Նախընտրական կրքեր կոնսերվատորիայում

21/07/2011

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` հունիսի 28-ին, իր դիմումի համաձայն, դադարեցվել են Կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները եւ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանը:

Սերգեյ Սարաջյանը Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնին է անցել 2002 թվականից` նախկին ռեկտոր Արմեն Սմբատյանից հետո: Վերջինս այդ ժամանակ նշանակվելով ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնում` ամեն ինչ արեց, որպեսզի ռեկտորի պաշտոնը զբաղեցնի Ս. Սարաջյանը, ում հետ դեռ մի քանի ամիս առաջ բավական ջերմ հարաբերություններ ուներ: Ականատեսները պատմում են, որ ամիսներ առաջ Ս. Սարաջյանը եւ Ա. Սմբատյանը ռեկտորի կաբինետում այնքան բուռն վիճաբանություն են ունեցել, որ նրանց ձայնը հասել է մինչեւ առաջին հարկ: Բայց թե ինչն է հատկապես եղել երբեմնի ընկերների վեճի բուն պատճառը` որեւէ մեկին հայտնի չէ: Ս. Սարաջյանը եւս այդ մասին չի արտահայտվում:

2011թ. հունիսի 6-ին Հայաստանում մեկնարկել էր Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որի ժյուրիի նախագահը պետք է լիներ Սերգեյ Սարաջյանը, ով այն ժամանակ դեռ Կոնսերվատորիայի ռեկտորն էր: Սակայն, բոլորի համար անսպասելի, հանկարծ պարզվում է, որ ժյուրին նախագահելու է տաղանդավոր դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը: Այն, որ բոլորն են գնահատում Ս. Նավասարդյանի տաղանդը, եւ որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցել, թե ինչո՞ւ է նա ղեկավարում ժյուրին` ակնհայտ էր:

Սակայն նախապես հայտարարվել էր, որ ժյուրին նախագահելու է Սարաջյանը: Ի՞նչ պատահեց հանկարծ: Պատմում են, որ մրցույթից 2 շաբաթ առաջ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր մոտ է հրավիրել Ս. Նավասարդյանին եւ տեղեկացրել, որ Սարաջյանի փոխարեն` ինքը պետք է գլխավորի ժյուրին: Այդպես էլ եղավ:

Ա. Սմբատյանի` Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը թողնելուց հետո էլ չեն դադարել այն կարծիքները, որ նրա ուրվականը մշտապես շրջում է Կոնսերվատորիայում: Ավելին, բոլորը հաստատապես գիտեին, թե Սարաջյանի վրա ինչպիսի մեծ ազդեցություն ունի նա: Ավելին, ադմինիստրացիայի մեծ մասը Ա. Սմբատյանի «կադրերն» են, եւ բոլոր հարցերում նրա կարծիքը որոշիչ է եղել:

Ռեկտորի պաշտոնի թափուր տեղի համար այսօր պայքարում են պաշտոնակատար նշանակված` ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանը եւ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի որդին` Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը:

Շահեն Շահինյանի մասնագիտական տվյալներով թեեւ Կոնսերվատորիայի դասախոսական կազմը հիացած չէ (սովորական մասնագետ է), սակայն ասում են, որ հայտարարված թեկնածուներից` «չարյաց փոքրագույնն է»: Շ. Շահինյանի թեկնածությանը դեմ արտահայտվողները հիմնականում մատնանշում են այն փաստը, որ վերջինս Արմեն Սմբատյանի հետ քավոր-սանիկային հարաբերություններ ունի, հետեւաբար, դարձյալ Սմբատյանի իշխանությունը կշարունակի տիրել Կոնսերվատորիայում:

Ոմանք էլ հիշատակում են այն հանգամանքը, թե Շ. Շահինյանի հայրը ժամանակին Սիլաչիում «մսի պասաժ»-խանութ է ունեցել, այսինքն` մսավաճառի որդի է: Սակայն, որպես դրական կողմ` նշվում է, որ Շ. Շահինյանը լավ մենեջեր է. նշվում է, որ ժամանակին նա բազմիցս փորձել է Ս. Սարաջյանին համոզել բարձրացնել պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը, շենքային պայմանները բարեկարգել, սակայն վերջինս մշտապես դիմադրել է: Ի դեպ, Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմն, ի տարբերություն մյուս բուհերի` ամենացածր աշխատավարձն է ստանում` դեռեւս Ա. Սմբատյանի ժամանակներից սկսած: Պրոֆեսորների աշխատավարձը մոտ 60.000 դրամ է, իսկ ամբիոնների վարիչներինը` մոտ 70.000 դրամ (ընդ որում, նկատենք, որ այս տարվա փետրվարին մոտ 10.000 դրամով բարձրացրել էր Սարաջյանը): Եվ սա` այն դեպքում, երբ Կոնսերվատորիայի վճարովի տեղերի համար վարձավճարը 600.000 դրամ է, եւ Կոնսերվատորիայի շենքից որոշ տարածքներ տարիներ շարունակ տրված են վարձակալության: Կոնսերվատորիայի դասախոսները տարիներ շարունակ նույնիսկ Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի օրինակն էին բերում, որտեղ վարձավճարն ավելի ցածր է, իսկ աշխատավարձերը` բարձր: Եվ դա` այն դեպքում, երբ այնտեղի բազմաթիվ դասախոսներ չունեն նման բարձր որակավորում, ինչպիսին Կոնսերվատորիայի դասախոսական կազմը: Մանկավարժական ինստիտուտի բազմաթիվ դասախոսներ մասնագիտացում ստացել են հանրակրթական դպրոցներում դասավանդելու համար:

Ամենահետաքրքիրն այն է, որ Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի բազմաթիվ ներկայացուցիչներ լսելով Ավետ Տերտերյանի որդու` Ռուբեն Տերտերյանի անունը, պատասխանում են. «Դրա անունը չտաք… հետո՞ ինչ, որ նա Տերտերյանի տղան է, ի՞նչ է արել իր կյանքում, շարքային միջակություն է»:

Հայաստանից 18 տարի բացակայելուց հետո (Արգենտինա, Էկվադոր, Հարավային Ամերիկա)` նա վերադարձել է, ու ոչ ոք չգիտի` ինչո՞վ է այնտեղ զբաղվել: Առհասարակ, երաժիշտների, նույնիսկ` երաժշտագետների արտերկրում ունեցած որեւէ հաջողության մասին Հայաստանում անմիջապես իմանում են եւ ըստ արժանվույն գնահատում: Դասական երաժշտության ոլորտի մասնագետներն այդպիսին են. նույնիսկ, եթե անձնական որեւէ համակրանք չունենան իրենց երբեմնի կոլեգայի նկատմամբ, միեւնույն է, չեն կարող չգնահատել նրա տաղանդը եւ հաջողությունները, եթե որեւէ երկրում որեւէ հաջողություն արձանագրած լինեն: Իսկ Ռ. Տերտերյանի եւ նրա գործունեության մասին որեւէ մեկին եւ ոչինչ հայտնի չէ: Որպես նրա միակ արժանիք` նշվում է Ավետ Տերտերյանի որդին լինելու հանգամանքը:

Օրեր առաջ հայ երաժշտարվեստի մի շարք կարկառուն դեմքեր նամակ էին գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, որտեղ դեմ էին արտահայտվել Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Շահեն Շահինյանի թեկնածությանը: Նամակը ստորագրած 8 երաժիշտների մեջ էին Էդվարդ Միրզոյանը, Կոնստանտին Օրբելյանը: Նրանք առաջարկել են իրենց թեկնածուին` կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի որդուն` երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Ռուբեն Տերտերյանին, ով երկար ժամանակ բնակվել է Հարավային Ամերիկայում, բայց վերջին ամիսներին վերադարձել է Հայաստան եւ, նամակագիրների կարծիքով, կարող է լավ ռեկտոր լինել:

(Ի դեպ, մամուլում նաեւ նշվել էր, թե Էդվարդ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ` փոխանցելով իր մտահոգությունները: Նշվում էր նաեւ, թե Մաեստրոն ՀՀ առաջին տիկնոջը ներկայացրել է Ռուբեն Տերտերյանի թեկնածությունը եւ խնդրել աջակցել, որ նա դառնա ռեկտոր: Հավաստի տեղեկություններով, սակայն, Է. Միրզոյանը Ռ. Սարգսյանին պարզապես դիմել է ՀՀ նախագահին իրենց նամակը փոխանցելու հարցով):

Նկատենք, որ Է. Միրզոյանը եւ այդ նամակը ստորագրող մյուս վաստակաշատ կոմպոզիտորները եւս, որպես Ռ. Տերտերյանի «մասնագիտական» արժանիք, նշել են միայն Ավետ Տերտերյանի որդին լինելու հանգամանքը: Ուրիշ ոչինչ:

Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի որոշ ներկայացուցիչներ օբյեկտիվորեն հարց են ուղղում` ցավոք, ռեկտորի պաշտոնի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների միջեւ մեծ ընտրություն չկա, սակայն, ամենայն հարգանք տածելով Ավետ Տերտերյանի մշակութային ժառանգության նկատմամբ, ինչո՞ւ պետք է նրա որդին լինի ռեկտոր: Միշտ չէ, որ տաղանդավոր մարդկանց զավակները նույնպես տաղանդավոր են լինում: Ավելին, շատ հաճախ, ինչպես ասում են` «Բնությունը նաեւ հանգստանում է սերունդների վրա»:

Դասական երաժշտության աշխարհի ներկայացուցիչներին հատկապես զայրացրել էր հայկական թերթերից մեկում Ռ. Տերտերյանի տված հարցազրույցը: 18 տարվա բացակայությունից հետո Ռ. Տերտերյանը հանկարծ հայտնվում է եւ դժգոհում, թե Կոնսերվատորիայում եւ, առհասարակ, Հայաստանում սովետական բարքեր են դեռ տիրում: Իսկ ինչո՞վ է այդ 18 տարիների ընթացքում նա նպաստել կամ աջակցել Հայաստանի կոնսերվատորիային, հայ երգարվեստին, եւ վերջապես` Հայաստանին:

Մի խումբ մտավորականների (Էդ. Միրզոյանի, եւն)` ի պաշտպանություն իր թեկնածությանը` ՀՀ նախագահին գրված վերոնշյալ նամակի բովանդակության մասին խոսելիս ձեւացնում է, թե ծանոթ չէ. «Ես այդ նամակը, ի տարբերություն Շահինյանի (Շահեն Շահինյանի.- Ա.Վ.), չունեմ, ուղղակի թեթեւ ծանոթ եմ նամակի բովանդակությանը, եւ կարեւոր գաղափարն այդտեղ այն է, որ չշտապենք ռեկտորի ընտրության հարցում, եւ նշանակվի պաշտոնակատար, ով կկարողանա վերակառուցել Կոնսերվատորիան»: Եվ նա սա ասում է այն դեպքում, երբ գրեթե բոլոր ԶԼՄ-ներն անդրադարձել էին նամակի բովանդակությանը:

Եվ վերջապես, ամենակարեւորը: Ռեկտորի թափուր պաշտոնի մասին խոսելիս Ռ. Տերտերյանը նշում է, որ «եթե դա պաշտոնի պայքար է` ես չեմ մասնակցի, եթե գաղափարական պայքար է, շատ հավանական է` մասնակցեմ», եւ ավելացնում. «Այսօր պաշտոնի պայքար է, իսկ ես երբեք աթոռի կռիվ չեմ տվել: Եթե մեր կառավարությունն ուզում է շտկել այս հարցը, ապա Կոնսերվատորիան ամենահեշտ շտկվող օղակն է, քանի որ չունի այն մեծ պրոբլեմները, որ ունեն մյուս բուհերը»:

Ռ. Տերտերյանն առհասարակ վերջին տարիներին շատ հազվադեպ է եկել Հայաստան: Այս տարի դժբախտ դեպքի առիթով (մոր մահվան կապակցությամբ) Հայաստան գալուց շատ կարճ ժամանակ անց նա նշանակվեց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր: Ասում են, որ նրա նշանակման հարցում եւս մեծ դերակատարում են ունեցել վաստակաշատ որոշ կոմպոզիտորներ: Այսինքն` պաշտոնն իրեն «լավ էլ ձգել է» եւ այժմ էլ այն զբաղեցնում է, թեեւ այդ միքանիամսյա պաշտոնավարման ընթացքում էլ որեւէ մեկը չի հասկացել` նրա արած գործը, նրա դերը: Առայժմ եղածը փնովում է եւ ոչինչ չի անում:

Եվ այսպես, սեպտեմբերին Պետական կոնսերվատորիայի ռեկտորի տխուր ընտրություն է սպասվում: Ցավալին այն է, որ այս երկու թեկնածուների մասին է միայն խոսվում: Ասում են նաեւ, թե այդ պաշտոնի համար ակնկալիքներ ունի նաեւ Տիգրան Հեքեքյանը, որը, բարեբախտաբար, հրապարակավ որեւէ հայտ չի ներկայացրել: Կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմը հույս ունի, որ Հեքեքյանը չի էլ ներկայացնի:

Դասախոսներից ոմանք ճիշտ դիտարկում են կատարում` կոլեկտիվի շրջանում փակ քվեարկություն արվի, եւ եթե նույնիսկ նրանցից որեւէ մեկը ռեկտորի պաշտոնում չընտրվի` կրկին եւ թեկնածություններ առաջադրվեն: Ինչո՞ւ փակ քվեարկություն: Որովհետեւ շատերն անհանգստանում են` բարձրաձայն «դեմ» կարծիք կամ հրապարակավ «դեմ» քվեարկելու դեպքում չի բացառվում, որ «հաղթող» թեկնածուն հետագայում հաշվեհարդար տեսնի տվյալ դասախոսի նկատմամբ:

Այսօր խոսակցություններ են շրջանառվում, թե ուսումնասիրվում են Ս. Սարաջյանի օրոք տեղի ունեցած հաշվապահական փաստաթղթերը, չարաշահումներ են հայտնաբերվում: Վարձակալությամբ տրված տարածքներից ստացված ֆինանսական մուտքերն են ստուգվում: Պարզվում է, որ բազմաթիվ աշխատակիցներ են գրանցված եղել, որոնք, սակայն, Կոնսերվատորիայում թեեւ չեն աշխատել, սակայն աշխատավարձ են ստացել: Արմեն Սմբատյանի «ուրվականն» է դարձյալ շրջում Կոնսերվատորիայում, իսկ այդ ընթացքում Սերգեյ Սարաջյանը լռում է, չի խոսում: Ու ոչ ոք չի հասկանում` ի՞նչը եղավ պատճառը նրանց հարաբերությունների կտրուկ վատթարացման:

Ցավալին այն է, որ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ, առհասարակ, Հայաստանում այսօր նման մասնագիտացված բուհի ռեկտորի թափուր պաշտոնի համար չկան այնպիսի թեկնածուներ, որոնց նկատմամբ գոնե հասարակության մի փոքրիկ` մասնագիտացված հատվածը կամ դասական երաժշտության ոլորտի մասնագետները կարողանային լիարժեք կարծիք ունենալ: Խնդիրը` տվյալ թեկնածուի բնավորության գծերը եւ կամ արտաքին տեսքը սիրել-չսիրելը չէ, այլ պրոֆեսիոնալ գնահատականը` որպես լավ կառավարիչ կամ որպես լավ երաժիշտ:

ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ