Փողեր, փողեր

21/07/2011

«Տարեկան Հայաստանից Վրաստան է արտահոսում շուրջ 300 մլն դոլար»,- երեկ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Կապիտալների փախուստ` հետխորհրդային տարածության ֆենոմենը» թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նման հայտարարություն է արել «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքով` միայն զբոսաշրջային սեզոնին հայ զբոսաշրջիկները Վրաստանում են թողնում մոտ 100 մլն դոլար: Ըստ նրա` նաեւ հայ գործարարներն են ներդրումներ անում ծովափնյա հանգստավայրերում` հյուրանոցների, ենթակառուցվածքների շինարարության մեջ: «Կա պաշտոնական եւ ոչ պաշտոնական վիճակագրություն: Ոչ բոլոր ներդրումներն են արվում բանկերի միջոցով»,- ասել է Մանասերյանը` միաժամանակ հայտարարելով, թե հայ գործարարները ներդրումներ են անում նաեւ Վրաստանի տնտեսության այլ ճյուղերում: Անդրադառնալով հարկային դաշտին` Թ. Մանասերյանը նշեց, որ չափերի տեսակետից Հայաստանում եւ Վրաստանում վիճակը շատ չի տարբերվում, սակայն Վրաստանում տնտեսության զարգացման համար կարեւոր ճյուղերում գործարարներին տրվում են զգալի հարկային արտոնություններ: