Միշել Բյուտոր «Քննադատությունը եւ ստեղծագործությունը» գրքից

21/07/2011 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Դեռեւս չսկսելով իսկ ընթերցել մեծ հեղինակներին, հնակազմ ազդեցիկ եւ վսեմ գրապատը, մենք արդեն համոզված ենք (մեզ բավ էին մի քանի անցկացրած հարցումները), որ նրանք մեզ չեն բավարարում: Նրանց ապրածի եւ այն կյանքի միջեւ, որ մենք ենք ապրում, գոյություն ունի անդունդ, խզում:

Մենք ճանաչում ենք տիեզերքը հիմնականում գրքերից, մասնավորապես` վեպերից (մեզանից շատ-շատերի համար 19-րդ դարի Ռուսաստանը բացահայտվեց Տոլստոյի եւ Դոստոեւսկու միջոցով, իսկ Միացյալ Նահանգների խորությունը` Ֆոլքների): Մեր պատկերացման մեջ, այն, ինչ մենք տեսնում ենք, շատ ավելի քիչ տեղ է գրավում, քան այն, ինչի մասին մեզ ասում են, եւ շատ շուտով բառերը, որ լսում ենք սեփական ականջներով, դառնում են շատ ավելի քիչ, քան ընթերցված խոսքերը: Պատումը տեղավորվում է ինչ-որ տեղ ներսում անհավատալի ռեզերվներում, ուր մենք ժամանակ առ ժամանակ արշավներ ենք ձեռնարկում:

Գրադարանը մեր տրամադրության տակ մի ողջ աշխարհ է դնում, բայց խաբեպատիր աշխարհ, երբեմն դրանում ճաքեր են առաջանում, իրականությունն ապստամբում է ընդդեմ գրքերի, մեր աչքերի, բառերի կամ որոշակի գրքերի միջոցով, արտաքին աշխարհը մեզ նշան է անում, եւ մեր մեջ զգացողություն է ծնվում, թե մենք կալանված ենք, գրադարանը վերածվում է ամրափակ ամրոցի:

Նոր գրքեր հավելելով, մենք ջանում ենք վերադասավորել մակերեսային շերտը, որպեսզի դրանում պատուհաններ բանանք:

Վերցնենք ամենահասարակ օրինակը, այսպես կոչված, 19-րդ դարի վեպից, ես այն կարդում եմ, այնտեղ գտնում եմ իմ իսկ կյանքի որոշ կողմերը, սակայն որոշ մեկեն նախազգուշացնող նշաններ իմացնել են տալիս, որ նկարագրվող աշխարհն այն չէ, ինչը ես կարող եմ տեսնել, եւ մեքենաներն էլ այն չեն, եւ կանայք այլ կերպ են հագնված:

Ես ավտոմատորեն կսկսեմ հարմարեցնել տվյալ պատմությունը, այն թարգմանել, մինչ ես կընթերցեմ, դատարկության մեջ, որ գոյանում է գրականության ներկայացրած աշխարհի եւ այն աշխարհի միջեւ, որ ես տեսնում եմ իմ առջեւ, կհորինվի մի այլ վեպ (այլ դրամա, էսսեգ), ուր բոլոր մանրամասները, որ խանգարում են ինքս ինձ ճանաչելու դրանում, ի չիք կդառնան:

Ստեղծագործությունը երկատվում է: Ցանկացած ընթերցող ոչ միայն կազմում է, ելնելով նշաններից, նոր պատկերացում, այլ նաեւ սկսում է արտագրել այն, ինչ կարդում է:

Ֆրանսիայում անթիվ-անհամար վեպեր են գրվում: Տարվա վերջում, գրական մրցանակի ընծայման հանրահայտ ծիսակատարությունից առաջ, որոշ հրատարակիչներ, հուսալով բազմապատկել իրենց շանսերը, մեկ ամսվա ընթացքում օրական մեկական վեպ են հրապարակում (հասկանալի է, որ նույնիսկ որոշակի կարգի մարդիկ անհնար է, որ ընթերցեն այն, ինչ լույս է ընծայվում), ընդ որում, դա չի նշանակում, որ հրատարակված է յուրաքանչյուր քսաներորդ ձեռագիրը, քանզի որքան հեղինակներ գերադասեցին չտալ արդեն ավարտած գործը, վախենալով նվաստացուցիչ մերժումից, որքան ձեռագրեր կողմ դրվեցին, եւ որքան շատ են մտահղացված, բայց դեռ նույնիսկ չսկսված ստեղծագործությունները: Մեր երկրում բոլորը գրողներ են:

Գրողի կոչում է կրում նա, ում հաջողվում է ավարտին հասցնել սկսած գործունեությունը, որից մենք ամենից հաճախ ստիպված ենք լինում հրաժարվել, նա, ով շարունակում է այն հանուն մեզ:

Այսպիսով, սովորական վեպի ձեւակերպումը ինչ-որ ծաղրերգություն է հիշեցնում: Գրողների մեծամասնությունը կանխամտածված կամ չկանխամտածված վերցնում են հին հայտնի վեպերը եւ հարթում են դրանց կնճիռները: Լինելով տարածված սխեմայի եւ արդիականության արտաքին նշանների հնարքը, որին մենք վարժվել ենք ուսանելու ընթացքում, նրանց ստեղծագործություններն արագ գնվում են եւ լույս են ընծայվում մեծ տպաքանակներով:

Սակայն իրականում դրանք հիմնված են ծանոթ գրքերի մասին մեր աղոտ հուշերի վրա, որոնց ստվերն են սրանք, իրենց հեղինակությամբ նրանք պարտական են նրանց փառքին, այդ պատճառով դրանք միշտ կարելի է սկզբից սկսել, նրանց քանակը կարող է եւ պետք է անվերջորեն աճի, դրանից խիստ ուռճանում են գրադարանները, եւ նմուշօրինակն ինքնին երկրորդ պլան է մղվում, քանի որ ընթերցված գրքերից յուրաքանչյուրը խանգարում է կարդալ ինչ-որ այլ մեկը (ա՛յ, դուք հիմա կարդացեք իմը, ինչ-որ գլուխգործոցով զբաղվելու փոխարեն):

Ի դեպ, տարբերությունը ոչ միայն հագուստներն ու մեքենաներն են, այդ փոփոխությունները կախված են վիթխարի քանակի այլ, ակնհայտորեն ավելի դժվար ձեւակերպման տրվող բաներից, եւ առաջինները լոկ երկրորդների նշաններն են: Սովորական վեպը, ստվերում թողնելով բոլոր այդ ցուցանիշները, թույլ է տալիս մեզ մեզանից թաքցնելու այդ փոփոխությունը: Պատն ամրանում է, դիմադրությունը վերակազմման ցանկացած փորձին ավելի ու ավելի մոլեգին է դառնում: Հանգստացնող դեղի շնորհիվ սոսկ նվազում է ջերմությունը, բայց ոչ մի կերպ չի բուժվում իսկական հիվանդությունը, որը շուտով կդրսեւորվի առավել ուժգին նոպայով:

Նրանք, ովքեր առավելապես ենթակա կլինեն այդպիսի անդուր զգացողությունների, այդպիսի խզումների, պարտական կլինեն ավելի ու ավելի առաջ տանելու իրեց արտագրելու աշխատանքը, դա իրենց վրա բառնալու, ընդհուպ մինչեւ այն, որ պարտական կլինեն նոր նմուշօրինակներ ստեղծելու, որպեսզի մեզ եւս պատմեն, եւ որպեսզի մենք պատմենք այն մասին, թե ինչ է կատարվում եւ ինչ է կատարվում մեզ հետ, այդ նմուշօրինակները կբացահայտեն ամենայն կեղծիքը այն վեպերի հանրագումարում, որին նրանք, անշուշտ, իրենց կհակադրեն` չնայած ձեռնարկած միջոցներին, նախազգուշություններին եւ զանազան հնարամտություններին:

Նոր հեղինակներն անպայման ծարավի չեն քննադատելու, պարզապես նրանց ներշնչանքն ամբողջովին պայմանավորված է ինչ-որ քննադատական իրադրությամբ:

Նրանց հայտնագործությունը առավել եւս նշանակալից է, որքան որ նրանք ավելի լավ են գլուխ հանում իրենց իսկ ոլորտից: Արդյո՞ք դա չէ սրում նրանց գրիչը, եւ, ի ուրախություն մեզ, նրանց անընդունակ է դարձնում հետագայում էլ տանելու աշխարհը, ուր մենք ապրում ենք, ոչինչ չփոխելո՞վ:

Բ. Իրականության քննադատությունը

«Իսկ ինչ, մի՞թե չկան հեղինակներ, որ ստեղծագործում են` ի դերեւ հանելով օժտված անհատի իրենց ներաշխարհը: Ինչպես Մաքսավոր Ռուսոն` գեղանկարչության մեջգ»:

Դե, ինչպես այդժամ գրողը ի ցույց կդներ մեզ իր օժտվածությունը, եթե չկարողանար փոխել որոշակի իրավիճակը եւ մերկացներ մնացյալի, եւ մասնավորապես, մեր, ոչնչությունը:

Անրի Ռուսոն ամենեւին էլ իրեն պրիմիտիվ չէր համարում, նա անում էր ամենայն հնարավորը, որպեսզի գիտակ արվեստագետ դառնա: Այդպիսի բարդ հասարակության մեջ, ինչպիսին մերն է, մշակութային բնանկարը, որի մեջ նոր ստեղծագործությունը ներմուծում է իր քննադատական վերաբերմունքը, կարող է էականորեն փոխվել տարբեր շրջաններում, դասակարգերում եւ տարբեր մարդկանց շրջանում: Ինչ-որ մեկի տեսադաշտը կարող է կտրուկ տարբերվել այն բանից, ինչը որոշարկվում է ամենքի կողմից ընդունված գրական կամ գեղարվեստական գործունեության կենտրոնով: Անրի Ռուսոն այլ մեկնակետեր ուներ, քան Կլոդ Մոնեն եւ նրա հանրահայտ ժամանակակիցների մեծամասնությունը:

Բնանկարը, որի մեջ ներմուծվում է, այսպես կոչված, պրիմիտիվ նկարիչը, օտար է կիրթ մարդու բնանկարին, բայց եթե արվեստագետը իրոք մեզ գլուխգործոց է ընծայում, եւ դուրս է գալիս, ըստ մեր չափանիշների, բանահյուսության շրջանակներից, ինչպես Անրի Ռուսոյի դեպքում, նա մեզ ցույց է տալիս այդ օտարածինության դրական կողմերը, ստեղծագործությունը դառնում է «ընդունված» արվեստագետի մշակութային տեսադաշտի քննադատությունը, թող որ եւ ավանգարդիստի, ինչի հիմնավորումը մենք, այդուհանդերձ, ստիպված ենք ընդունելու:

Պրիմիտիվիստ-ինքնուսը չկարողացավ օգտվել մեր սովորական ուսումնական հաստատությունների ծառայություններից, լինեն դրանք դպրոցները` որպես այդպիսին, օրինակ, Գեղեցիկ Արվեստների դպրոցը 19-րդ դարում, կամ ինչ-որ ավելի ոչ ֆորմալ մի բան, հատկապես որոշակի կենսակերպը` սալոնների ու սրճարանների պարտադիր այցելություններով, օրինակ, Մոնպառնասը` երկու պատերազմների արանքում, սակայն մեզ լավ հայտնի է, որ նկարիչ-գիտակը հասնում է հանճարեղության` լոկ անցնելով այդ հաստատություններն այցելելու շրջանը, կամ այդ անցման շրջանում, նա կասկած է տածում առ դրանց արժեքը, հասկանում է դրանց թերությունները, ընդհանուր դասընթացից ընտրում է միայն իրեն անհրաժեշտը, սկսում է այլ առարկաներ ուսումնասիրել, ճամփա է ելնում եւ ինքնուս է դառնում:

Այլ կերպ ասած, ցանկացած տեղծագործության մեջ պարփակված քննադատությունը, որտեղ դրսեւորվում է իսկական հայտնագործությունը, վերաբերում է ոչ միայն այն բանին, ինչն ավանդաբար գրականություն կամ գեղեցիկ արվեստներ են կոչվում, այլ ընդհանրապես հասարակությանն ամբողջությամբ, եւ մասնավորապես ուսումնական հաստատություններին, որոնց միջոցով մեծ մասամբ իրականանում է դրանց ներմուծումը առ գործունեության բոլոր մնացյալ տեսակները:

Մեթյոու Առնոլդ` «Պոեզիան` կյանքի քննադատությունն է»:

Գրականությանը նախորդող ցանկացած քննադատություն մի հրաշալի օր անխուսափելիորեն վերածվում է նախորդող իրականության առավել ու առավել մանրակրկիտ քննադատության (եւ, բնականաբար, այն ամենի, ինչ մնացել է նրանից այսօր, ընդ որում, հայտնաբերում են այդ իրականության հիմքում ընկած թաքուն քննադատությունը, որն այն ի վերջո պարզաբանում է:

Ստեղծագործությունը խաբուսիկ է դարձել ոչ թե անձնական չարության կամ մեկ կամ մի քանի հեղինակների անգիտության, այլ այն բանի պատճառով, որ հագուստներից բացի` փոխվել է աշխարհի մասին մեր գիտելիքը: Այն իրերի որոշակի դրվածքի արդյունք է, պատասխան հարցումներին:

Սերվանտեսն ապացուցում է, որ ասպետական վեպերը մեզ իրականության մասին խաբուսիկ պատկերացում են տալիս, բայց դրանում մեղավոր է ամենից առաջ ինքն` իրականությունը, ասպետության նկարագրության մերկացումը մեկեն սրբագրման տեսքով դրսեւորում է դրա նշանակությունը:

Այն, ինչ աշխարհ էր թվում, իրականում նրա հակառակ կողմն էր, այն չափով, որչափ բարդանում են մակերեւույթները, բոլոր նրա բաղկացուցիչ մասերը միաժամանակ տարբեր պարամետրերով դառնում են թե դեմք եւ թե շրջոնք:

Ընդհատելով հին ստեղծագործության գործողությունը, նորն ազատագրում է այն ամենը, ինչը քննադատական արժեք ուներ նրա առասպելաբանության մեջ: Այն ի սկզբանե` պատասխան է եւ արդյունք, նույնիսկ լեզվի հայտնագործությունը բարդ իրադրության` նախնադարյան մարդկանց անդուր զգացողության բնական արդյունքն էր:

Այն մինչեւ այժմ` պատասխան եւ արդյունք է, եւ ժամանակակից պատկերները իրենց սահմանափակ ճշմարտությամբ լցնում են պարապը, որ գոյանում է վիթխարի գրադարանում:

Գ.Քննադատության քննադատությունը

Այնպիսի հայտնագործություն, ինչպիսին է նախորդող ստեղծագործությունների քննադատությունը, երբեմն ընդօրինակման ձեւ է առնում: Վերածննդի դարաշրջանում իսկական հանճարեղ արվեստագետները ստիպված էին դիմելու անտիկ շրջանի նմուշօրինակներին, որպեսզի քննադատեն տպավորիչ գոթիկան, որը նախորդում էր իրենց: Ամեն անգամ, երբ խոսում են ինչ-որ բանի վերադառնալու մասին, ենթադրվում է ամենայն մոռացվածի քննադատությունը, ուր մնացել էր այս կամ այն դարաշրջանի ինչ-որ հեղինակի ստեղծագործության ինչ-որ մանրամասն:

Հայտնաբերողն օգնության է կանչում անցյալի այս կամ այն հայտնագործողին, միաժամանակ ցույց տալով, թե ինչ վատ ենք մենք նրանց ճանաչում, եւ վրդովվում է, որ մենք բացարձակապես ունակ չենք նրանց դասերն ընկալելու:

Հնամենի գրքերն ընթերցելիս մենք ոչ միայն հայտնաբերում ենք բաներ, որոնց մասին այնտեղ չի խոսվում (նոր սյուժե), նրանք կարողանում էին մեզ պատմել այն բանի մասին, ինչի մասին մեզ այլեւս չեն պատմում (դարձյալ ձեռք բերված սյուժեն), նրանք տիրապետում էին լեզվական հնարքներին, որոնք այլեւս չեն կիրառվում (նորից ձեռք բերված տեխնիկա), որ մենք չենք քաղել ամենայն հնարավորը այդ բառերի եւ ձեւերի զինանոցից:

Ժամանակակից ստեղծագործությունը մեզ ուսուցանում է անցյալի մոռացված արգասաբերությունը, այն իրոք կարող է փոխել ապագան, լոկ փոխելով ողջ պատմությունն ամբողջությամբ: Իսկական նորարարության նշանը` նրա հակառակ գործողության ուժն է:

Իրերի մեծամասնության մասին մեզ հայտնի է գրադարաններից, սակայն հենց գրքերի մեծամասնության մասին մենք պատկերացում ունենք սոսկ լսելով, այսինքն` իբր թե տեսել ենք:

Իրերի մասին պատմող առաջին գրադարանի ներսում կա մեկ այլը, որը պատմում է գրքերի մասին, եւ այնտեղ կարող են գոյանալ նույնքան դատարկ տեղեր:

Այստեղ նույնպես թե վարկաբեկությունն է, թե ստեղծագործությունը` կան գրքեր, որոնց մասին չեն խոսում, եւ կան գրքերի մասին պատմելու եղանակներ, որոնցից չեն օգտվում:

Եվ միայն նոր ստեղծագործությունը կստիպի մեզ ձեռքներս մեկնելու գրադարակին` հնամենի փոշոտ գրքի ետքից, որի մասին չէին պատմում, կամ պատմում էին, առանց կարդալու, թաքնված արդեն բազում ընդօրինակությունների ներքո, սպառնալից նորարարությունը պահանջում է կրկին դիմել տեքստին: Ինչ վերաբերում է այն գրքին, որը մենք կարծես թե կարդացել էինքգ

Ես այստեղ ասացի, որ նախորդող տեքստի ցանկացած ընթերցանություն այն երկու մասի է բաժանումգ Ինչպես ես ամեն ինչ հասարակացրի: Հին շորը նորով փոխարինելով` հարկ է գոնե գիտակցել, որ այն հնացել է: Ամենից հաճախ ես ստանում եմ բառեր ժամանակակից իմաստով եւ ինքս ինձ հաշիվ չեմ տալիս տեղի ունեցած փոփոխությունների մասին: Քանի դեռ հագուստը չի նկարագրվել, ես այն պատկերացնում եմ համանման նրանց, որոնց ես ընտել եմ: Երբ հայտնվում է օտարածինության նշանը, այն սովորաբար ցույց է տալիս, որ իմ ընթերցածը ոչ թե տեքստ է, այլ դրա արտացոլքը:

Հնամենի տեքստի վերականգնումը եւ նորի հայտնագործությունը` երկու համահարաբերական գործողություն են: Որքան ես շատ եմ վերականգնում, այնքան առավել ստիպված եմ հայտնագործելու, ներգրավվելով այդ արկածի մեջ` որքան շատ եմ հայտնագործում, այնքան լավ է վերականգնելու իմ ունակությունը:

Լայնասպառ գրականությունը նույնիսկ պարոդիա կոչվելու արժանի չէ: Ճիշտն ասած, հին նմուշօրինակի հետ չէր կարելի չափել` թաղված բազում ընդօրինակությունների տակ, նա այդպես էլ մնաց գրադարակում: Արտացոլքի արտացոլանք արտացոլանքից:

Հենց այդ պատճառով իրոք անհնար է ժամանակակից գրքերի մեծամասնությունը հարաբերակցել բնօրինակի հետ, փութանակի արտագրում եւ իրոք ընդօրինակում են մեկեն բազում կորսված դասականների արտացոլանքը: Անասելի գրադարանի միջանցքներում տարատեսակ ուրվականներ են ամբոխվում:

2.Ցանկացած քննադատություն` հայտնագործություն է

Ա.Կենսագրությունը

Մի քանի տարի առաջ մի շարք էսսեիստներ` «հին» հորջորջվելով, վրդովվեցին եւ սկսեցին կշտամբել իրենց գործընկերներին այն բանում, որ նրանք սկսել են վեպեր հորինել եւ ինչ-որ բան են հորինում տեքստերի հիմքի վրա, իսկ հենց իրենք տառին հավատարիմ լուրջ մարդիկ են, եւ գերադասում են կենսագրության ժանրը, եւ ոչ թե այլեւայլ արկածախնդիր մեկնաբանություններ:

«Հեղինակները երբեք նմանատիպ բաներ չեն մտածել»,- ասում էին նրանք, ջանալով նշավակել «նոր քննադատությունը»:

Երբ ես կարդում եմ, թե ինչ է գրված իմ գրքերի մասին, ինձ չեն հետաքրքրում որոնումներն այն բանի, ինչը ես արդեն գիտեմ: Եթե մեկնաբանողն ինձ առաջարկում է միայն այն, ինչի մասին ես ինքս խորհրդածել եմ նրանից էլ ավելի վաղ, ես նրան կարող եմ միայն լավ աշակերտ համարել: Սակայն, եթե նա ինձ համար ինչ-որ բան է բացահայտում, ինչի մասին ես չեմ մտորել, եւ պարզաբանում է մթին տեղերն այն բանում, ինչ ես գրել եմ, ես նրան ուսուցիչ եմ համարում:

Բավ է բացել այդպիսի կենսագիրներից մեկի աշխատությունը, որպեսզի ամեն էջում նրան որսաս վեպ արարելու պահին:

Մեզ կամենում են ոչ թե պարզապես փաստաթղթեր ներկայացնել, մեզ կամենում են դրանք պարզաբանել, ցույց տալ, թե ինչու է այս կամ այն հատկապես նշանակալից: Պատմությունը, որը ցանկանում է առավել պատմական լինել, մեզ ազդարարում է. «Ռասինը ենթադրում էր, որ եթե ինքը լքել է թատրոնը, ապա այն պատճառով, որ ուզում էրգ եւ վախենում էրգ»: Թեպետ նրան, ոչ ավելի, քան մեզ, հայտնի էր, թե ինչ էր իր հերոսը մտածում եւ ինչից էր նա զգուշանում, նա մեկնաբանում է, միշտ տեքստերից եւ փաստաթղթերից ելնելով, նա անխուսափելիորեն հարազատ է ինչ-որ նմուշօրինակի, որը նրան, գուցե թե, կհաջողվի վերափոխել, եթե նրան բավի երեւակայությունը: Իսկ եթե չբավի, նա անցյալ ժամանակների գրողներին կվերագրի այն տագնապը, որ ինքն է ապրում տվյալ պահին` տագնապը կարիերայի համարգ Եթե նա ունակ է հայտնագործելու, նա կարող է գլխի ընկնել, թե ինչ է տեղի ունեցել: Եվ նույնիսկ հորինել իրականությունը:

Բ. Էրուդիցիան

Երբ մենք կարդում ենք անտիկ Եվրոպայի, հին հույների կամ հռոմեացիների ստեղծագործությունները, հաճախ տարընթերցում է ծագում, մեր տեսածի եւ նույնիսկ հիասքանչ պահպանված ձեռագիր մատյանի միջեւ, քանզի չափազանց համոզիչ պատճառների շնորհիվ այն միշտ սխալ է ներկայանում։ Եվ տեքստը հարկ էր լինում վերականգնել:

Դա հատկապես լավ նկատելի է մեզ խաթարված տեսքով հասած տեքստերի օրինակով: Որպեսզի ինչպես հարկն է` ընթերցենք բանաստեղծության պահպանված կեսը, որոշելու համար, որ խոսքը այս կա այն տառի մասին է (երբեմն` շնորհիվ քմահաճ պատահականության` մեզ մոտ կարող են մնալ միայն տողերի սկզբնաբառերը), անհրաժեշտ է պատկերացնել, թե ինչպիսին էր այն ի սկզբանե, եւ, Կյուվեի նման, մասերով վերականգնել ամբողջը:

Ահա, ասենք, մի քանի գտնված տողեր, որ մեր կարծիքով` կազմում են ողջ բանաստեղծությունը, իսկ հետո հանկարծ փորում-գտնում են մի ներբող, որի մի մասն էին այս տողերը, ինչ-որ պատառիկները նոր իմաստ են ձեռք բերում, ծագում են տարընթերցումները, վերադասավորումը տեղում բացահայտում է այն բանում, որը լիովին հասկանալի էր թվում, թաքնված անպարզություններ: Միշտ չէ, որ միանգամից կարելի է իմանալ, թե խոսքը ոչ ամբողջական ստեղծագործության մասին է, թեպետ եւ գրվածի ամենալիակատար տարբերակն էլ կարելի է դիտարկել որպես տվյալ հեղինակի ողջ ստեղծագործության մի մասը, որպես ժանրի օրինակ, դարաշրջանի պատառիկ:

Երբ գրող է մահանում, թող որ եւ ոչ այնքան հայտնի, նրա թղթերը ջանում են կարգի բերել, դասդասել: Ստիպված ես լինում ընտրություն կատարել միեւնույն էջի մի քանի տարբերակների միջեւ, իսկ երբեմն` ողջ գրքի:

Այն տարբերությամբ, որ եթե, անտիկ ողբերգությունից հատված հայտնաբերելիս, մենք իրավունք ունենք մտածելու, որ մի ժամանակ այն գոյություն է ունեցել ամբողջությամբ, ապա այլ դեպքերի մեծամասնության մեջ ոչինչ մեզ հիմք չի տալիս պնդելու, որ հեղինակն ավարտել է ստեղծագործությունը, որից մենք մի հատված ենք գտել:

Անօգուտ է հայտարարելը, որ այն արդեն ապրել է նրա գիտակցության մեջ, քանզի գրավոր ստեղծագործության ողջ փորձն ապացուցում է, որ, լոկ տեքստն ավարտելով, ինչպես հարկն է` հասկանում ես, թե ինչպիսին այն պետք է լիներ:

Գոյություն ունեցող հատվածները տպագրելու համար էրուդիտը ստիպված է լինում կողմ դնել հեղինակային երեւակայությունը եւ ցույց տալ, թե ինքն ինչ կաներ նրա փոխարեն:

Այսպիսով, չհրապարակված տեքստերի առաջին բացահայտումից հետո, որը համապատասխանում է ինչ-որ ամբողջի առաջին տպավորությանը, որ իր մեջ է ներառում բոլոր հատվածները, հաճախ հաջորդում են մյուսները, ավելի ու ավելի հարստացնելով հատվածների իմաստը, ավելի լավ բացատրելով նրա մանրամասները:

Տաճարը պետք է երկու աշտարակ ունենար: Կառուցել էին միայն մեկը եւ այն վաղուց պատերազմի ժամանակ կործանել էին: Ի՞նչ նշանակություն ունի այդ ժամանակային կառույցը վերակառուցման դեպքում:

Գ.Անավարտը

Ավարտվա՞ծը, թե՞ անավարտը: Շատ հաճախ հեղինակն ինքն էլ չգիտի, տարիներ անց վերադառնալով այն բանին, ինչից կարծես թե ազատվել էր:

Անավարտ ստեղծագործությունը մեզ համար նշանակում է` ստեղծագործության անհրաժեշտությունը, եւ դրա հետ կապված` մենք նշում ենք, որ ամենաճշգրիտ եւ հարգալից քննադատը` նա, ում ստեղծագործությունը հաջող շարունակում է հեղինակի գյուտարարությունը, կամ այնքան է սերտաճում հեղինակի հետ, որ վերջինիս երեւակայությունը նրա սեփական հորինվածքի մի մասն է դառնում:

Որպեսզի քննադատական երեւակայությունը կարողանա եւ հարկ է, որ լրացնի ստեղծագործությունը, ամենեւին էլ պարտադիր չէ, որպեսզի գրողն այն անավարտ ճանաչի: Նա, ով ենթադրում է, որ կարելի է մեկընդմիշտ ավարտել իր աշխատանքը, երբեք ինքը չի գրել:

Որոշ ժամանակ անց հեղինակը թողնում է իր ստեղծագործությունը, քանզի այլեւս ի վիճակի չէ դրա վրա աշխատելու, եւ տվյալ պահին նրա բարելավման այլ հնարավորություններ չի տեսնում, քան այն ամենասկզբից սկսելը, հենց այն պատճառով, որ հաջորդը արդեն ծնվելու վրա է. նա ավարտում է այն, ինչպես կարողանում է, եւ հանձնում է այլոց, որպեսզի նրանք դա շարունակեն, այն հանձնում է հիմնավոր քննադատության դատին, որը կմշակեր սկսած հայտնագործությունը, կշարունակեր պարզաբանել, քանզի, նույնիսկ ամենապարզունակ ստեղծագործությունները մի քանի տարի անց մեկնաբանության կարիք ունեն:

Այսպիսով, դրանք բոլորը ծածկվում են ծանոթագրություններով, մեկնություններով, մեկնաբանություններով, ներածականներով, հետազոտություններով եւ լրացումներով` մեկ նվազող, մեկ վերածնվող, որոնց շնորհիվ ստացվում է մեկ անգամ եւս եւ ավելի հաջող վերադառնալ դրանց:

Քննադատությամբ զբաղվել կնշանակի` համարել, որ տվյալ տեքստն ինքնաբավ չէ, որ դրան արժե հավելել մի քանի կամ մի քանի հազար էջ, եւ հետեւաբար, այն սոսկ ինչ-որ ավելի հասկանալի, ավելի հարուստ եւ ավելի հետաքրքիր հատվածն է մի ստեղծագործության, որ բաղկացած է ինքն իրենից եւ այն բանից, թե ինչ կասեն նրա մասին:

Ընթերցել հենց հեղինակին` երբեք չի նշանակում` ընթերցել միայն նրան: Ավելի ուշադիր դիտարկենք ներքին գրադարանում այն, ինչը վերաբերում է նրան, պարզվում է` մի ողջ բաժին: Նրա ստեղծագործությունների լիակատար ժողովածուն լոկ վիթխարի ամբողջի միջուկն է, որն իր մեջ ներառում է այն ամենը, ինչ գրված է այդ առթիվ, եւ այդպես բոլոր մակարդակների վրա` քննադատության քննադատության քննադատությունը: Հեղինակին վերաբերող իմ սեփական հայտնագործությունը կլինի ներխուժում այդ որոշակի համակարգի մեջ, վերադասավորում, երբեմն` նույնիսկ խողովակ, երբ ողջ մեկուսամասեր հանկարծ փակվում են, թեեւ դրանց բովանդակածը երբեք չի վերացվում:

Պատահում է, որ ինչ-որ մի փայլուն գիտնական պատմում է հինավուրց կամ ժամանակակից գրողների մասին: Ինչ խելոք է նա: Նրան լսելը կամ թերթելը միայն հաճույք է: Բայց տեքստ-բնագրերն ընթերցելու դույզն-ինչ ցանկություն չի ծագում: Նա ուշադրություն է գրավում առ ինքը:

Նրան հաջողվել է ինչ-որ հատվածներ ընտրել, դրանք դասդասել ինչ-որ հաճելի կոմպոզիցիայում, սակայն, եթե մենք վերադառնանք գրքերին, այն, ինչ մենք կարդում ենք, ավելի հասկանալի չի դառնա:

Ամենահնարամիտ եւ մեծ քննադատը բոլորից համեստ է: Երբ մենք նրան կարդում ենք, մեր մեջ մեկեն հենց տեքստին վերադառնալու ցանկություն է առաջանում: Եվ ահա վերջապես փոշոտված հատորյակը հանվում է գրադարակից` ինչ հանճարեղ է, ցնցող, նոր: Եվ ուրեմն, ինչպես մենք կարող էինք այդչափ կույր լինել, դե եւ որքան կույր է ինքը` քննադատը, չէ՞ որ այստեղ այնքան շատ բան կարելի է ասել: Եվ մենք նրա մասին համարյա թե մոռանում ենքգ

Մեր սեփական քննադատական երեւակայությունը, քննադատի կողմից հրահրված, ապացուցում է, որ նա կարողացել է փոխել լուսապսակի ճառագումը եւ ուղղորդել իր շողերը, ինչպես լուսավորված պատուհանից առ տեքստի միջուկը, ամբողջությամբ այն ընդգրկելով, համարելով, որ իրենք նոր կենտրոն են կազմում:

Նոր ստեղծագործությունը` ցորնահատ է, որ աճում է ընթերցանության հողի վրա, քննադատությունը` նրա ծաղկման շրջանն է:

Մեկ այստեղ, մեկ այնտեղ, տարվա ցանկացած եղանակին, բարձրանում են անհավանական տնկիները` անտառային սաղարթապսակի միջից երկարելով նոր ճյուղերը:

3.Փոխակերպություններ Ա.Ստեղծագործությունը ստեղծագործության մեջ

Բանաստեղծը կամ գրողը, որ միաժամանակ իրեն գիտակցում է որպես քննադատ, անավարտ է համարում ոչ միայն այլոց, այլ նաեւ իր ստեղծագործությունները, նա գիտի, որ այդպիսի հեղինակներ բնության մեջ չկան, որ վերջին գիրքը ծնվում է ընդմեջ նախորդող ստեղծագործությունների եւ կշարունակվի ընթերցողներով:

Քննադատությունը եւ հայտնագործությունը դառնում են միեւնույն գործունեության երկու կողմերը, դրանց հակադրումը` որպես երկու տարբեր ժանրերի, սնանկ է դառնում, եւ դրա փոխարեն` նոր ձեւի գոյավորման միտում է ծագում: Գրողը իր սեփական առաջին ընթերցողն է, եւ իր աշխատանքին նա վերաբերվում է այնպես, ինչպես սովոր է վերաբերվել այլոց: Նրա ստեղծագործությունը կարտացոլվի ասես հայելում: Նրա վեպերում մենք կլսենք վեպեր գրող կամ կարդացող մարդկանց մասին:

Համանման արտացոլանքը ժամանակակից արվեստի հիմնական բնութագրերից մեկն է. վեպ` վեպի մասին, թատրոն` թատրոնի մասին, կինոնկար` կինոնկարի մասին, դա շատ բանով նման է նախորդող դարաշրջանների արվեստին, մասնավորապես` բարոկկոյին, երկու դեպքում էլ հարցերի այդպիսի միակցումը ինքն իր վրա` աշխարհի փոփոխման պատասխանն է:

Միակցումը, որ չի ենթադրում եւ ոչ մի սահմանափակում, եւ ոչ էլ կորացում այլոց հանդեպ, ոչ միայն այն պատճառով, որ հենց նրանց մեջ գրողը դրսեւորում է մեզ իր գրողներին, բայց ու այն պատճառով, որ բոլոր մյուսները որոշ չափով արդեն գրողներ են, նա մեզ պատմում է եւ նրանց մասին:

Նրանք արդեն երաժիշտներ են, արդեն նկարիչներգ եւ ստեղծագործության ներսում ծնվում է ոչ թե հորինված արվեստի ստեղծագործությունը, այլ բեկված պատկերների մի ողջ համակարգ: Դեպ անվերջություն ձգվող պարզ հեռանկարը (վեպը` վեպի մասին)` այդ համակարգի միայն սկզբնական մակարդակն է:

Շարունակելի