Գործարարների կուսակցություն

21/07/2011

Արտասահմանում գործող վրացի գործարարները հոկտեմբերին պատրաստվում են քաղաքական կուսակցություն ստեղծել Վրաստանում: Վրացական «Գրուզիա օնլայն» գործակալության հաղորդմամբ` կուսակցության ստեղծման նախաձեռնողը ռուսաստանաբնակ Մինդիա Գուլուան է: Նախորդ շաբաթ նա Ստամբուլում հանդիպել էր վրացի մի խումբ համախոհների հետ, որոնց հետ քննարկել է այդ հարցը: Գուլուան ասել է, որ կուսակցությունը միավորելու է մաքուր կենսագրություն եւ մեծ պրոֆեսիոնալիզմ ունեցող մարդկանց: Նրա խոսքով` ինքը մտադիր է շարունակել նման հանդիպումները եւ խորհրդակցությունները: Իսկ հանդիպման մասնակից կինոռեժիսոր Լեւան Անջափարիձեն հայտարարել է, որ կուսակցությունը մասնակցելու է 2012թ. խորհրդարանական ընտրություններին: Նրա խոսքով` կուսակցությունում կընդգրկվեն հայտնի գործարարներ, սակայն, թե ովքեր են լինելու` չի հայտնել: Գործակալության փոխանցմամբ` կուսակցության արտաքին քաղաքական վեկտորը լինելու է եվրաինտեգրումն ու ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության շարունակումը, ինչպես նաեւ` ՆԱՏՕ-ին անդամակցելը: Կուսակցությունն իր առջեւ նպատակ է դրել նաեւ բարելավել հարաբերությունները Ռուսաստանի եւ այլ երկրների հետ: