Կուսակցականացնո՞ւմ են

19/07/2011

Մեր տեղեկություններով` Սյունիքի մարզի Կապան քաղաքի մանկապարտեզներում արդեն սկսել են, այսպես ասած, նախընտրական քարոզարշավը: Ըստ որոշ մանկապարտեզների աշխատակիցների՝ հատկապես վերջերս Կապանի մանկապարտեզներում աշխատանքի են ընդունում նրանց, ովքեր խոստանում են համալրել Դաշնակցության (ՀՅԴ) շարքերը: Մեր զրուցակից աշխատակիցները նաեւ ընդգծեցին, որ նախակրթարաններում աշխատանքը պահպանում են այն աշխատակիցները, ովքեր ՀՅԴ-ից են: Ի դեպ, նշենք, որ Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը եւս ՀՅԴ անդամ է: Երեկ այս մասին փորձեցինք հետաքրքրվել Կապանի քաղաքապետարանից: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Կապանի քաղաքապետարանի նման կեցվածքը, քաղաքապետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Անուշ Սիմոնյանը պատասխանեց. «Այդպիսի բան չկա: Ես բաժնի պետն եմ եւ հավաստիացնում եմ Ձեզ, որ չկա այդպիսի բան: Ես պնդում եմ դա, որ եթե լիներ` ես տեղյակ կլինեի: Մեր քաղաքապետը կուսակցական հարցեր բացարձակապես չի շոշափում»: