«Այ քեզ հիմար հարց` քիթս գլամուրի հետ ի՞նչ կամ ունի»,- ասում է «Vitamin» ակումբի Գարիկը

21/07/2011 Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Vitamin» ակումբի Գարիկին գրեթե բոլորն են ճանաչում: Շատ թե քիչ, լավ թե վատ` դա արդեն հարցի մյուս կողմն է: Մինչ Գարիկի հետ մեր հանդիպումը, անկեղծորեն կարծում էի, որ վերջինս շատ քիչ է տարբերվում բեմի իր ջրիկ, «քյարթու» կերպարից: Պարզվեց սակայն, որ նա բավականին համեստ եւ լուրջ անձնավորություն է, որի հետ կարելի է զրուցել տարբեր թեմաների շուրջ:

– Քո բազմակողմանի շնորհքների մասին շատերն են խոսում՝ երգում ես, երգեր ես գրում, նվագում ես եւ, իհարկե, ծիծաղ ես պատճառում հանդիսատեսին: Կպատմե՞ս քո բազմակողմանի «անշնորհքությունների» մասին, եթե այդպիսիք կան:

– Անթերի մարդ չկա եւ չի էլ լինի: Տանել չեմ կարողանում, երբ մարդ հանրության մեջ իրեն այնպես է դրսեւորում, որ դու նրան գրեթե չես ճանաչում: Երբ ներկա եմ լինում «պրեզենտացիա» կոչվածներին, որտեղ ներկա ճանաչված մարդկանց ես ճանաչում եմ իրական կյանքում, անտանելի նյարդայնանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են նրանք կերպարանափոխվում: Հասկացա` շնորհանդես է, հասկացա` derss code-ը կարող է տարբերվել, սակայն չհասկացա, թե ինչո՞ւ են այդ մարդիկ իրենց շատ հաճախ այնպես դրսեւորում, որ սկսում ես կասկածել՝ ճանաչո՞ւմ ես տվյալ մարդուն, թե՞ միայն թվացել է: Չգիտես` ինչո՞ւ, շնորհանդեսներին պարտադիր ինչ-որ փոքրիկ շնիկ գրկած, կամ մորթիներով պատված հագուստով պետք է ներկայանան… Այնպիսի լուրջ դեմքով են կոնյակ խմում, ասես ինչ-որ բան են հասկանում այդ կոնյակից: Տանել չեմ կարողանում, երբ մարդը ձեւացնում է: Եվ երբ այդ ձեւականությունների կողքին հայտնվում եմ ես, ինչպիսին որ կամ, բնականաբար, շատերին դա լարվածություն է պատճառում: Շատերի համար ես այդ պահին կարող եմ եւ անշնորհք թվալ:

– Նկատել եմ, որ բացի ազատ եւ անկեղծ վարքագծից` այդ նույն շնորհանդեսների ժամանակ դու կարող ես նաեւ խայթող մեկնաբանություններ անել տվյալ անձանց հասցեին: Ինչի՞ համար ես դա անում:

– Ես չեմ կարող չարտահայտվել, քանի որ այդ բացասական էմոցիաները, այսպես ասած` «ներվը», կուտակվում է ներսս:

– Ի՞նչն է քեզ հատկապես հունից հանում:

– Նյարդայնանում եմ, երբ մտնում եմ ինչ-որ մի վայր, որտեղ բոլորն ինձ ծանոթ են, բայց ոչ ոքի չեմ կարողանում ճանաչել, որովհետեւ այդ օրը նրանք հագել են շնորհանդեսի իրենց դիմակը:

– Քեզ չի՞ վիրավորում այն փաստը, որ քեզ միայն հեռուստատեսությամբ ճանաչող մարդկանց համար դու մշտապես ծիծաղեցնողի կարգավիճակում ես: Թվում է, թե այդ մարդիկ քեզ լուրջ չեն էլ պատկերացնում:

– Դա ինձ շատ է խանգարում կյանքում: Ամենահաճախ հնչող արտահայտությունը, որ լսել եմ ինձ էկրանից դուրս առաջին անգամ տեսնող մարդկանցից՝ հետեւյալն է. «Կյանքում չէինք պատկերացնում, որ դու լուրջ ես»: Բեմը պարտադրում է, որ ես ունենամ կերպար: «Vitamin»-ի բեմի իմ պերսոնաժն իրավունք չունի լուրջ պահել իրեն: Օրինակ, երբ ասում ենք` Միստր Բին, միանգամից պատկերացնում ենք, որ վերջինս պարտադիր պետք է «դեբիլ» բաներ անի: Քչերի մտքով կանցնի, որ նա եւս ունի տրամադրություն, խնդիրներ, նա նույնպես հիվանդանում է, տխրում է, նա մարդ է՝ ի վերջո: Բայց մենք նրան տեսնելիս` բոլորովին այլ սպասելիքներ ենք ունենում: Դա նրա շնորհքն է՝ որպես դերասան:

– Երբ բեմ ես բարձրանում` որպես ռոք երաժիշտ, «Vitamin»-ում մարմնավորած քո «ռաբիսի» կերպարը չի՞ խանգարում:

– Շատ հաճախ՝ այո: Երբ բեմ եմ բարձրանում տխուր կամ բողոք պարունակող թեմայով ռոք երգելու, առաջին անգամ ինձ լսող հանդիսատեսի աչքերից հասկանում եմ, որ նա ուրիշ բան էր ինձանից սպասում: Իմ դեմքը տեսնելիս` մարդիկ այն ասոցիացնում են ծիծաղելի ինչ-որ երեւույթի հետ: Դաշտերը, որտեղ ես հանդես եմ գալիս, բնույթով միմյանցից կտրուկ տարբեր են. բեմ, որտեղ ելույթ եմ ունենում տխուր, կտրուկ, բողոք արտահայտող ռոք երգերով, եւ բեմ, որի հերոսը «քյարթու», անգրագետ լեզվով խոսացող անձնավորություն է: Բայց ինձ համար երկուսն էլ ասելիք արտահայտելու ճանապարհ են հանդիսանում:

– Քթի վիրահատության մասին խոսակցությունները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը, եւ որքանո՞վ է քեզ «հաճելի» այս թեման:

– Համապատասխանում են: Սակայն այդ թեմայի քննարկումը նման է նրան, եթե մեկի կույր աղիքը հանեն ու դարձնեն խոսակցության առիթ: Վերջերս մի լրագրող էր զանգել եւ հարցրել, թե քթիս վիրահատության պատճառն ավելի գլամուրային լինե՞լն է, թե՞ ոչ: Դրանից ապուշ հարց ես դեռ չէի լսել: Քիթը գլամուրի հետ ի՞նչ կապ ունի: Կամ ի՞նչ իմաստ ունի նման հարց տալ մեկին, ով կիլոմետրերով հեռու է «գլամուր» կոչվածից եւ, առհասարակ, զզվում է այդ երեւույթից:

– Աղջիկներից շատերը, հատկապես հայերիս պարագայում, իրապես բարդույթավորվում են իրենց քթի կառուցվածքից: Նրանց համար պատիժ է հայելու մեջ նայելը: Սակայն, երբ տղամարդն է դիմում պլաստիկ վիրահատության, մեր իրականության մեջ դա փոքր-ինչ տարօրինակ է:

– Այո, սակայն կան բաներ, որոնք անձնական են, որոնց մասին պարտավոր չես բացատրություններ տալ, եւ, առավել եւս, ոչ ոք իրավունք չունի հարցեր տալ այդ թեմայով:

– Եթե մի կողմ թողնենք քթիդ վիրահատությունը, արտաքնապես բարդույթավորվա՞ծ ես:

– Փոքրուց ահավոր բարդույթավորված եմ եղել: Երբ չեմ զգացել, որ հագել եմ այն, ինչ որ պետք է հագնեի, չեմ սանրել մազերս այնպես, ինչպես որ կցանկանայի` մշտապես բարդույթավորվել եմ: Ես միշտ ուշադրություն եմ հատկացրել արտաքինիս:

– Անկեղծ ասած` հայելու առջեւ ժամերով կանգնողի, ամեն մի մազը ժելեապատողի տպավորություն չես թողնում:

– Իրապես ժամերով չեմ կանգնում հայելու առջեւ: Սակայն ամենահասարակ շապիկը հագնելուց անգամ երկու ժամ մտածում եմ՝ ես այդ շապիկով ինձ լա՞վ եմ զգում, թե՞ ոչ:

– Փաստորեն փոքրուց հետեւել ես քո իսկ նորաձեւությանը:

– Այլ հարց է` ունեցե՞լ եմ արդյոք փոքր ժամանակ իմ ճաշակով հագնվելու հնարավորություն:

– Մա՞յրդ է պարտադրել իր ճաշակը:

– Խնդիրը մայրիկի ճաշակ թելադրելու մեջ չէ, այլ նրանում՝ ունեցե՞լ եմ ես այդ շորը, թե՞ ոչ: Լինում էին օրեր, երբ «յոթ ժամ» մտածում էի, թե ինչ հագնել՝ ոչ թե այն պատճառով, որ ընտրությունն էր մեծ, այլ, որ չեմ ունեցել այն շորը, որը կցանկանայի հագնել այդ պահին:

– Այսօրվա հնչող երգերի միակ թեման սերն է՝ հատկապես իշխում է «դու գնացիր, ես մնացի» զզվեցնող թեման: Քո երգերի մեջ ի՞նչ թեմաների ես անդրադառնում:

– Այն սերը, որ երգում են այսօր` «տուպոյ ա»: Եթե երգիչը, ով իր երգի մեջ ասում է մոտավորապես հետեւյալ ապուշ խոսքերը. «Դու սիրում ես ուրիշին, իսկ ես ձեր տան դիմաց լացելով երգում եմ՝ ախ, անջիգյար յար», այդ տղան ինձ համար զրո ա: Հայ տղայի կերպարն ինձ համար կորչում է այդ պահին: Եթե սեր ես երգում, երգիր իրական սիրո մասին: Սերն ինքնին այնքան մեծ զգացողություն է, որ այն ավելորդ ու հիմար բառերով «ծաղկացնելու» կարիք չի զգում: Կամ` «կոնկրետ» տխուր սիրո մասին են երգում, բայց այնպիսի պարային՝ «տմբլտաշ» ռիթմով, որ սկսում ես կասկածել երգչի հոգեկանի վրա:

Եթե անգամ երգում եմ սիրո մասին, երգում եմ այն, ինչ մարդն իրականում կարող է զգալ: Ուզում եմ, որ մարդն իրեն տեսնի իմ երգերի մեջ: Յուրաքանչյուր երգով ես փորձում եմ «մեսիջներ» փոխանցել իմ ունկնդրին: Ունեմ մի երգ, որը կոչվում է՝ «Բողոքում ես»: Այն սկսվում է հետեւյալ խոսքերով. «Օրդ վերջանում ա, ի՞նչ ես դու էսօր արել: Ահագին բողոքել ես, ահագին՝ նախանձել»: Երգի վերջում մեկ այլ հարց է տրվում. «Կյանքդ վերջանում ա: Ի՞նչ ես դու կյանքում արել: Ահագին բողոքել ես, ահագին՝ նախանձել»: Իսկապես ուզում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն օրվա վերջում ինքն իրեն հարց տա, թե ի՞նչ նա տվեց կյանքին, եւ ի՞նչ ստացավ այդ կյանքից:

– «Vitamin»-ի բեմից բավական առօրյա թեմաների եք անդրադառնում: Թվում է, թե դուք եւս երթուղային տաքսի կամ մետրո եք նստում, շուկա եք գնում… Չեմ ասում, թե լիմուզիններով եք շրջում, սակայն տեղեկություններն առօրյա կյանքից որտեղի՞ց եք ձեռք բերում:

– Ակումբի տղաներից ոչ ոք բացառիկ հնարավորություններ չի ունեցել՝ կյանքի հարուստ եւ թեթեւ կողմերը վայելելու: Բոլորս էլ ժամանակին եւ երթուղային տաքսի ենք նստել, եւ ծնողների հետ շուկա ենք գնացել: Բոլորս էլ միջինից ցածր պայմաններում ենք մեծացել: Հասցրել ենք այդ կյանքի ուղն ու ծուծն ուսումնասիրել: Բայց քանի որ այս երկրում ոչ մի բան չի փոխվում, ապա 10 տարի հետո էլ նույն թեմային եթե անդրադառնանք, միեւնույն է, այն արդիական է լինելու:

– Իսկ դու քո կողմից ի՞նչ ես անում, որ որեւէ բան փոխվի:

– Եթե ինչ-որ մեկը, գոնե մեկն ասի, որ իմ շնորհիվ այլեւս ռաբիս եւ անճաշակ երաժշտություն չի լսում, ուրեմն ես ինչ-որ բան արել եմ այս կյանքում:

– Քո եւ երգչուհի Աստղիկ Սաֆարյանի սիրավեպի մասին լուրերի պատճառն ի՞նչը հանդիսացավ:

– Հայի մտածելակերպը: Եթե մեր երկրում տեսնում են, որ աղջիկն ու տղան միասին քայլում են փողոցով` նշանակում է` նրանք սիրում են իրար: Աբսուրդ է, որ 21-րդ դարում դեռ նախնադարյան մտածելակերպ է իշխում մարդկանց մոտ: Դա է պատճառը, որ այսօր շատ հազվադեպ կարող ես տեսնել տղաների եւ աղջիկների` միասին քայլելիս: Կամ մի խումբ աղջիկներ են միասին քայլում եւ ամեն ինչ անում են, որ գրավեն տղաների ուշադրությունը, բայց հանկարծ այդ տղաներն իրենց չմոտենան: Կամ էլ մի խումբ տղաներ են քայլում եւ կրկին ամեն ինչ անում են աղջիկների ուշադրությունը գրավելու համար: Սակայն պայմանով, որ հանկարծ այդ աղջիկը տվյալ տղայի ուշադրությունից իրեն «շատ լավ» չզգա: Ես ու Աստղիկը մտերիմ ընկերներ ենք, մենք ընդհանուր շատ բան ունենք՝ երաժշտական ճաշակ, կյանքի տարբեր հարցերի շուրջ նման մոտեցումներ:

– Ասում են, որ չի լինում պարզապես ընկերություն տղամարդու եւ կնոջ միջեւ: Լինում է ընկերություն նախկին կամ ապագա սիրեցյալների միջեւ:

– Ես այդ ասացվածքը 100 անգամ ժխտել եմ կյանքիս փորձով: Ես կարողանում եմ աղջիկների համար դառնալ լավ ընկեր: Աղջկա աշխարհն ինձ համար առեղծված է: Ես դեմ եմ տղամարդկանց այն կարծիքին, որ կինը միայն խոհանոցի եւ սեքսի համար է: Կինը շատ ավելի հարուստ աշխարհ ունի, քան կարծում են շատ տղամարդիկ:

– Կորպորատիվների հրավիրո՞ւմ են: Մեզ մոտ կորպորատիվ ասելով` շատ անգամ հասկանում են` կնունք, ծնունդ, հարսանիք:

– Կորպորատիվների մասնակցել եմ, սակայն կնունք, ծնունդ, հարսանիքը երբեք այդ կորպորատիվների մեջ չեն եղել: Չկա մի շաբաթ, որ ինձ չհրավիրեն հարսանիք կամ ծնունդ վարելու: Սակայն ես միշտ հրաժարվում եմ նման միջոցառումներ վարել: Եղել է, որ ես ու Վաչեն հանդես ենք եկել փոքրիկ մի համարով, բայց ոչ ավելին:

– Բացասական ի՞նչ կա այդ տեսակի միջոցառումների մեջ:

– Ոչինչ էլ չկա: Ուղղակի ես ինձ թամադա չեմ զգում:

– Եթե գաղտնիք չէ, որքա՞ն գումար են առաջարկում հարսանիքներ վարելու համար:

– Թվերը քիչ չեն: Մի անգամ Սոչիից էին հրավիրել հարսանիք վարելու՝ 8 հազար դոլար էին առաջարկում: Սակայն ես հրաժարվեցի:

– Քեզ ինչ-որ կերպ խանգարո՞ւմ էր այդ 8 հազար դոլարը:

– Ցանկացած գումար վերջանալու հատկություն ունի: Եթե ես համաձայնեի` այդ գումարի հետ իմ «ես»-ն էլ կվերջանար: Եթե կարողացել եմ թույլ տալ ինձ հրաժարվել նմանատիպ շահավետ առաջարկներից անգամ այն ժամանակ, երբ ֆինանսապես կայուն վիճակում չէի, ապա այսօր առավել եւս կարող եմ ընտրություն կատարել «ես»-իս եւ գումարի միջեւ: