Երեկ` հուլիսի 20-ի առավոտյան, ժամը 7:00-ի սահմաններում, անհայտ քաղաքացին Ոստիկանության Կենտրոնականի բաժնի Նորք-Մարաշի բաժանմունքին հայտնել է, որ Նար-Դոսի 75 շենքի բակում երիտասարդ տղայի դիակ կա: Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ շտապ այնտեղ է մեկնել Ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը` Կենտրոնականի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվ խումբը նշված շենքի չորրորդ մուտքի դիմաց հայտնաբերել է նույն շենքի 97 բնակարանի բնակիչ, 27-ամյա Արսեն Հովհաննիսյանի դիակը: Դեպքի վայրում հարեւանները ֆոտոլրագրող Գ. Շամշյանին պատմել են, որ երիտասարդը ցանկացել է գողություն անելու նպատակով մուտք գործել 4-րդ հարկի իրենց հարեւանի տուն, սակայն չկարողանալով գողությունը ավարտին հասցնել, ընկել է ցած: Որտեղից նա ցանկացել է գողություն կատարել, միայն հասցրել է կոտրել այդ բնակարանի ապակին: Ի դեպ, նշված բնակարանի տերերը գտնվում էին շրջանում եւ ավելի ուշ են ժամանել հանցանքի վայր: Դիակի կողքին ընկած էին ձեռնոցներ, գլխարկ եւ մեծ քար:
Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում` դատահետքաբանական, մատնադրոշմային եւ դիակի փորձաքննություն: Իրականում ինչն է եղել երիտասարդի մահվան պատճառը, կպարզի քննչական բաժինը:
Լուս.` Գագիկ Շամշյանի