Ընտանեկան բժշկությունը` նաեւ Արցախում

11/11/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ղարաբաղում հովանավորների ջանքերով ծրագրեր են իրականացվում նաեւ բժշկության բնագավառում: Վերջերս Ստեփանակերտի Հանրապետական ծննդատանը հրավիրված «Ընտանեկան բժիշկների կլինիկական օր» սեմինարի թեման Ղարաբաղում ընտանեկան բժշկության զարգացումն էր: Այն կազմակերպվել էր «Ձեռք ձեռքի» հասարակական կազմակերպության, «Օնտարիոյի հայ-կանադական բժշկական միության», ԼՂՀ Առողջապահության նախարարության եւ Ղարաբաղի բժիշկների միության նախաձեռնությամբ:

«Օնտարիոյի հայ-կանադական բժշկական միության» նախագահ, ընտանեկան բժիշկ Ավետիս Պողոսյանի խոսքերով, սեմինարի անցկացման գաղափարը ծնվել էր դեռեւս մեկ տարի առաջ: Հայտնի է, որ կանադացի բարերարները նպատակ ունեն Արցախում զարգացնել հայտնի ընտանեկան բժշկությունը, եւ այս ուղղությամբ մշակված ռազմավարությունը տեղ է գտել ԼՂՀ առողջապահության համակարգի 2006-2010 թթ. զարգացման ծրագրում:

Նշենք, որ Օնտարիոյի, Կանադայի, Ամերիկայի, Լիբանանի, Ֆրանսիայի եւ մի շարք այլ երկրների հայ բժշկական կառույցների շնորհիվ Արցախի առողջապահական համակարգը վերականգնվեց եւ զարգացում ապրեց. նրանց նյութական, մասնագիտական եւ բարոյական աջակցությամբ Ստեփանակերտում եւ ԼՂՀ տարբեր բնակավայրերում ներկայումս գործում են բարեգործական բժշկական հաստատություններ: Բարեգործական ատամնաբուժական կլինիկաներ են գործում նաեւ Հադրութ եւ Շուշի քաղաքներում: Շուշիի բնակչուհի Արմինե Սարգսյանը գոհունակությամբ է խոսում հայ բժիշկների բարեգործության մասին, նշելով, որ դա մեծ օգնություն է պատերազմի բովով անցած եւ այսօր էլ այդ հինավուրց քաղաքում սոցիալապես ոչ բավարար վիճակում ապրող մարդկանց համար: Օնտարիոյի եւ Բոստոնի «Հայ բժիշկների միության» հովանավորությամբ հոկտեմբերի 29-ին ատամնաբուժական կլինիկա բացվեց Մարտունի քաղաքում, իսկ առաջիկայում կբացվի նաեւ Մարտակերտում: Ի դեպ, բարերարները նպատակ ունեն Արցախում բացել նաեւ արյան ճնշման եւ էպիլեպսիայի բուժման կենտրոններ: