Նախկին Խորհրդային Միության տարածքում բնակչության մեծ մասը նախընտրում է իր խնայողությունները պահել ազգային արժույթով: Նման գնահատական է հրապարակել «Gallup» հետազոտական կենտրոնը` հիմք ընդունելով իր կողմից իրականացված վերջին ուսումնասիրության արդյունքները: Ուշագրավ է, որ զեկույցի համաձայն, ազգային արժույթի հանդեպ հավատարմությամբ հայաստանցիները ԱՊՀ-ի տարածքում երկրորդ տեղն են զբաղեցնում. նրանց շուրջ 63 տոկոսն իր խնայողությունները պահում է ազգային դրամով: Ցուցակի առաջին հորիզոնականում Ադրբեջանն է, որտեղ ազգային մանաթը նախընտրում է բնակչության 75 տոկոսը, երրորդ տեղում` Ռուսաստանը, որտեղ ռուբլու կայունության մեջ վստահ է բնակչության կեսից ավելին` 56 տոկոսը: Ամենից քիչ իրենց ազգային արժույթին, ըստ «Gallup»-ի, հավատում են բելառուսները: Այստեղ, ըստ զեկույցի, 22 տոկոսը կամ հինգից մեկն է միայն խնայողությունները պահում բելառուսական ռուբլով, ինչը, ըստ փորձագետների, պայմանավորված է այդ արժույթի` անցած տարվանից սկսված արժեզրկմամբ: Վստահության պակասի առումով երկրորդ տեղում է վրացական լարին. ազգային արժույթով իր խնայողությունները Վրաստանում պահում է բնակչության 28 տոկոսը միայն, ինչը գրեթե երկու անգամ քիչ է Հայաստանում արձանագրված ցուցանիշից: Ուսումնասիրության ընթացքում «Gallup»-ը պարզել է նաեւ նախկին Խորհրդային Միության բնակիչների վերաբերմունքը արտարժույթի նկատմամբ: Ըստ այդմ, տարածաշրջանում առաջատար է շարունակում մնալ ամերիկյան դոլարը, որին վստահում է գրեթե երեք անգամ շատ մարդ, քան եվրոպական միացյալ արժույթին` եվրոյին: Այս ցուցանիշով առաջինը Տաջիկստանն է, որտեղ դոլարով իր խնայողությունները պահում է բնակչության կեսից ավելին` 51 տոկոսը, մինչդեռ եվրոյին հավատում է բնակչության ընդամենը 4 տոկոսը: Գրեթե նույնն է պատկերը նաեւ ասիական մյուս երկրներում: Հայաստանում եւս դոլարին վստահողների թիվը մեծ է` բնակչության 17 տոկոսը, մինչդեռ եվրոյին` 9 տոկոսը: «Gallup»-ի հարցումների համաձայն, ծայրահեղ ցածր է ռուսական ռուբլու վարկանիշը. հավելյալ գումար ունենալու եւ խնայողություններ անելու դեպքում դրան նախապատվություն են տալիս միայն Տաջիկստանում, Բելառուսում, Ղրղըզստանում ու Հայաստանում, սակայն` բնակչության մեկ տոկոսը միայն: «Gallup»-ը ուսումնասիրությունն անցկացրել է 2010 թվականի ընթացքում` մոտ երեք հազար հարցվածների շրջանում: