«Շախմատային լեզվով ասած` առաջին պարտիան ավարտված է: Երկրորդ պարտիան սկսել են իշխանությունները, եւ նրանք` հանձինս Սերժ Սարգսյանի, փրկեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին ցուգ-ցվանգից` ստեղծելով աշխատանքային խումբ կոալիցիայի մակարդակով: Ընդդիմությունը հիմա ոչ թե Հովիկ Աբրահամյանի հետ, այլեւ նրա լիազորած անձանց հետ է երկխոսում, այսինքն, մի մակարդակ ցածր»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Նրա խոսքով` կգա մի ժամանակ, երբ երկուսին էլ ձեռնտու չի լինի շարունակել բանակցությունները, եւ ամեն մեկը ժամանակ կշահի իր դիրքերը պահելու համար: «Այսօր իրենք իրար օգնում են դիրքերը պահելու հարցում»: «Լեւոն Տեր-Պետրոսյանը մինչեւ այս մարտավարությունն ընտրելը պետք է ներողություն խնդրեր «Մարտի 1»-ի զոհերից, եւ նոր միայն քայլեր աներ. այս երկխոսությունը պետք է լիներ «Մարտի 1»-ից առաջ»,- ասել է նա` հայտարարելով, թե «Մարտի 1»-ի համար երեք նախագահներն էլ պատասխանատու են: Ի դեպ, նա ՀԱԿ-ին առաջարկել է «գրազ գալ», որ արտահերթ ընտրություններ չեն լինի. «Եթե լինեն արտահերթ ընտրություններ, ես կվճարեմ ՀԱԿ-ի գրավը, եթե ոչ` իրենք թող վճարեն մեր կուսակցության նախընտրական գրավը»: