը` էժան էլեկտրաէներգիա արտադրողների մեջ: Ռուսաստանը երբեք ու ոչ մի կոպեկ չի ներել Հայաստանի պարտքը: Անգամ չի հետաձգել պետական պարտքի վճարումը: Ու հիմա հայտարարում է, որ մենք, իմա` Հայաստանը, հոսանք արտադրում ենք Ղազախստանի ու Բելառուսի հետ համեմատած ու համարյա նույն կարգավիճակով:

Եթե համեմատեք ռուսաստանյան կողմի հայտարարությունը մեր վճարումների հետ, ահագին բան չեք հասկանա: Հատկապես այն իմաստով, թե որքան է վճարում ռուսաստանցի սպառողը մեկ կվտ հոսանքի համար` հայաստանյան սպառողի դիմաց: Եթե այս ամենին գումարենք նաեւ այն փաստը, որ Հայաստանում բնակչությունը համարյա հարյուր տոկոս վճարման ցուցանիշ ունի, ապա անհասկանալի է, թե ինչու ենք մենք չորրորդը էլեկտրաարտադրության ոլորտում: Գյուղմթերքների վերամշակման հայաստանյան ցուցանիշները համեմատելի են ռուսաստանյան մետաղաձուլական ձեռնարկությունների ցուցանիշների հետ: Հայկական արտադրության հյութի, ջեմի, կոնցենտրատի արտադրության ինքնարժեքում էներգակիրների արժեքը համարյա համապատասխանում է ռուսաստանյան պողպատաձուլության ցուցանիշներին: Հետեւաբար, հարկավոր է լուրջ քննություն անցկացնել: Կամ` մեր գյուղմթերքների վերամշակող ձեռնարկություններն են հաշվետվությունները կեղծում: Կամ` եվրոպական արտադրության գյուղմթերքներն են անհավանական էժան: Կամ` ռուսներն են ինչ-որ բան կեղծում։ Համեմատեք ինքներդ: Ես եվրոպական ֆերմերի կենցաղով ապրող հայ գյուղացի չգիտեմ: