ԼՂՀ Ասկերանի շրջանում, որտեղ կա 1 քաղաքային եւ 41 գյուղական համայնք, 2005 թ. կապիտալ ներդրումների ծրագրով նախատեսված էր իրականացնել 180 մլն դրամի աշխատանք:
Բացի պետական միջոցներից, այստեղ մի շարք հիմնախնդիրներ լուծվում են բարերարների ու բարեգործական միջոցներով: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերով շրջանում կատարվել եւ ընթացքի մեջ են շուրջ 167 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Շրջվարչակազմի ղեկավար Սամվել Հարությունյանի խոսքերով, Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդի» շնորհիվ շրջանում նորոգվել է 80 բնակարան, կառուցվում եւ նորոգվում են 9 ջրագծեր եւ մեկ ոռոգման ջրատար: Ասկերանը Ղարաբաղի այն շրջաններից է, որտեղ մեծ թափով է իրականացվում գազիֆիկացումը, որի համար նախատեսված 28 մլն դրամի ներդրումային ծրագրերը հասնում են ավարտին: Շրջանի բոլոր համայնքների գազիֆիկացումը նախատեսվում է ավարտել 2006 թ.: «Այս տարի 11,5 մլն դրամի ներդրումներ են կատարվել նաեւ էլեկտրահաղորդման բնագավառում. անցկացվել եւ նորոգվել են նոր գծեր, կատարվել են այլ աշխատանքներ»,- ասում է վարչակազմի ղեկավարը: Հայտնի է, որ Ղարաբաղում վերջին տարիներին շատ էր զարգացած հացահատիկի արտադրությունը, ինչն առավել ցայտուն էր նաեւ այս շրջանում, որի վարչական տարածքներում հողահանդակները կազմում են 27061.0 հա, այդ թվում՝ 13214.0 հա վարելահողեր, որոնք հիմնականում զբաղեցված են հացահատիկային մշակաբույսերով: Ս. Հարությունյանի հավաստմամբ, ընթացիկ տարում շրջանի վարչական տարածքներում եւ նրա սահմաններից դուրս կատարվել է 14162.8 հա հացահատիկայինների ցանք՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 3172.8 հեկտարով: Բնակչությանը սեփականության իրավունքով օգտագործման տրված 7255.0 հեկտար վարելահողի շուրջ 35 տոկոսը տարբեր պատճառներով վերջին տարիներին լիարժեք չի մշակվել:
Կարեւոր աշխատանքներ են տարվում նաեւ շրջանի հողատարածքների ջրարբիացման ուղղությամբ: Հիմնական ծրագիրն Ասկերանի ջրամբարի կառուցումն է, որը ոռոգելի կդարձնի ավելի քան 3000 հա վարելահող: Նախատեսվում է կառուցել նաեւ Բադարա գետի ջրամբարը: 2005-ին պետության միջոցներով Արմենակավանի ջրամբարից ջրատար է անցկացվել, որը հնարավորություն կտա ոռոգելի դարձնել շուրջ 400 հա հողատարածք: