ՀԱԿ-ին մնաց երկու կանգառ. մետրոյով

19/07/2011

«Ես հայկական սերիալներ չեմ նայում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` ՀԱԿ-իշխանություն բանակցությունները մեկնաբանելու լրագրողների խնդրանքին ի պատասխան: Նա չի ցանկացել գնահատել Կոնգրեսի եւ իշխանությունների երեկվա հանդիպումը` հայտարարելով. «Կարծում եմ` Հանրային խորհրդից մինչ Բաղրամյան 19 կամ Բաղրամյան 26 այնքան էլ հեռու չէ, ընդամենը մետրոյով երկու կանգառ է»: Ա. Մարտիրոսյանը նաեւ ասել է, թե ՀԱԿ-ի եւ իշխանության երկխոսությունը հասարակության հետ որեւէ կապ չունի եւ մինչեւ հիմա հասարակության համար որեւէ խնդիր չի լուծել: «Այս երկխոսությունը միտված չէ հասարակության խնդիրների լուծմանը… Եվ կարեւորը ոչ թե երկխոսությունն է, այլ այն մնացած ամեն ինչը, ինչը որ կարող ենք անել մենք բոլորս»,- ասել է նա` ավելացնելով, թե «Ժառանգությունը» պատրաստ է համագործակցել բոլոր այն ուժերի, հասարակական խմբերի, անհատների եւ անձերի հետ, որոնք պայքարում են ոչ թե իշխանափոխության, այլ «բանաձեւի փոփոխության» համար: «Պետք է պայքարել համակարգափոխության համար»,- հայտարարել է Ա. Մարտիրոսյանը` ավելացնելով, որ կարեւորն այսօր երկրի կառավարման համակարգը փոխելն է: Ա. Մարտիրոսյանն անդրադարձել է նաեւ ԿԸՀ նոր կազմին, որը, ըստ պատգամավորի, խոսում է այն մասին, որ ընտրական գործընթացներում «բացասական աշխատանքի տենդենցը պահպանվեց»: «Սա լուրջ մարտահրավեր է հասարակությանը»,- ասել է Մարտիրոսյանը` բացատրելով, որ եթե իշխանությունը քաղաքական խնդիրները չի հանգուցալուծում քաղաքական միջոցներով, այսինքն` ընտրությամբ, միշտ էլ առաջանում է հակազդեցություն: «Իշխանությունները եւս մեկ անգամ հիմք դրեցին ոչ դրական քաղաքական գործընթացների համար»,- ասել է «Ժառանգության» պատգամավորն` ավելացնելով, որ այս հարցում իշխանություններին օգնեցին նաեւ միջազգային կազմակերպությունները: Ա. Մարտիրոսյանը դժգոհություն է հայտնել նաեւ, որ չի ընդունվել ընտրական հանձնաժողովները կուսակցական համամասնությամբ ձեւավորելու իրենց առաջարկը, եւ իշխանությունները նախապատվությունը տվել են մասնագիտական հանձնաժողովներին: «Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանությունը պատրաստ չէ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել»,- ասել է Ա. Մարտիրոսյանը` հասարակությանն ու քաղաքական ուժերին կոչ անելով պայքարել առաջիկա ընտրություններն արդար եւ ազատ անցկացնելու համար: Ըստ Ա. Մարտիրոսյանի, որքան էլ «Ժառանգությունը» պայքարեց ընտրական հանձնաժողովների դեմ, իշխանություններն օգտագործեցին փրկօղակը, այն է` ՀԱԿ-ի առաջարկը: «Գարեգին Ազարյանի ընտրությունը ամեն ինչի մասին վկայում էր: Դատարանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ կես գրամ անկախություն չունի, եւ Հայաստանում որեւէ անկախ մարմնի մասին խոսելը հեքիաթ է»,- հայտարարել է նա: