ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Հ. Քլինթոնի հետ հանդիպումից հետո Ա. Դավութօղլուն լրագրողներին հայտնել է, որ «մանրամասն քննարկվել է իրադրությունը Հարավային Կովկասում, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ստեղծված իրավիճակը»: Սակայն հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած սղագրության` Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման մասին չեն խոսել ո՛չ Քլինթոնը եւ ո՛չ էլ Դավութօղլուն: Ի դեպ, ըստ «Հյուրիեթի»` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ Հ. Քլինթոնը հայտարարել է, թե ԱՄՆ-ը մտադիր է վերակենդանացնել Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցման գործընթացը եւ խրախուսել կողմերին շարունակել այն: