Երեկ վերջապես կայացավ ՀԱԿ-ի պատվիրակության եւ իշխող կոալիցիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որը տեղի ունեցավ ժամը 16-ին «Էրեբունի պլազա» հյուրանոցում տեղակայված Հանրային խորհրդի նիստերի սրահում:
Այդ հանդիպումը ոչ միայն ամառային այս թեժ օրերի ներքաղաքական կարեւորագույն իրադարձությունը դարձավ, այլ այն նաեւ կարելի է պատմական համարել, որովհետեւ 2008թ. նախագահական ընտրությունների ու դրան հաջորդած մարտի 1-ի դեպքերից 3 տարի հետո ստեղծված քաղաքական ճգնաժամի պայմաններում ընդդիմությունն ու իշխանությունը փորձում են անմիջական քննարկում կազմակերպել: Եվ երկխոսության մասին Կոնգրեսի պաշտոնական հայտարարությունից ուղիղ մեկուկես ամիս հետո ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչները երեկ առաջին անգամ ձեռք սեղմեցին եւ դեմ դիմաց նստեցին բանակցային սեղանի շուրջ: Հիշեցնենք, որ հունիսի 2-ին ՀԱԿ-ը ներկայացրել էր իր պատվիրակության կազմը` Լեւոն Զուրաբյան, Դավիթ Շահնազարյան, Վահագն Խաչատրյան, Ֆելիքս Խաչատրյան եւ Սամվել Աբրահամյան: Կոալիցիայի պատվիրակությունը կազմվեց հուլիսի 9-ին` ՀՀԿ-ից` Դավիթ Հարությունյանը եւ Գագիկ Մինասյանը, ԲՀԿ-ից` Վարդան Բոստանջյանն ու Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ-ից` Մհեր Շահգելդյանը եւ Խաչիկ Հարությունյանը:
Երեկ մոտ 2 ժամ տեւած դռնփակ քննարկումից հետո Կոնգրեսի եւ կոալիցիայի պատվիրակության ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ այս անգամ իրենք ընդամենը մտքեր են փոխանակել երկխոսության շուրջ իրենց պատկերացումների մասին: Երկխոսության օրակարգը չի ձեւավորվել, դրա շուրջ քննարկում, մեծ հաշվով, տեղի չի ունեցել: Բացի այդ, հստակեցրել են, թե կողմերից որն ինչ մանդատ կամ ինչ լիազորություններ ունի: ՀԱԿ-ն, օրինակ, մինչ երեկ պահանջում էր, որ կոալիցիոն պատվիրակությունը լիազորված լինի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, քանի որ երկխոսության համար իրենց կողմից օրակարգային համարվող արտահերթ ընտրությունների եւ դրա արդյունքում լեգիտիմ իշխանություն ձեւավորելու հետ կապված որոշումը միայն նա կարող է կայացնել: Մինչ երեկվա հանդիպումը կոալիցիայի պատվիրակության լիազորությունների մասին որեւէ մեկնաբանություն չէր եղել: Եվ երբ շաբաթ օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպման ժամի եւ վայրի մասին հայտարարություն արեց, Կոնգրեսից պատասխան հնչեց, թե իրենք դեմ չեն հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ եւ լսել նրանց, սակայն վերապահումներ ունեն հանդիպման ձեւաչափի ու վայրի վերաբերյալ: «ՀԱԿ-ը պատրաստ էր երկխոսել ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ»,- նշված էր Կոնգրեսի հայտարարության մեջ:
Եվ երեկ իշխանական պատվիրակության ղեկավար Դ.Հարությունյանը պարզաբանեց, որ իրենք ներկայացնում են կոալիցիան եւ նախագահին: «Ինչը նշանակում է` գործադիր իշխանությանը, որը ձեւավորվել է կոալիցիայի կողմից, մենք ներկայացնում ենք խորհրդարանական մեծամասնությանը, մենք ներկայացնում ենք հանրապետության նախագահին` որպես կոալիցիայի ղեկավար»,- հայտարարեց նա:
Իսկ Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Լ.Զուրաբյանն ասաց, թե հանդիպման ժամանակ կոալիցիոն պատվիրակությունը որոշ նոր հանգամանքներ է բացահայտել իր լիազորությունների մասին: Եվ երբ նրանք այդ բացահայտումները կդարձնեն հանրության սեփականությունը, իրենք կքննարկեն եւ կոնկրետ պատասխան կտան, թե երկխոսելո՞ւ են նրանց հետ: Բացահայտում ասելով` Լ.Զուրաբյանը հավանաբար նկատի ուներ Դ.Հարությունյանի այն հայտարարությունը, թե իրենք ներկայացնում են նաեւ ՀՀ նախագահին: Եվ Կոնգրեսից երեկ դեռ կոնկրետ պատասխան չհնչեց, որ իրենք բավարարված են կոալիցիայի պատվիրակության լիազորություններով: Ամեն դեպքում, կոալիցիոն պատվիրակությունը դրական գնահատեց երեկվա հանդիպումը: «Բանն այն է, որ մեզ համար այդ երկխոսությունը նոր քաղաքական մշակույթի ձեւավորման հիմքն է: Մենք համարում ենք, որ յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում անհրաժեշտ է, որ լինի հարթակ, երբ իշխանությունն ու ընդդիմությունը քննարկում են իրար հետ: Նման հարթակներ իհարկե կան, այդ թվում եւ` խորհրդարանում: Նպատակը հետեւյալն է. անցնել բացարձակ հակամարտությունից դեպի ավելի համագործակցային աշխատանքի, ինչն ամենեւին չի նշանակում, որ քաղաքական տարաձայնությունները մեր միջեւ հարթվելու են: Բայց նման հարթակը հնարավորություն կտա, որ մենք լսենք միմյանց կարծիքը, խորհրդակցություններ անցկացնենք միասին եւ արտահայտենք մյուսի դիրքորոշման մեր գնահատականը»,- ասաց Դ.Հարությունյանը:
Նա նաեւ ավելացրեց, թե քննարկված «առաջին եւ կարեւոր հարցը քաղաքական մրցակցության փոխադարձ ընդունելի կանոնների ընդունումն է, որոնք հնարավորություն կընձեռեն ավելի քաղաքակիրթ դաշտում գործել»: Իսկ հարցին, թե քննարկվե՞լ է արտահերթ ընտրությունների հարցը, Դ.Հարությունյանը նշեց, որ բնականաբար, ընդդիմությունը ներկայացրել է իր դիրքորոշումը: Նա նաեւ հույս հայտնեց, որ շուտով իրենք կկարողանան գնահատել, թե երեկվա հանդիպումը կունենա՞ իր շարունակությունը, թե՞ ոչ, եւ ավելացրեց, որ իրենց աշխատանքային խումբը լավատես է այս ուղղությամբ: Լ.Զուրաբյանը նույնպես հայտարարեց, որ եթե իրենց համար ընդունելի լինի կոալիցիայի պատվիարկության լիազորությունները, ապա հետագա հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք կբերեն: Ասաց, որ իրենց կողմից ուժի մեջ է մնում կողմերի իրավահավասարության սկզբունքը, թե յուրաքանչյուրը բանակցային սեղանին է դնում երկխոսության իր օրակարգը: «Մենք ունենք մեր լուծումը, դա նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: Մենք հստակ դրա մասին ասացինք, որ այս ամբողջ արատավոր համակարգը, սոցիալ-տնտեսական այս ծանր վիճակը, կոռումպացված այս վիճակը, ոչ հաշվետու այս կառավարությունը հետեւանք են կեղծված ընտրությունների: Ուստի, որպես այս իրավիճակի լուծում, առաջարկում ենք ՀՀ-ում շուտափույթ կերպով լեգիտիմ իշխանության ձեւավորում: Դա այն լուծումն է, որ մենք դնում ենք բանակցային սեղանին, բայց մենք նաեւ համաձայնել ենք, որ կա իրավահավասարություն, նրանք էլ կարող են բերել իրենցը: Հիմա նրանք դեռ որեւէ լուծում բանակցությունների սեղանին չեն դրել»,- ասաց Լ.Զուրաբյանը: Նա նաեւ տպավորություն հայտնեց, թե կոալիցիոն պատվիրակությունը որեւէ հարցի քննարկում չի բացառում: «Այդ թվում` եւ դա»,- շեշտեց Լ.Զուրաբյանը` նկատի ունենալով արտահերթ ընտրությունները: Իսկ հարցին, թե իրենց համար երկխոսության ինչ ժամանակահատվածն է ընդունելի, այսպես պատասխանեց. «Դա շատ հստակ է, մենք ասել ենք, որ եթե մինչեւ սեպտեմբեր որեւէ արդյունք չլինի` արտահերթ ընտրությունների վերաբերյալ կողմնորոշվելը, մենք կհամարենք երկխոսության հնարավորությունները սպառված»:
Հիշեցնենք նաեւ, որ Կոնգրեսին դուր չէր եկել հանդիպման համար ընտրված վայրը` Հանրային խորհուրդը: Եվ Լ.Զուրաբյանը հույս հայտնեց, որ հաջորդ հանդիպումներն ավելի չեզոք վայրում լինեն: «Վայրը կապված էր Հանրային խորհրդի հետ, որը մենք համարում ենք ժամանակին զուտ իմիտացիոն երկխոսություն ստեղծելու խորհրդանիշ: Այդ առումով դա մենք համարում էինք անընդունելի, տհաճ վայր: Բայց ի վերջո ավելի կարեւոր էր դա մի կողմ դնել, եւ մենք որոշեցինք ընդունել, քանի որ նրանք ասելիք ունեն»,- ասաց Լ.Զուրաբյանը:
Ի դեպ, Հանրային խորհրդի հետ միասին նույն հարկում է գտնվում նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը: Եվ մամուլում մեկնաբանություններ էին հնչում, որ այդ վայրը պատահական չի ընտրվել: Արդյո՞ք այս հանգամանքը չի կաշկանդել Կոնգրեսի ներկայացուցիչներին: «Ես չէի իմանում, որ իրա կողքն ենք,- ասաց Լ.Զուրաբյանը` եւ ավելացրեց,- Իրա ականջները շատ երկար են, հիմա լսել է»:
Կոնգրեսի եւ կոալիցիայի պատվիրակությունների հանդիպումը դեռ շարունակվում էր, երբ շենքից դուրս եկավ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Մեր հարցին, թե ինչ սպասելիքներ ունի այս հանդիպումից, նա պատասխանեց, թե ոչ մի ակնկալիք չունի: Նույնիսկ չգիտի, թե ինչի մասին են խոսում: «Հայաստանի վրա իրենց երկխոսության արդյունքները բացարձակապես չեն ազդելու: Հայաստանի պրոբլեմը դա չէ: Բազմաթիվ տնտեսական-քաղաքական հարցեր կան»,- ավելացրեց նա:
Վ.Մանուկյանը չցանկացավ այլ հարցերի պատասխանել: Հյուրանոցի մուտքի մոտից նա նստեց պետական համարանիշերով իր շքեղ ծառայողական մեքենան ու հեռացավ: Հիշեցնենք, որ մինչ Հանրային խորհրդի նախագահ լինելը ընդդիմադիր ԱԺՄ նախագահ Վ.Մանուկյանը շրջում էր սպիտակ «Նիվա» մեքենայով: