«WikiLeaks» կայքի գաղտնազերծումներից մեկն անդրադառնում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Քեյդենաուի միջեւ 2009թ. տեղի ունեցած հանդիպմանը: Վրացական «Գրուզիա օնլայնի» փոխանցմամբ` գաղտնազերծված փաստաթղթից երեւում է (այն պատկանում է ԱՄՆ Պետքարտուղարությանը), որ հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, տարածաշրջանային նշանակության հարցերին: Հանդիպման ժամանակ Սահակաշվիլին ասել է, թե ինքը հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավումը (2009թ. հոկտեմբերին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները, որոնք, սակայն, այդպես էլ կյանքի չկոչվեցին) որպես դրական քայլ է դիտարկում եւ հուսով է, որ «վերջին իրադարձությունները Հայաստանին կդրդեն դուրս գալ Ռուսաստանի ազդեցության ոլորտից»: Քեյդենաուն իր հերթին համաձայնել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարող է դրական անդրադառնալ Հարավային Կովկասի վրա (մասնավորապես` տնտեսական զարգացման):